«Շրջանառության մեջ կդրվի ռուսական ռուբլին, դրամ տպելը թանկ հաճույք կլինի»
11:27, April 23, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ասպարեզը» Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու քայլերի վերաբերյալ զրուցել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
-Պարոն Սաքունց, Մաքսային միությանն անդամակցելու դեպքում արդյո՞ք կառաջանան Հայաստանի անկախության եւ պետականության կորստի ռիսկեր:
-Մաքսային միությունը մեր պետականությանն ուղղված մարտահրավեր է: Ավելին, պետք է արձանագրենք, որ Մաքսային միությանն անդամագրվելու դեպքում Հայաստանն արդեն զիջում է իր ինքնիշխանության կարեւոր ատրիբուտները եւ իրեն վերաբերող հարցերում զրկվում է ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասությունից` սահմանափակվելով Մաքսային միության վերազգային մարմինների ընդունած որոշումներով, որտեղ վետոյի իրավունք չենք ունենալու: Նույնիսկ հանրաքվեով չենք կարողանալու ինչ-որ որոշումներ ընդունել: Մինչդեռ, Եվրամիության պարագայում ամեն մի երկիր վետոյի իրավունք ունի: Բացի այդ, Մաքսային միությունը հանձինս Բելառուսի եւ Ղազախստանի, այնպիսի երկրների միավորում է, որոնք ավտորիտար պետություններ են եւ այդ երկրներում ժողովրդավարական ընթացակարգեր գոյություն չունեն: Մաքսային միության պարագայում, որոշումների ընդունումը այնպես է լինելու, ինչպես, ասենք, կցանկանար կայսրը կամ տիրակալը: Նույն Ռուսաստանում եւ Ղազախստանում արժանապատիվ կյանքի համար պայքարող քաղաքացիների բողոքները ճնշվում են իշխանության կողմից: Պատմությունը գնացել է բռնապետությունների վերացման ճանապարհով, իսկ մենք 25 տարի ետ ենք գնում:
-Արդյո՞ք ներքաշվում ենք նոր Սովետական միության կազմի մեջ:
-Խորհրդային միության մեջ, գոնե, ֆորմալ առումով, ինչ-որ բան կար` Հայաստանի, Բելառուսի խորհրդային հանրապետություններ, Ղազախստան: Իհարկե, Պուտինն ուզում է, որ վերականգնի ոչ թե ինքնին Խորհրդային միությունը, այլ ռուսական կայսրությունը: Դու չես կարող ժամանակը ետ պտտես եւ վաղուց արդեն պատմության գիրկն անցած համակարգերը վերականգնես:
-Արդյո՞ք կունենանք բանակի եւ ազգային տարադրամի կորուստ, եթե անդամակցենք ՄՄ-ին:
-Նախ, եթե մենք մտնենք Մաքսային միություն, այն հանդիսանալու է փակ շուկա եւ ռուսական ապրանքների իրացման տարածք: Ոչ Մաքսային միության անդամ երկրների ապրանքները մեր երկիր ներմուծելու համար լուրջ դժվարություններ ենք ունենալու` մաքսազերծման տոկոսներն արտասահմանյան ապրանքատեսակների համար ավելի մեծ են լինելու, քան Մաքսային միության տարածքում արտադրվող ապրանքների համար: Հիմնական դրամական միավորը, որը շրջանառության մեջ է դրվելու, կլինի ռուսական ռուբլին: Դրամ տպելը մեզ համար թանկ հաճույք կլինի: Այս պահին ի՞նչ խնդիր են լուծում ՀՀ զինված ուժերը: Հայ-թուրքական սահման այսօր գոյություն չունի, այն շարունակում է մնալ ռուս-թուրքական կամ խորհրդա-թուրքական սահման: Այդ սահմանի ամբողջ վերահսկողությունն իրականացնում է ռուսական ռազմաբազան: Հայկական զինված ուժերն այսօր պահպանում են հայ-ադրբեջանական սահմանը, Լեռնային Ղարաբաղում եւս մենք ունենք զինվորական ստորաբաժանումներ, որոնք պահպանում են բաժանարար գիծը: Ինչ մնում է բանակին, այն պահելու համար անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, իսկ արտագաղթը մեծ հարված է հասցնում բանակին:
Աղբյուրը՝ www.asparez.am