«Փոխնախարարները Թովմասյանից լավն են»
18:11, May 2, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանն արդեն ունի արդարադատության նոր նախարար:
Խոսքը Հովհաննես Մանուկյանի մասին է:
Armlur.am-ը իրավապաշտպան Արթուր Սաքունցից հետաքրքրվեց` ինչ սպասելիքներ ունի նորանշանակ նախարարից, և ինչպես կգնահատի նախկին նախարարի գործունեությունը:
Իրավապաշտպանը դժվարացավ մանրամասն գնահատական տալ Հրայր Թովմասյանի գործունեությունը, ավելին, ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը, գնացողի ետևից չեն խոսում, բայց որոշ չլուծված խնդիրների մասին մեր զրուցակիցը բարձրաձայնեց:
Քրեակատարողական հիմնարկների գործունեության մեջ, ըստ Սաքունցի, բարեփոխումներ չեղան, դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու առնչությամբ միայն նախագիծ մշակվեց:
«Մյուս կարևոր խնդիրը քրեակատարողական վարչության պետի նշանակման հարցն է: Պաշտոնյան նշանակվում է ՀՀ նախագահի կողմից, չնայած որ քրեակատարողական վարչությունը արդարադատության համակարգի մի մասն է: Կարելի է այդ հարցը բարձրաձայնել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Իրավապաշտպանի խոսքով` նախկին նախարարի ղեկավարման տարիներին նախարարությունը մեծապես շահեց լավ կադրերի հոսքի շնորհիվ. «Փոխնախարարներն ավելի լավն են, քան Հրայր Թովմասյանը: Բավական թարմություն մտցվեց նախարարությունում կադրային հոսքի շնորհիվ: Փոխնախարարները, իրոք, ցանկանում էին փոփոխություն մտցնել արդարադատության ոլորտում, բայց փոխնախարարը չի կարող միայնակ որևէ բարեփոխում անել»:
-Պարո՛ն Սաքունց, արդարադատության նախարարի կարևոր գործառույթը հասարակության մեջ արդարադատության համակարգի հանդեպ վստահության վերականգնումն է:Կարողացա՞վ դա կյանքի կոչել Հրայր Թովմասյանը:
-Ցավոք սրտի, ո՛չ: Հանրային ընկալման տեսանկյունից՝ Թովմասյանը պետք է, իրավական դաշտի ձևավորման համար լինելով առաջնային նախարարության ղեկավար, կարողանար հանրային վստահություն ներշնչեր ու քայլեր ձեռնարկեր: Բայց դա չեղավ:
-Ի՞նչ սպասելիքներ ունեք նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանից:
-Ես փոփոխություններ չեմ ակնկալում՝ կլինի դա Հովհաննես Մանուկյանը, թե՝ Հրայր Թովմասյանը, քանի որ քաղաքական համակարգը նույնն է մնացել: Հրայր Թովմասյանը, եթե ցանկանար փոփոխություններ անել, չէր կարող, չէ՞ որ քրեակատարողական վարչության պետը նախագահն է նշանակում:
Աղբյուրը՝ armlur.am