Կրեմլն անցնում է բացահայտ ԿԳԲ-ական գործելաոճի` «չեզոքացնել». Ըստ վերլուծաբանների, իշխանությունները «ծանր դրության մեջ են»
17:52, May 8, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄաքսային միության ճամփան բռնած Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլոնկինի աղմկահարույց հարցազրույցը, որտեղ վերջինս խոսել է Հայաստանում գործող հայ-ռուսական հարաբերություններում «սեպ խրող» ՀԿ-ների չեզոքացման անհրաժեշտության եւ վերահսկողության մասին, կրկին անգամ բուռն քննարկումների եւ կանխատեսումների առիթ է հանդիսացել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշում է, որ այս անգամ ըստ էության «սպառնալիքներով» դեսպանը Ռուսաստանի անվստահությունն է հայտնում Հայաստանի իշխանություններին` առաջին անգամ օգտագործելով ԿԳԲ-ի հատուկ տերմինը` «չեզոքացնել»:
«Այս կերպ Ռուսաստանը ուղղակիորեն փորձում է Հայաստանում լռեցնել անկախ ձայնը, փոքրաթիվ, սակայն ուժեղ քաղաքացիական հասարակությանը, որին չի հաջողվում ենթարկացնել`կիրառելով ԿԳԲ-ական չեզոքացման մեխանիզմը: Մի հարց, որը արդեն չկա Բելոռուսում, Ղազախստանում, եւ դեռ կա Հայաստանում եւ դեսպանը ուղղակիորեն խախտելով բոլոր նորմերը մտնում է խաղի մեջ»,-«Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Տեղեկացնենք, որ Մոսկվայում լույս տեսնող հայկական «Նոյյան Տապան» («Ноев Ковчег») ռուսալեզու պարբերականի 8-րդ մայիսյան համարում հրապարակված հարցազրույցում Իվան Վոլինկինն մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին:
«Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»,-նշել է նա:
Ի դեպ, ապրիլի 12-ին ՌԴ դեսպանը համերկրացիների յոթերորդ համաժողվի ժամանակ կրկին աղմկահարույց հայտարարություն էր արել, նշելով, թե Ռուսաստանը կկանխի իր «մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» իրականացվելիք ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին»։
«Այս հայտարարությամբ, Վոլինկինն ըստ էության խախտում է խախտում է դիվանագիտական բոլոր նորմերը»,-նշում է Արթուր Սաքունցը:
«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի» ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է պարզաբանում պահանջեն Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինից:
«Պետք է պարոն դեսպանից պարզեն, թե ինքը ինչ ի նկատ ունի: Եթե ինքը նկատի ունի այնպիսի հայտարարություններ, որտեղ ազգամիջյան թշնամանք են քարոզվում, որոնք իրոք սեպ կարող են խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ, թող օրինակներ բերի»,- «Մեդիալաբին» ասում է Բորիս Նավասարդյանը:
Բորիս Նավասարդյանի խոսքով՝ եթե դեսպանը նկատի ունի կարծիքներն ու քննադատությունները, որոնք հատկապես կարևոր են Հայաստանի հասարակության համար, ապա դա հենց այն է, ինչում կայանում է քաղաքացիական հասարակության կոչումը:
«Այդ կոչմանը հակառակ սահմանափակումներ ու միջոցներ ձեռնարկելը խախտում է միջազգայնորեն ընդունված բոլոր նորմերը, մանավանդ եթե այդ կարգի առաջարկությունը գալիս է օտարերկրյա դիվանագետից: Եվ բնականաբար, Հայաստանի իշխանությունները պետք է պարզեն, թե ինչ նկատի ուներ դեսպանը և ըստ դրա նաև որոշ չափով արձագանքեն, թե ինչանով է դա ընդունելի դիվանագետի կարգավիճակ ունեցող անձի համար»,- ասում է Նավասարդյանը:
ՌԴ դեսպանի`նորմերը խախտելու մասին մայիսի 7-ին հայտարարել են նաեւ Հայաստանում գործող մեկ տասնյակից ավել` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան», «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» եւ այլ հեղինակավոր կազմակերպություններ` կոչ անելով իշխանություններին պատշաճ պատասխան տալ:
«ՀՀ իշխանություններից պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին, հասնել նրան, որ վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից,-նշված է հայտարարության մեջ` միաժամանակ հայտարարելով, որ Հայաստանում չկան հայ-ռուսական բարեկամության դեմ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ,- դեսպան Վոլինկինին խորհուրդ ենք տալիս այդպիսի վհուկների դեմ որսը կազմակերպել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս»:
Մինչ մայիսի 9-ին ընդառաջ` Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում, ուր տեղակայված է ռուսական ռազմաբազան, փողփողում են ռուսական դրոշները` ի նշան հաղթանակի օրվան ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ ռուսական զորախմբերի հետ նախապատրաստվելիք զորահանդեսի, Հայաստանի իշխանությունները չեն շտապում ամբողջական մեկնաբանություններ կամ հայտարարություններ անել ՌԴ դեսպանի հայտարարությանն ի պատասխան:
«Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում»,-ի պատասխան Ազատություն ռադիոկայանի հարցի ասել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։
«Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ոչ ոք չի կարող սեպ խրել, դա չի հաջողվի անել ոչ մի ՀԿ-ի»,-մայիսի 8-ին լրագրողներին ասել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` խուսափելով գնահատական տալ ՌԴ դեսպանի հայտարարությանը:
«ՌԴ դեսպանի հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունները խղճուկ իրավիճակում են, քանի որ չեն կարողանալու իրականացնել այն ինչ պահանջում է Կրեմլը սակայն պիտի ինչ որ լուծում գտնեն` իրավիճակից դուրս գալու համար,-ասում է Արթուր Սաքունցը:
«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը նշում է, որ դեսպան Իվան Վոլոնկինի պահվածքի մեջ ցավոք, զարմանալի բան չկա:
«Այն ինչ կատարվում է, միանգամայն տեղավորվում է հայ-ռուսական հարաբերությունների առկա ֆորմատի մեջ,-«Մեդիալաբին» ասում է Մեհրաբյանը,- սա այն ցավալի վիճակն է, որն ունենք: Ռուսաստանը իր ֆաշիստական կարգերը պատրաստվում է փաթաթել Հայաստանի վզին, եւ սա ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության համար պիտի ահազանգը լինի` միավորվելու եւ ուժերը կենտրոնացնելու համար»:
Աղբյուրը՝ medialab.am