«Հետեւից գրկելով, սիրելով, առանձնացրել եմ, տարել մի կողմ». Շանթ Հարությունյանի գործով տուժող ոստիկանների ցուցմունքները
14:49, July 23, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, ՔաղբանտարկյալներԵրեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատավարությունը եւ տուժողների հարցաքննությունը: Հարցաքննվել է տուժող ոստիկան Խաչատուր Ավետիսյանը:
Նա իր ելույթում նշել է, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Շանթ Հարությունյանին: Ինքը հերթապահել է ծառայողական մուտքի մոտ, ուր հասնելով, ըստ նրա ցուցմունքի, Շանթ Հարությունյանը ընկերների հետ փորձել է ներխուժել. «Փայտով հրեց , միանգամից սկսեցին պայթուցիկները գցել, պայթեցնել, բղավել: Այդ ընթացքում եւս մի քաղաքացիական անձնավորության փայտով հրեցին,տապալեցին գետին, այնտեղ բղավոցներ եղան, թե միլիցեն է խփել»:
Այսքանով նրա ելույթն ավարտվեց, ամբաստանյալ Շանթ Հարությունյանը օգտվելով հարց տալու իրավունքից` ճշտում կատարեց. «Ես փետով չխփեցի, իրանք վզից քաշեցին, ոստիկանը էդ շառը չթողնի մեր վրա»,-նշեց նա, որին տուժող ոստիկանը արձագանքեց. «Պարո՛ն Հարությունյան, դա ձեր տեսակետն է, ես չեմ ասել, որ խփել եք, այլ հրել եք»:
Այնուհետեւ, մյուս ամբաստանյալները եւս հարցեր հնչեցրին` բարձրաձայնելով այն, որ բոլոր հարցաքննվողները միանշանակ խոսում են գոռոցների մասին, ինչ-ինչ արտահայտությունների, բայց որեւէ տեսագրության մեջ դա արձանագրված չէ:
«Տարբեր տեղեր են եղել, բայց չգիտես ինչու լսել են, որ գոռոցներ են եղել, խփել են, դուք տեսագրությունը տեսե՞լ եք, որեւէ տեղ ձայնագրությունը կա՞, որ ըտենց բան է ասել, յոթանասուն հոգի ո՞նց կարող է լսած լինեն, բայց մի հատ կամերա չարձանագրի, սա հիմա ձեր երեւակայության արդյո՞ւնքն է, հանձնարարությո՞ւն է, թե՞ դաս է»,-հարց ուղղեց ամբաստանյալ Վարդան Վարդանյանը, որին ոստիկանը պատասխանեց. «Ես լսել եմ, որովհետեւ մոտ եմ կանգնած եղել»:
Այնուհետ հարցեր հնչեցին երթի մասնակիցներին քաշքշելով մայթ դուրս բերելու մասին, ինչին տուժողն արձագանքեց հեգնանքով. «Ես հետեւից գրկելով, սիրելով, ինչպես դուք եք ասում, առանձնացրել եմ, տարել եմ մի կողմ»:
Ապա տեղի ունեցավ տուժող ոստիկան Էվրիկ Լոնսկիի հարցաքննւթյունը, ով պատմեց հետեւյալը. «Ծառայության մեջ էի, սպասում էինք, որ ուղեկցենք երթը ծառայողական մուտքի մոտ, պատրաստվել էինք ուղեկցելու, դրանից հետո շարժվել են դեպի ծառայողական մուտք, որի հետո պետք է շարժվեին նստավայր,երբ դուրս եկան ծառայողական մուտքի մոտ, մի քանիսը դուրս եկան Մաշտոցի պողոտա, այդ ժամանակ Շանթ Հարությունյանը փորձեց անցնել, սկսվեց խառնաշփոթ, ինչ-որ պայթուցիկներ, մենք փորձեցինք կանխել ադ ամենը, կարգազանց մասնակիցներին դուրս բերել ճանապարհից»:
Ապա ներկայացրեց. «Մի հոգի կար, որ ուզում էր փայտով խփել, կանխեցի, հետո պարզեցինք, որ դա եղել է ոմն Ալեք Պողոսյանը»:
Արդեն հարցաքննության ժամանակ ամբաստանյալ Ալեք Պողոսյանը հարց ուղղեց տուժողին. «Դուք ձեզ տուժող ճանաչո՞ւմ եք»: Դատավորը հարցը հանեց` համարելով, որ տուժողը դատավարական կարգավիճակ է, եւ այդ մասին հարցնելն անիմաստ է: Ամբաստանյալի հաջորդ հարցը եղավ. «Ինձնից վնասվածքներ ստացե՞լ եք», պատասխանը եղավ` ոչ, հաջորդ հարցը եւս դատավորը հանեց, քանի որ ամբաստանյալը հարցնում էր`«Թույլ կտա՞ք ձեր մոտ ծառայել»:
Տուժողի հարցաքննությունն ավարտելուց հետո դատավորը հայտարարեց, որ տասներեքերորդ վկան է հարցաքննվելու, ոմանք ուշադրություն հրավիրեցին տասներեք թվի վրա՝ ասելով, թե այն լավ թիվ չէ, հետեւաբար ընդմիջում խնդրեցին, դատավորը ընդառաջեց:
Աղբյուրը՝ galatv.am