«Ոստիկանն ասաց՝ վայ, քաշվել ենք, մի երեխուն մոռացել ենք»
09:53, July 17, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՎերաքննիչ դատարանն այսօրվա նիստում մերժել է Էջմիածին քաղաքի բնակիչներ ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի, ինչպես նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքը՝ Հատուկ քննչական ծառայության կողմից ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ: Այսպիսով, Վերահսկիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ պատճառաբանությունը կողմերին դեռ չի տրամադրվել:
Այս գործը հատկանշական է նրանով, որ նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի օրը, նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա արած Աշոտ Խուդոյանին, նրա կնոջն ու 4 անչափահաս երեխաներին ոստիկաններն ուժով հեռացրել էին նախագահականի դիմացի մայթից:
Այս ընտանիքը ժամանակ առ ժամանակ նստացույց է անում նախագահական նստավայրի մոտ՝ պահանջելով իրենց բնակարանի հետ կապված իրավական խնդիրների արդարացի լուծում: Պուտինի այցի օրը առավոտյան ոստիկաններն ընտանիքի անդամներին ուժով հեռացրել են ակցիայի վայրից: Հեղինե Մակարյանը պնդում է, որ ոստիկաններն իրենց ուժով, իսկ ամուսնուն հարվածելով ու բռնության ենթարկելով են հեռացրել տարածքից:
Այս դեպքից հետո Հելսինկյան քաղացիական ասամբլեայի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով, որպեսզի ՀՔԾ-ն ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողությունների վերաբերյալ գործ հարուցի: ՀՔԾ էին հրավիրվել նաև Աշոտ Խուդոյանն ու Հեղինե Մակարյանը, ովքեր նույնպես հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել: ՀՔԾ-ում նախապատրաստվել էին նյութեր, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր: Հիմնավորումն այն է, որ ոստիկանության աշխատակիցների գործողություններում հանցակազմի բացակայութնան հիմքով քրեական գործի հարուցումը մերժվում է:
ՀՔԾ-ի այս որոշումը Հելսինկյան քաղացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերադասության կարգով բողոքարկվել էր Գլխավոր դատախազություն, սակայն դատախազությունը մերժել էր այն:
Այնուհետև հայց էր ներկայացվել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ կայացվել էր բողոքը մերժելու մասին որոշում: Վերաքննիչ բողոքն ուղղված էր առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:
Հելսինկյան քաղացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակից, Հեղինե Մակարյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը Lragir.am-ին ասաց, որ առաջիկայում նպատակ ունեն դիմելու Վճռաբեկ դատարան: Նրա խոսքով՝ ոստիկանների գործողություններն այդ օրն իրավաչափ չեն եղել:
«Ոստիկաններն Աշոտ Խուդոյանի ընտանիքին տարածքից հեռացնելու իրավունք չունեին, քանի որ դա հանրային տարածք է համարվում, ցանկացած անձ իրավունք ունի գտնվելու այդ տարածքում: Ակցիայի իրականացման հետ կապ չունի, այդ օրը որևէ երկրի պաշտոնական պատվիրակություն է ժամանում Երևան, թե ոչ: Այդ տարածքում իրենք իրավունք ունեին գտնվել և օգտվելով հավաքների ազատության իրավունքից՝ ակցիա իրականացնել: Նրանց տեղափոխումը բռնությամբ է կատարվել, որի վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակումներ և տեսագրություններ կան»,- ասաց Տաթևիկ Սիրադեղյանը:
Նախքան դեպքը, ոստիկանության աշխատակիցներն այս ընտանիքի անդամներին խնդրել, հետո հորդորել են հեռանալ տարածքից՝ նշելով, որ Վլադիմիր Պուտինն է գալիս Երևան: Նրանք հրաժարվել են հեռանալ, իսկ արդեն դեկտեմբերի 2-ի առավոտյան ոստիկանները նրանց ուժով են հեռացրել տարածքից:
«Դեկտեմբերի 2-ի առավոտյան՝ ժամը 06:15-ի սահմաններում, մեզ ոստիկանները բռնությամբ առևանգեցին նախագահական նստավայրի դիմացից: Ամբողջ գիշեր ոստիկանների խումբը քաղաքացիական հագուստով մեզ էր հսկում, անընդհատ գալիս էին, մեզ տեղեկացնում, թե քանի որ Պուտինը գալիս է, պետք է տարածքը լքեք: Մենք ասել ենք, որ 4 օր է, ինչ գիշերում ենք փողոցում՝ 8 ամսական երեխան ու մնացած անչափահաս երեխաները մեզ հետ, դուք ուշադրություն չեք դարձրել այդ հանգամանքի վրա: Հիմա՞ եք հիշել, երբ Պուտինը գալիս է, եկել ու մեզ ուժով տեղահան եք անում: Ոստիկանության աշխատակից Մկոյանը մեզ ասաց՝ եթե չլքեք տարածքը, հարկադրաբար կհանենք: Մենք հրաժարվեցինք լքել տարածքը»,- պատմում է Աշոտ Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը:
Նրա խոսքով՝ այդ օր ոստիկաններն իր ամուսնուն հարվածել են, բռնություն են գործադրել, Աշոտ Խուդոյանի մեջքին սպիներ են մնացել, բայց Հատուկ քննչական ծառայությունն այս ակնհայտ փաստերը հաշվի չի առել: «Ինձ ուժով ոտաբոբիկ են տարել, ամուսնուս՝ հարվածելով գլխին ու մեջքին: Վկաներ կան, բայց այս բոլոր փաստերը հերքվում են»,- ասաց Հեղինե Մակարյանը:
Աշոտ Խուդոյանին, նրա կնոջն ու երեք անչափահաս երեխաներին տարածքից հեռացնելուց հետո ոստիկանները պարզել են, որ բողոքի ակցիայի վայրում են մոռացել նրանց 8 ամսական երեխային: «Մեզ ճանապարհին ասել են՝ քանի՞ երեխա ունեք, ասել եմ՝ 4: Ոստիկանն ասաց՝ վայ քաշվել ենք, մի երեխուն մոռացել ենք էնտեղ»,- պատմում է Հեղինե Մակարյանը:
Հետագայում ոստիկաններն այս դեպքն այնպես են ներկայացրել, թե ամուսինները դիտավորյալ են դեպքի վայրում մոռացել իրենց մանկահասակ երեխային:
Տաթևիկ Սիրադեղյանի խոսքով՝ դեպքի վայրում է եղել նստացույց անող Էմմա Սահակյանը, ով վերցրել է երեխային և չի ցանկացել նրան տալ ոստիկաններին:
«Ոստիկաններն այդ գործողությունները նկարահանել են, այնտեղ երևում է, որ Էմմա Սահակյանը չի ցանկանում երեխային տալ: Եթե նախկինում չէր եղել բռնություն, այդ կինը որևէ պատճառ չէր ունենա հրաժարվել երեխային տալ ոստիկաններին: Ընդ որում, այդ ոստիկանները քաղաքացիական հագուստով են եղել, չեն ներկայացել, չեն հայտնել իրենց անուն-ազգանունը: Դա վկայում է ոստիկանների կողմից բռնության գործողությունները թաքցնելու մասին»,- նշեց Տաթևիկ Սիրադեղյանը:
Նրա խոսքով՝ Աշոտ Խուդոյանի մարմնի վրա առկա վանսվածքների հետքերը նույնիսկ դեպքից 2 ամիս անց պահպանված են եղել: Երբ հաղորդման հիման վրա դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, դրանք հայտնաբերվել են, պարզապես վաղեմության ժամկետը հնարավոր չի եղել որոշել: Սակայն դեպքից անմիջապես հետո արվել են տեսագրություններ, որոնք փաստում են, որ վնասվածքներն այդ օրն է նա ստացել:
Հելսինկյան քաղացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կասկածներ ունի, որ Գլխավոր դատախազությունը չի ցանկանում, որպեսզի կազմակերպությունը զբաղվի այս գործով: Տաթևիկ Սիրադեղյանի խոսքով՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշմամբ Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչը հստակ նշել էր, որ որոշումն ուղարկվում է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին և բացատրվել է բողոքարկման իրավունքը:
«Հետագայում, երբ մենք բողոքով դիմել ենք Գլխավոր դատախազություն, մեզ գրությամբ պատասխանել են՝ քանի որ կազմակեպրության նախագահ Արթուր Սաքունցի իրավունքները և շահերը չեն շոշափվել, հետևաբար բողոքը չի կարող քննվել: Բայց վարույթն իրականացնող մարմինն ըստ էության ընդունել էր, որ Արթուր Սաքունցը հանդիսանում է որպես հանցագործության մասին հաղոդրում ներկայացնող անձ, հակառակ դեպքում իրեն չէր բացատրվի բողոքարկման իր իրավունքը: Այստեղ Գլխավոր դատախազության միտումն ենք տեսնում՝ խոչըդոտելու, որպեսզի կազմակերպությունը չզբաղվի այս գործով»,- ասաց Տաթևիկ Սիրադեղյանը:
Հոդվածը պատրաստվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Հոդվածը պատրաստել է Lragir.am-ի լրագրող Ռոզա Հովհաննիսյանը