«Ամեն ինչ բավական լուրջ է»
17:29, July 18, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՔարվաճառի շրջանում դիվերսիոն խմբի ներթափանցումից ու համապատասխան քայլերի ձեռնարկումից հետո խմբի վնասազերծումը թեեւ բարեհաջող ավարտ ունեցավ, սակայն հայկական կողմը եւս կորուստներ կրեց: Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ դիվերսանտները 17-ամյա երիտասարդ՝ Սմբատ Ցականյանին սպանել են ձերբակալված դիվերսանտներից մեկի հոր գերեզմանի վրա:
Սակայն տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ. Տվյալ տեղանքում բացարձակ անթափանցելիություն ապահովել ուղղակի հնարավոր չէ, բայց ի՞նչ քայլեր է հարկավոր բնակչության պաշտպանվածության առումով Hayeli.am-ը հետաքրքրվեց իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցից. «Առաջին հերթին հարկավոր է տեխնիկական զինվածությունն ապահովել, այսինքն ինչը մարդը չի կարողանում անել, կանխել: Պետք է տեսախցիկներով եւ համապատասխան այլ սարքավորումներով տարածքը զինել, հատկապես որ համաշխարհային տեխնիկան բավական զարգացած է» պատասխանեց իրավապաշտպանը:
Այս մեթոդի կիրառումը ըստ մեր զրուցակցի՝ արդյունավետ կարող է լինել հատկապես նկատի ունենալով մեր եւ հակառակորդի բանակների թվաքանակի տարբերության հանգամանքում.«Սա գործողությունների կանխարգելման եւ բացահայտման առումով բավական դրական տեղաշարժ կարող է բերել»:
Քարվաճառը շուրջ 2 հազար քառակուսի կմ ունեցող շրջան է, որտեղ ապրում է մոտ 2-2,5 հազար հայ, ու այդպիսի թերի բնակեցման պայմաններում անգամ տարածքի խորքը ներթափանցած դիվերսանտին հայտնաբերելը բավականին բարդ է: Քարվաճառի` աղմուկ հանած դիվերսիաների վերաբերյալ, սակայն, հասարակական վերաբերմունքը միատար չէ, կասկածներ հնչեցին, որ հայկական սահմանամերձ գյուղեր ներթափանցած խմբերը իրական դիվերսանտներ չեն հիշեցնում եւ այսպիսի գործողությունները կազմակերպվում են հայկական եւ ռուսական կողմերի փոխպայմանավորվածությամբ, որպեսզի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվեն ռուսական խաղաղապահ զորքերը:
Անդրադառնալով հակասական տեղեկությունների Արթուր Սաքունցը նկատեց, որ դա պայմանավորված է պետական ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների անվստահության գործոնով .«Առաջին հերթին մարդկանց թերահավատության համար մեղավոր են պետական ինստիտուտները, որովհետեւ դրանց զուգահեռ անվտանգության ծառայությունները զբաղվում են ներքին քաղաքական պատվերների շրջանակում, բնականաբար իրենց նկատմամբ չի կարող վստահություն լինի: Սակայն նայելով տեսագրությունները եւ տեսնելով տեխնիկական միջոցները, որոնք ունեցել են այդ դիվերսանտները, կարող եմ ասել, որ ամեն բան բավական լուրջ է» ասաց նա:
Ազատամարտիկ, պահեստազորի սպա, նախկին զինվորական, ավագ դասախոս Արթուր Եղիազարյանը կարծում է, որ հասարակության մեջ առաջացած խառնաշփոթը հիմնականում նրանից էր, որ դիվերսիա ասելով` անտեղյակ մարդիկ պատկերացնում են հատուկ պատրաստված զինվորական անձանց: «Մի կողմից դա ճիշտ է, որովհետև դարեր առաջ դիվերսիան ծնվել է որպես ռազմավարական գործելաոճ, երբ հակառակորդի հիմնական ուժերին շեղելու համար, մի այլ, փոքրաթիվ, ավելի լավ պատրաստված խմբով հարված էին հասցնում ինչ որ մի կետի` հակառակորդի ուշադրությունը շեղելու համար: Բայց հետագայում, երբ հայտնվում է պայթուցիկը, այդ տրամաբանությունը փոխվում է: Դիվերսանտները կարող են հագնված լինել տարբեր կերպ ու առաջին հայացքից ոչնչով չտարբերվել հասարակ քաղաքացուց: Դիվերսանտը կարող է լինել հասարակ զբոսաշրջիկի տեսքով, որը, գալով քո երկիր, կարող է մի սրվակ ինչ-որ քիմիական նյութով վարակի ինչ-որ ջրամբար և դրանով լուրջ վնասներ պատճառի: Ահաբեկչական գործողություններն էլ են դիվերսիա, այսինքն` մենք պետք է սա չդիտենք որպես ռազմական գործողության տարր»:
Աղբյուրը՝ hayeli.am