«Ցանկացած լավ գաղափար կարող է վատ կատարմամբ արժեզրկվել»
14:57, November 8, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպանները և պատգամավորը մեկնաբանում են Ներքին գործերի նախարարության վերստեղծման գաղափարը:
Ներքին գործերի նախարարության վերստեղծումը ինքնին լավ գաղափար է, եթե ծառայի նպատակին, «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած այն հայտարարությանը, թե 19 նախարարությունը Հայաստանի համար շատ է, և կառավարման համակարգը պետք է օպտիմալացնել:
Իրավապաշտպանը նույնպես կարծում է, որ Արտակարգ իրավիճակների ու Տարածքային կառավարման նախարարությունները մեկ կառույցում՝ Ներքին գործերի նախարարությունում ներառելը օպտիմալացման ճանապարհն է: Սաքունցը հիշեցնում է, որ ժամանակին այս կառույցը վերացնելով՝ Ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը թուլացել էր, և եթե նպատակն այդ հսկողությունը վերականգնելն է, ապա այն արդարացված է:
Իրավապաշտպանը, այդուհանդերձ, այստեղ թիրախային մոտեցում է տեսնում, այլ ոչ թե համակարգային, քանի որ, ըստ նրա, «տրամաբանորեն պետք է բխեր, որ նաև Ազգային անվտանգության ծառայությունը պետք է մտցվեր»:
«Ցանկացած լավ գաղափար կարող է վատ կատարմամբ արժեզրկվի: Չնայած, նորից եմ կրկնում, ինքնին Ներքին գործերի նախարարության ձևավորումը և վերականգնումը Կառավարության կազմում կարևոր եմ համարում», – ասաց Սաքունցը:
Նախարարությունները միավորելու հիմնավորումներից մեկն էլ այն է, որ փորձ է արվում տնտեսել ֆինանսական միջոցները և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:
Արթուր Սաքունցը, աչքի առջև ունենալով Կառավարության ոչ արդյունավետ աշխատանքի տարիների փորձը, թերահավատորեն է մոտենում Կառավարության այս հայտարարությանը:
«Բնականաբար, իրենց նպատակները կկատարվի, բայց հանրային կարիքների բավարարման տեսակետից մեր ակնկալիքները, որ կդառնա կառավարման որակը ավելի բարձր, պատասխանատու, թափանցիկ, հաշվետու և այլն՝ բնականաբար, սպասել անիմաստ է», – հայտարարեց նա:
Մեկ այլ իրավապաշտպան՝ Ավետիք Իշխանյանը, չի կարծում, որ Ներքին գործերի նախարարությունը վերստեղծելու նպատակը ևս մեկ ուժային կառույց ունենալն է:
Չբացառելով, որ Կառավարությունն այս քայլին դիմում է իշխանությունը կենտրոնացնելու նպատակով, Իշխանյանը, այդուհանդերձ, հիշեցնում է՝ աշխարհի շատ երկրներում ներքին գործերի նախարարությունը բազմաթիվ գործառույթներ է ներառում, որոնք առհասարակ կապ չունեն ուժային համակարգի հետ:
«Դա մի՛ դեպքում կարող է դիտարկեինք՝ եթե արտակարգ իրավիճակների վարչությունը նոր ստեղծվեր, որը մասամբ ուժային է: Բայց այդքան էլ ուժային չի, այսինքն՝ ես չէի համարի, որ սա ուժային կառույց է: Մանավանդ որ նոր բան չի ստեղծվում՝ երկուսի միավորում է լինում», – ասաց Իշխանյանը՝ շարունակելով․ – «Ներքին գործերի նախարարությունը մեր պատկերացման մեջ միշտ եղել է ոստիկանություն, բայց ընդհանրապես ներքին գործերի նախարարությունը շատ ավելի լայն հասկացողություն է միշտ եղել, այդ թվում նաև 18-20 թվականների Հայաստանում: Ուզում եմ ասել՝ ներքին գործերի նախարարություն ասվածը մենք չպիտի պատկերացնենք միայն ոստիկանություն»:
Երկրի բոլոր ներքին հարցերն են այս կառույցի կառավարման ներքո՝ տարածքային կառավարման մարմինների հետ աշխատանքից սկսած մինչև ջրային համակարգի խնդիրները, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ամեն մի կառավարություն, ամեն վարչապետ իր ռազմավարությունն ունի, նշում է ԲՀԿ-ական պատգամավորը՝ հույս հայտնելով, որ այս քայլով Կառավարությունը կկարողանա տնտեսել ֆինանսական միջոցները և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:
«Եթե դուք գիտեք, ուժային կառույցները՝ բացի Պաշտպանության նախարարությունից, Ոստիկանություն, Ազգային անվտանգություն՝ դրանք Կառավարության կազմում չէին, չէ՞, դրանք Կառավարությանն առընթեր մարմիններ էին և Կառավարության, այսպես, դասական կառուցվածքում չէին դրանք: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այստեղ նաև լուծվում է այդ հարցը՝ որ ինքը դառնում է լիարժեք Կառավարության կառուցվածքում միավոր՝ կանոնակարգման խնդիրը կա», – ասաց Մելքումյանը՝ շարունակելով․ – «Այնպես որ, այստեղ լուծվում է Սահմանադրությանը համապատասխանության նաև հարցը, որովհետև Սահմանադրությամբ այդ առընթեր մարմինները նախատեսված չէին: Հիմա այս Կառավարությունը գտել է, որ այս ձևով ինքը կարող է հասնի ինչ-որ իր նպատակակետին և միգուցե նաև ծախսեր է խնայել: Եթե ինքը ապացուցի, որ ծախսեր է խնայում, ուրեմն՝ դա վատ չի »:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովին:
Աղբյուրը՝ www.azatutyun.mobi