Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստը հետաձվեց
15:03, October 1, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ2014 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանիդատարանում, նախագահությամբ դատավոր Մ. Մարտիրոսյանի,շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանական ճառով հանդես եկան Հովհաննես Քոչարյանը, Ինեսսա Պետրոսյանը և Ռուզաննա Հովհաննիսյանը, որից հետո դատական նիստը հետաձգվեց մյուս պաշտպաններին պաշտպանական ճառին պատրաստելու նպատակով բավարար ժամանակ տրամադրելու համար:
Դատական նիստից առաջ ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանիդատարանի վարչական շենքի դիմաց Շանթ Հարությունյանի և նրա ընկերների պաշտպանության նպատակով կազմակերպվել էր բողոքի ակցիա, որը շարունակվեց նաև դատական նիստի մեկնարկից հետո:
Դատական նիստի սկզբում, մինչ ամբաստանյալներ Սևակ Մնացականյանի, Ավետիս Ավետիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հայկ Հարությունյանի և Լիպարիտ Պետրոսյանի պաշտպանների ճառերի հրապարակումը, գործով ամբաստանյալ Ալեք Պողոսյանը հայտարարությամբ հանդես եկավ և խնդրեց իր պաշտպանության իրավունքն ապահովելու համար գործով ներգրավվել պաշտպան: Ալեք Պողոսյանը հայտարարեց, որ չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ սեփական ուժերով փաստաբան ներգրավվելու համար և խնդրեց իրեն տրամադրել հանրային պաշտպան: Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում Ալեք Պողոսյանի պաշտպանությունն իրականացրել էր հանրային պաշտպանի գրասենյակի անդամ Էդուարդ Աղաջանյանը, սակայն դատաքննության ընթացքում ամբաստանյալն ընդհանրապես հրաժարվել էր օգտվել պաշտպան ունենալու իրավունքից՝ գտնելով, որ անձամբ կարող է իրականացնել իր պաշտպանությունը:
Նախագահող դատավոր Մ. Մնացականյանը, քննարկելով ներկայացված միջնորդությունը, բավարարեց այն և հետաձգեց դատական նիստը՝ ամբաստանյալ Ալեք Պողոսյանի պաշտպանությունն իրականացնելու համար գործով հանրային պաշտպան ներգրավվելու համար:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2014 թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին:
Դատական նիստի ավարտից հետո շարունակվեց կազմակերպված բողոքի ակցիան, որի ընթացքում կազմակերպիչները հայտարարեցին, որ 2014 թ. հոկտեմբերի 3-ին ևս կկազմակերպվի բողոքի ակցիա, այն կմեկնարկի ժամը 11:00-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարչական շենքի դիմաց: