Կամ բրնձով շիլա, կամ խաշած բրինձ. կյանքը հոգեբուժարանում
16:19, September 27, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանի նյարդահոգեբուժական հաստատություններում վիճակը մտահոգիչ է։ Անորակ դեղեր, միանման սնունդ, վատ վերաբերմունք: Այդ մասին է փաստում «Հիվանդանոցը երբեք չի կարող տուն դառնալ …ոչ ոքի համար» խորագրված զեկույցը, որը պատրաստել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
«Բուժհաստատություններում պատշաճ բուժման եւ խնամքի բացակայությունն առկա է,- նշեց Հայաստանի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոնիթորինգի մասնագետ Մարիետա Թեմուրյանը։-Նման պայմաններում հիվանդի վիճակը չի կարող բարելավվել։ Բացահայտվեց, որ հիմնականում հայրենական դեղամիջոցներով է մատակարարվում հաստատությունը, եւ շատ մասնագետներ գտնում են, որ անարդյունավետ եւ անորակ է»,- ասաց մոնիթորինգի մասնագետը։
Հիվանդը գոհ չի կարող լինել, երբ սննդակարգը չի փոփոխվում. «Նույնիսկ երկու օր անընդմեջ ճաշացանկում ոչինչ չի փոխվել, երրորդ օրն էլ բրնձով շիլան փոխարինվել է խաշած բրնձով։ 10 օրվա ընթացքում մի անգամ են խաշած միս կերել»։
Բայց ամենամտահոգիչը հիվանդների նկատմամբ վերաբերմունքն է։ Երբ այս մասին դիտարկում իրականացնողները բարձրաձայնել են, նույն վերաբերմունքի իրենք են արժանացել։
«Եկավ մի պահ, որ մեզ էլ էին ասում զառանցում եք, մեզ էլ է թվում, որ չենք նկատել։ Ծեծի ականատես եղանք, ասում էին ձեզ ուղղակի թվացել է»,- հիշում է Մարիետա Թեմուրյանը։
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը չի հերքում՝ ոլորտում խնդիրներ իսկապես կան, սակայն նա ուզում, որ զեկույցի հեղինակները դրական կողմն էլ նկատել։ Հայաստանի նյարդահոգեբուժական հաստատություններում զսպաշապիկների, սավանների, գոտիների ու պարանների միջոցով ֆիզիկական զսպման արդյունքում մարդիկ չեն մահանում։
Վերջին երեք տարվա նյարդահոգեբուժական հաստատություններում ընթացքում մահացել է 143 հիվանդ։ Զեկույցի հեղինակներին էլ անգամ չի հաջողվել պարզել նրանց մահվան պատճառը։
Աղբյուրը՝ www.a1plus.am