Ջղաձգվում են նրանք, որոնք պատասխան չունեն ԵՏՄ-ի հարցում. Արթուր Սաքունց
10:16, October 12, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵՏՄ-ի դեմ դուրս եկողներից մեկն էլ ես եմ եւ ամենեւին էլ ոչ ջղաձգման, ոչ էլ այլ էմոցիոնալ վիճակների մեջ եմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով եռյակի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն տեր-Պետրոսյանը ելույթին, որտեղ վերջինս ԵՏՄ-ին դեմ արտահայտվողներին անվանել էր 2-3 տասնյակ «ջուր պղտորողներ» եւ «ջղաձգվողներ»:
Սաքունցի խոսքով՝ իր մտահոգությունը կապված է հետագա հնարավոր վատթարացումների հետ:
Միեւնույն ժամանակ, Արթուր Սաքունցը լավատես է, որ պատմությունը չի կարող հետ պտտվել: «ԵՏՄ անդամագրմանը, Պուտինի ագրեսիվ քաղաքականությանը եւ Հայաստանի նկատմամբ ճնշումներին դեմ այդ 20-30 հոգին, կարող եմ արձանագրել, որ իրապես կարողանում են քաղաքական օրակարգում հարց դնել, որին չեն կարող ուշադրություն չդարձնել: Այլ հարց է՝ կարող են զբաղվել, թե ոչ, ունեն համապատասխան քաղաքական կամք այդ հարցին լուծում տալու, պատասխանելու, բայց հաստատ այդ 20-30 հոգու կողմից քաղաքական օրակարգում հարցը դրվում է, որից ջղաձգումների եւ խանգարմունքների մեջ ընկնում են այդ հարցին պատասխան չունեցողները»,-ասաց նա:
Անդրադառնալով երեկվա հանրահավաքին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը արձանագրեց, որ ժողովրդի անունից հանդես գալու որեւիցե մտադրություն չկա եւ ցավոք մարդիկ երեւի կհամոզվեն, որ իրենք իրենց խնդիրների հետ միայնակ են: «Դրա մեջ կա նաեւ մի կարեւոր հնարավորություն, մարդիկ պետք է սեփական խնդիրները լուծեն սեփական նախաձեռնությամբ, հույսները չդնեն ոչ դրսի ոչ էլ ներսում իրենց ուժ համարող այդ քաղաքական քառյակի վրա: Այսինքն, ինքնակազմակերպման, սեփական նախաձեռնությամբ հարցերը լուծելու այդ մտածողությունը կարեւոր է եւ աստիճանաբար ձեւավորման ընթացք կտրվի»,-ասաց նա:
Արթուր Սաքունցի խոսքով՝ քառյակը ապացուցեց, որ ինքը չնայած մինչ հանրահավաքը ասում էր, թե ժողովրդի կարծիքը հաշվի կառնի, այդպես էլ չառնվեց, «ասացին՝ 3-4 հոգով ենք որոշելու, մնացածը պետք է ենթարկվեն, հենա՝ Սերժն էլ ասում է՝ մենակ ես եմ որոշելու, մնացածը պետք է ենթարկվեն, այսինքն մեխանիզմի մեջ ընդամենը կա քանակի հարց, որեւէ էական տարբերություն չարձանագրվեց»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը շեշտեց, որ այնտեղ, որտեղ կա Գագիկ Ծառուկյան, որը ուղղակիորեն մասնակից է մարտի 1-ի հանցագործությանը, ի սկզբանե ինքն ունի վերապահում: «Պատահական չէ, որ մարտի 1-ի մասին ընդամենը թեթեւ հիշատակվում է եւ պատասխանատվության հարցը չի դրվում որպես առաջնահերթ խնդիր: Այսինքն, եթե հանցագործությունը կատարողները մնում են անպատիժ, ինքը հիմք է հետագա նոր հանցագործությունների, լռության մատնելը նշանակում է նպաստել այդ անպատժելիությունը: Մարդիկ իրապես շատ վատ վիճակում են եւ մարդկանց վատ վիճակին համապատասխան վերաբերմունքը չցուցաբերելը խայտառակություն էր եւ անակնկալ ինձ համար»,-ասաց Արթուր Սաքունցը: