«Բորշչի գույնը ձեր պատվին էր»
17:43, October 1, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Պացիենտների իրավունքներՀոգեբուժարանի աշխատակիցներից մեկը նշում է, որ ուշադիր է՝ գոնե սննդի մեջ որդեր չլինեն…
Օրեր առաջ ամփոփվեց Հայաստանի նյարդահոգեբուժական բուժհաստատություններում մարդու իրավունքների վիճակը:
Բաց հասարակության հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ կազմվել էր զեկույց: Զեկույցը բավականին հանգամանորեն էր անդրադարձել հոգեբուժարանների շենքային պայմաններին, այնտեղ առկա խնդիրներին, հիվանդների բուժմանը եւ նրանց նկատմամբ վերաբերմունքին:
Բավականին հանգամանորեն վերլուծված էր հոգեբուժական օգնության, իրավական խորհրդատվություն ստանալու, բողոքների, առաջարկությունների քննարկման, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման, պացիենտներին տրամադրվող սննդի որակի վիճակը: 463 հարցազրույցներից առավել ուշագրավ հատվածները ներկայացնում ենք: Հարցում անողները եղել էին մասնավորապես Գյումրու, Սեւանի եւ Արմաշի հոգեբուժարաններում:
Այնտեղ նկատել էին, որ պացիենտները նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի հացը պահում են իրենց մոտ, որպեսզի քաղց զգալու դեպքում ուտեն: Բուժհաստատությունների տնօրեններից մեկը հայտնել էր, որ մեկ պացիենտի սննդի գումարը կազմում է 500 դրամ. «500 դրամով ի՞նչ սննդի որակ կարող է ապահովել, 500 դրամով ինչպե՞ս կարող ես նաեւ միրգ եւ հյութեր տրամադրել հիվանդներին»:
Աշխատակիցներից մեկը նշել էր, որ ուշադիր է, որ գոնե սննդի մեջ որդեր չլինեն: Հիվանդները բողոքել են թեյի ոչ բավարար քաղցրությունից, տրվող սննդի որակից, սակայն հարցմանը պատասխանել են, որ ստիպված են ուտում, հակառակ դեպքում՝ կմնան սոված: «Այս սնունդը խոզի դեմը լցնես, չի ուտի, մակարոնով փլավի մեջ ձեթ չեն լցնում՝ շան փլավ ա: Բորշչի գույնը ձեր պատվին էր»: Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում հիվանդները դժգոհել են չոր բանջարեղենով ապուրի որակից, այն անվանելով խոզի կեր, սիլոս, նաեւ հայտնելով. «Զինվորական փչացած բաներն ամերիկացիներն ուղարկում են Հայաստան»:
Ուշադրության արժանի է այն, որ աշխատակիցների կարծիքով՝ հիվանդների աղեստամոքսային հիվանդությունները եւ դրանց սրացումները պայմանավորված են սննդի ոչ պատշաճ որակով: Ավանի կլինիկայում այցելության ընթացքում մոնիտորինգ անցկացնողը համտեսել է մակարոնով փլավը, կոտլետը, որոնք, ըստ նրա՝ համեղ չեն եղել, զգացվել է յուղի եւ աղի պակաս, կոտլետը չոր է եղել, չոր է եղել հատկացվող հացը: Իսկ Նորքի կլինիկայի խոհանոցում երկու տեսակի մակարանով փլավ է համտեսել հարցում անցկացնողը: Մի դեպքում փլավը վերցվել է մեծ կաթսայից, մյուս դեպքում՝ աշխատակիցն է բերել: Կաթսայից լցված մակարոնով փլավը համեղ չի եղել, իսկ աշխատակցի բերածը ոչ միայն համեղ է եղել, այլ տարբերվել է յուղի քանակությամբ:
Հոգեբուժարանները սովորաբար փակ հաստատություններ են համարվում, հավանաբար հենց այս պատճառով, որ ավելորդ հայացք այնտեղ չլինի: Այլապես կհայտնվեին նույն վիճակում, ինչ իրավապաշտպանները՝ Նուբարաշենի կլինիկայի խոհանոցում: Ըստ նրանց՝ խոհանոցում այցելության պահին պատրաստվող ապուրի համար կարտոֆիլը եւ ոլոռը մաքրված չեն եղել: Ըստ աշխատակիցների, կարտոֆիլ մաքրող սարքը լավ չի աշխատել եւ 5 հոգով չեն հասցրել ձեռքով մաքրել: Սարքը չի վերանորոգվել: Հոգեբուժարանների հիվանդների համար սուրճը պատրաստվում է որպես «խրախուսանք աշխատանքի դիմաց», հարազատներն են նրանց համար սուրճ բերում:
Նուբարաշենի հոգեբուժարան այցելության ժամանակ գազօջախի բացակայության պատճառով հիվանդները սուրճը սառը ջրի մեջ են լուծել: Ինչ վերաբերում է սպասքեղենին, դիտարկումների ժամանակ պարզվել է, որ օգտագործվում է միեւնույն տեսակի եւ որակի սպասք՝ բաժակները պլաստմասսայից են, չժանգոտող պողպատից, որոշ դեպքերում՝ ապակյա: Նուբարաշենի կլինիկայում անբավարար էր գդալների քանակը:
Դիտարկումների ժամանակ սպասքը լվացվել է բուֆետի աշխատակիցների կողմից, սակայն բուֆետներն ապահովված չեն եղել տաք ջրով: Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում տաք ջուրը հիվանդներն իրենք են դույլերով խոհանոցից տեղափոխում բաժանմունք: Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում հանգստյան օրերին ճաշի համար նախատեսված փլավը, ապուրը պատրաստվում է մի քանի ժամ առաջ, նախօրոք դույլերով տեղափոխում են բաժանմունքներ, քանի որ բուֆետում սնունդը տաքացնելու հնարավորություն չկա: Ցուրտ եղանակներին դիտորդներն արձանագրել էին, որ սնունդը թույլատրվել է տանել հիվանդասենյակ, քանի որ ճաշասրահը չէր ջեռուցվել եւ կահավորված չի եղել հիվանդների թվին համապատասխան սեղաններով եւ աթոռներով:
Ուսումնասիրություններ էին արվել նաեւ, թե ինչպես է կազմակերպվում բուժհաստատություններում լոգանքը: Պարզվել էր, որ հիվանդները լողանում են նախօրոք մշակված գրաֆիկի համաձայն: Մասնավորապես՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում կանանց բաժանմունքի լողասենյակի ցնցուղը դիտորդների այցելության ժամանակ չի աշխատել: Հիվանդները նշել են, որ լողանում են ծորակի տակ, իսկ աշխատակիցները նշել են, թե թասով ջուր են լցնում: Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատակիցներից եւ հիվանդներից ոմանք նշում էին, որ լրացուցիչ լողանալու հնարավորություն ունեն, իսկ աշխատակիցներից մեկն էլ ասել էր. «Մենա՞կ լողանալ, տենց բան չկա»:
Բոլոր բուժհաստատություններում սափրվելու կամ մազերը կտրելու համար հիվանդները վճարում են 300-500 դրամ: Ինչ վերաբերում է ժամանցի կազմակերպմանը, հեռուստացույց դիտելու հնարավորությանը, ապա նշենք ընդամենը մեկ «մանրուք»՝ Սյունիքի մարզային հոգեբուժական դիսպանսերում եւ Նորքում դիտորդներն արձանագրել էին, որ հեռուստացույցները տեղադրված էին հատուկ կողպվող արկղերի մեջ: Ըստ աշխատակիցների՝ պատճառը մեկն էր. գույքն անվտանգ պահելը:
Հիվանդները դժգոհել էին, թե զրկված են դիտել իրենց նախընտրած հեռուստահաղորդումը, քանի որ դրանց ընտրությունը կատարում են աշխատակիցները: Իսկ աշխատակիցները պարզաբանել էին, որ հեռուստաալիքների ընտրության հարցում հիվանդների հետ հաճախ վեճեր են ծագում:
Աղբյուրը՝ www.aravot.am