Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո գտնվող դատավորը չի կարող անկախ լինել. Արթուր Սաքունց
16:11, August 29, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր արդարադատության նախարարությունն անցկացրեց հանրային քննարկում՝ Դատավորների թեկնածուների միջև սեռային հավասարակշռության մասին որոշման նախագծով նախատեսված գործողությունների ծրագրի և «Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին որոշման նախագծի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էր նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով նշեց, որ դեռ ծանոթ չէ դատավորների էթիկայի կանոնները սահմանող նոր օրենքին, բայց հույս հայտնեց, որ այդ կանոնները կազմելուց առաջ` հաշվի առնված կլինեն այն ռիսկերը, որոնք առկա են:
Խոսելով դատավորի վարքագծի այն կետից, որով դատավորը չպետք է ընդունի կամ պահանջի նվեր, կամ պետք է ողջամտության սահմաններում տեղեկացված լինի իր ընտանիքի անդամների ֆինանսական գործունեությունից, ասաց, որ այսօրվա բոլոր դատավորները զբաղվում են բիզնեսով. «Եթե դատավորը բիզնես չունենա, երբեք չի կարող ապրել»,- նշեց Սաքունցը և հավելեց, որ երբ նայում ենք դատավորների հայտարարագրերը, միանգամից պարզ է դառնում, որ նրանք միայն աշխատավարձով չեն ապրում:
Նա նաև անդրադարձավ դատավորների անկախությանն ու անաչառությանը և հավաստեց, որ Հայաստանում դատավորներն անկախ չեն. «Ո՞նց կարող են դատավորներն անկախ լինել, եթե գտնվում են Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողության ներքո: Ո՞նց չենթարկվի այն մարդուն, որն իրեն պաշտոն է տվել: Դուք ասում եք դատավորը պետք է անկախ լինի, բայց նա պարտավոր է ենթարկվել Սերժ Սարգսյանին, հիմա այդ մարդն իր գլուխը, ո՞ր պատով տա»,- ասաց Սաքունցը:
Նշենք, որ Սաքունցի ելույթի ժամանակ Դատական դեպարտամենտի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանն անընդհատ ընդհատում էր Սաքունցին` հորդորելով, որ կոռեկտության սահմաններում խոսի:
Աղբյուրը ` newsbook.am