Վլադիմիր Գասպարյանին ու ոստիկանության եւս 2 բարձրաստիճան պաշտոնյայի դատի էին տվել
10:46, November 7, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունքԱյսօր Վարչական դատարանում սկսվեց նախագահական նստավայրի դիմաց հայտնի նստացուցարար Աշոտ Խուդոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանապետի, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Գրիգորի Ամիրխանյանի ու Արմավիրի մարզ Վաղարշապատի բաժնի նախկին պետի դեմ հայցով դատաքննությունը:
Հենց դատական նիստի սկզբում ոստիկանության ներկայացուցիչները միջնորդեցին պատասխանողների փոխարինում կատարել, այսինքն պատասխանողները ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաները լինեն, այլ ոստիկանության այն աշխատակիցները, որոնց գործողությունները հայցվոր կողմը պահանջում է ճանաչել ոչ իրավաչափ:
«Նշված երեք պաշտոնյաները որեւէ գործողություն չեն կատարել, միջնորդում ենք, որ պատասխանող ճանաչվեն ոստիկանությունը կամ այն աշխատողները, որոնք այդ գործողությունները կատարել են: Բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող պատասխանող ճանաչվել ոստիկանների գործողությունների համար»,- ասաց ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանն էլ չհակառակեց այդ միջնորդությանը: Եվ դատարանի որոշմամբ պատասխանող կողմ ճանաչվեց ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 28-ից Աշոտ Խուդոյանն ու նրա կինը՝ Հեղինե Մակարյանը, իրենց չորս անչափահաս երեխաների հետ նստացույց էին սկսել նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով նախագահից լուծել իրենց տան խնդիրը:
Այսօր դատարանում Խուդոյանի պաշտպան Տաթեւիկ Սիրադեղյանը պատմեց, որ դեկտեմբերի մեկին նստացույցի ընթացքւմ իր պաշտպանյալներին է մոտեցել Արմավիր մարզի Վաղարշապատի բաժնի ոստիկանության ներկայացուցիչը ու պահանջել լքել տարածքը, քանի որ ՌԴ նախագահ Պուտինը պաշտոնական այցով Հայաստան էր գալիս: Բայց Խուդոյանն ու կինը հրաժարվել են լքել, հետո նրանց մոտեցել է Արաբկիրի բաժնի պետի տեղակալը՝ կրկին նույն պահանջով ու «Աշո՛տ, լավով ենք ասում, չեք լսի, դե կտենաք» սպառնալիքով հեռացել:
Արդեն դեկտեմբերի երկուսի լուսաբացին մի խումբ ոստիկաններ զարթնեցրել են Աշոտին ու կնոջը բռնությամբ նստեցրել են տարբեր մեքենաներ ու տարել իրենց տուն՝ Էջմիածին: Իսկ նրանց չորրորդ երեխային՝ ութ ամսական տղային, թողել են նստացույցի վայրում, հետո արդեն Էջմիածնում ոստիկանները պարզել են, որ երախային թողել են ու հետ են եկել նրան տանելու:
Հեղինե Մակարյանին ու երեխաներին տուն են տարել, իսկ Աշոտ Խուդոյանին Վաղարշապատի ոստիկանության բաժին, այնտեղ պահել են մեկ ժամ եւ բաց են թողել Հեղինեի սպառնալիքներից հետո: «Հայցվորները մեկ օր չեն կարողացել դուրս գալ իրենց բնակարանից, քանի որ ոստիկանները մեկ օր շարունակ վերահսկվել են նրանց, սահմանափակել նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը»,- շարունակեց Տաթեւիկ Սիրադեղյանը:
«Պուտինն է գալիս, ամոթ է, խայտառակ ենք լինելու, ինձ ասում էին ոստիկանները: Ուրիշ պատճառաբանություն մեզ քշելու, չեն ներկայացրել»,- պատմեց Հեղինե Մակարյանը: Ոստիկանության ներկայացուցիչն էլ պնդում էր, որ պաշտոնական արարողակարգ է եղել եւ ոստիկանները, ելնելով այդ ընտանիքի անվտանգությունից, նրանց հեռացրել է.«Բերման չի ենթարկել, տարհանել է: Որովհետեւ դեկտեմբերի մեկին ահազանգեր են եղել ոստիկանություն, համաձայն որոնց Պուտինի այցի հետ կապված անկարգություններ են լինելու, պայթուցիկներով բախումներ են լինելու: Իսկ Խուդոյանը հայտարարություն էր տարածել, որ կտրելու է երակները, երեխայի հետ հրկիզվելու է, անկախ նրանից Պուտինը գալու էր թե՝ չէ, ոստիկանությունը այդ ամենից հեետո գործողություններ է ձեռնարկել, որ կանխի այդ քայլերը: Հնարավոր է՝ հենց Պուտինի այցի օրը Խուդոյանը կատարեր այդ գործողությունները»:
Ոստիկանության ներկայացուցիչը նաեւ պնդում էր, որ երեխաներին մոռանալու- չմոռանալու պարտականությունը դրված է ոչ թե ոստիկանների, այլ երեխայի ծնողների վրա. «Հարց է առաջանում՝ արդյոք ոստիկաններին ասե՞լ էին, որ այնտեղ երեխա կա: Արդյոք ծնողները դիտավորյալ չեն մոռացել երեխային, որ լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրեն այդ հանգամանքի վրա: Ոստիկանությանը մեղադրելը հիմնազուրկ է, ոստիկանները իրազեկված չեն էլ եղել չորրորդ երեխայի մասին: Ինչպե՞ս է հնարավոր, որ մայրը ամբողջ ճանապարհին նստի ու չնկատի, որ փոքրիկը հետը չէ»:
Հեղինե Մակարյանն էլ հակադարձեց. «Լկտիություն է ոստիկանության կատարածը: Ինչպե՞ս կարող են ինձ մեղադրել երեխայիս դիտավորյալ մոռանալու մեջ: Ինձ առանձին, երեխաներիս՝ առանձին, ամունսուս առանձին մեքենայով են տեղափոխել: Ես որտեղի՞ց իմանայի, որ չորրորդ երեխայիս մոռացել են»:
Տաթեւիկ Սիրադեղյանն էլ շարունակեց.«Ծնողները չեն կարողացել հետեւել, թե երեխաներից որ մեկին են վերցրել, ու նրանք չեն իմացել, որ երեխան մնացել է նստացույցի վայրում, ոստիկանները այդ մասին տեղեկացել են մյուս երեխաներից»: Նա նաեւ վստահեցրեց, որ իր պաշտպանյալները անկարգություններ անելու ոչ գաղափար, ոչ էլ նպատակադրվածություն չեն ունեցել:
Աղբյուրը՝ www.aravot.am