Ինչ է սպասվում Հայաստանին մոտ ապագայում
14:44, December 9, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում, ԵՏՄՄեր զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Հայաստանի ԱԺ–ն վավերացրեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը, որին դեմ քվեարկեց ընդամենը 7 պատգամավոր: Ի՞նչ է սպասվում Հայաստանին այն դեպքում, երբ ԵՏՄ մյուս անդամ երկրները բացահայտ իրենց դժգոհությունն են հայտնում Պուտինի միանձնյա քաղաքականության առթիվ:
Արձանագրենք, որ շատ ավելի տխուր կլիներ, եթե ողջ ԱԺ-ն կողմ քվեարկեր ԵՏՄ-ին: Քանի որ գոնե առնվազն 7 պատգամավոր դեմ է քվեարկել, դա հնարավորություն է տալիս մտածել, որ ամեն ինչ իրապես անհուսալի չէ:Միաժամանակ արձանագրենք, որ այդ 7 պատգամավորներից 5-ը Ժառանգություն կուսակցության ցուցակով անցած պատգամավորներն են, ՀԱԿ-ից բացառություն է եղել Նիկոլ Փաշինյանը և մեկ անկախ պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանն է դեմ քվեարկել: Սա նշանակում է, որ Ժառանգությունն այլևս որևէ կերպ չի կարող ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի հետ տեղավորվել մեկ հարթակում, դա շատ անտրամաբանական կլինի:
Հաջորդն այն է, որ մենք այդպես էլ մեկ տարուց ավելի չստացանք որևէ հիմնավորում, պատճառաբանություն ու գործոն՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգտին: Կային ընդհանուր բառեր, ձևակերպումներ, որոնց հիմնավորման համար որևէ փաստարկ չներկայացվեց: Սկզբնական խնդիրներից մեկը, որը վերաբերվում էր տրանսպորտային ուղղակի կապի բացակայությանը, քանի որ ՀՀ-ն, ըստ էության, էքակլավի վիճակում է հայտնված ԵՏՄ մյուս անդամների համեմատ, նույնիսկ այդ հարցի վերաբերյալ որևէ լուծում չներկայացվեց: Եթե ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, ապա առաջին խնդիրը պիտի լինի տնտեսական հաղորդակցության հարցը: Սա շատ լուրջ խնդիր է, եթե հաշվի առնենք նաև Ռուսաստան-Վրաստան լարված հարաբերությունները:
Մյուս կարևոր հանգամանքը, որն էլի չգնահատվեց, Ռուսաստանի՝ որպես ԵՏՄ հիմնական երկրի դեմ միջազգային պատժամիջոցների փաստն էր: Պատժամիջոցներն ազդում են ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի վրա, քանի որ ՀՀ բնակիչների զգալի մասն արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ: Առանց ԵՏՄ անդամակցության էլ այդ ազդեցությունը լինելու էր, բայց երբ դու անդամակցում ես ԵՏՄ-ին, դու քեզ վրա պիտի վերցնես նաև այդ պատժամիջոցների հետևանքները: Այստեղ էլ ռիսկերը չգնահատվեցին: Իսկ այդ պատժամիջոցների հետևանքները Հայաստանի վրա միանշանակորեն վատ են լինելու, որովհետև եթե Ռուսաստանը դեռ ռեսուրսներ ունի ինչ-որ ժամանակ գոյատևելու, Հայաստանն ընդհանրապես նման ռեսուրսներ չունի: Հայաստանի միակ ռեսուրսը պիտի լիներ ԵՏՄ-ին չանդամակցելը, տնտեսության դիվերսիֆիկացիան ու միջազգային համագործակցության ընդլայնումը:
Հաջորդը Հայաստանի միջազգային մեկուսացումն է, որը հիմա ավելի է խորանալու: Չեմ կարծում, թե միջազգային հանրությունը պիտի անընդհատ դայակություն անի և փորձի Հայաստանին փրկել: Հայաստանի միջազգային մեկուսացումը բերելու է նրան, որ Հայաստանի վերաբերյալ հարցերի լուծման միակ բանալին գտնվելու է Կրեմլում: Եթե նախկինում այդ խնիրները քննարկվում էին ու լուծումներ էին առաջարկվում նաև Երևանում, Վաշինգթոնում ու Բրյուսելում, ապա հիմա դա կվերանա և կմնա միայն Մոսկվան: Իսկ Կրեմլը, ինչպես միշտ, հարցերը լուծելու է իր շահերից ելնելով, ոչ թե Հայաստանի:
Սրանք են այն հիմնական մարտահրավերները, որոնք անխուսափելիորեն հանգեցնելու են մեր երկրի ներսում իրավիճակի էլ ավելի վատթարացմանը: Այն քաղաքական ուժերը, որոնք կողմ քվեարկեցին այդ պայմանագրին, ուղղակի պատասխանատվություն են կրում և կրելու են այն բոլոր տխուր հետևանքների համար, որոնք Հայաստանն ու ՀՀ քաղաքացիներն ունենալու են ամենամոտ ապագայում, որն արդեն զգացվում է:
Պատգամավորներից մի քանիսը հիմնավորում էին, թե մեկ է, ինչ–որ մեկի լծի տակ պիտի լինենք, ավելի լավ է ռուսի լծի տակ լինենք, կամ ռուսից լավ ով պիտի մեզ տիրություն անի: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները:
Որևէ մեկի լծի տակ մնալու տրամաբանությունը ներկայացողները երևի այն պատգամավորներն են, որոնք սովոր են ուրիշի տակ մնալով իրենց գոյությունը պաշտպանել. մի օր Սերժ Սարգսյանի տակ, մի օր Քոչարյանի, մի օր Տեր-Պետրոսյանի: Հիմա էլ պատրաստ են 4-րդի տակ տեղավորվել՝ հանձինս Պուտինի: Սա իրենց կարծիքն է: Իսկ խնդիրն այն է, որ օրինակ Եվրամիությունը երբեք չի ասել եկեք մեր տակը մտեք: ԵՄ-ն որպես գործընկեր Հայաստանի հետ իր հարաբերությունները զարգացնում է և երբեք նման պահանջներ չի դնում: Այն մարդիկ, որոնց հարազատ է ուրիշի տակ մտնելու տրամաբանությունը, որոնք ցավոք մեծամասնություն են կազմում և նրանք, որոնք այնքան էլ դրան համաձայն չէին, բայց ամոթխած համաձայնվեցին, որ Կրեմլի տակ մտնեն, չեմ կարծում, որ ներկայացնում են ամբողջ Հայաստանը: Այսօր Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ներկայացնում է Հայաստանի հասարակության փոքրամասնությունը: Երկրում իշխանությունը բռնազավթած փոքրամասնությունն իր գոյությունը պահպանելու մեկ տարբերակ ունի՝ մտնել Պուտինի տակ, որի մասին առաջ էլ հայտնի էր: Պարզապես հիմա հրապարակային են ասում այն, ինչը որ նախկինում չէին ասում:
Այստեղ կա նաև մեկ այլ հանքամանք՝ այդ «մտնողները» 1-2 հոգի չեն, բոլոր 103 կողմ քվեարկողները պետք է մի հարցի պատասխանեն. այն հազարավոր մարդկանց զրկանքների, որ այս 25 տարիների ընթացքում տեղի ունեցան, հանուն անկախության զոհերի, սահմանը պահելու համար կարուստների պատասխանն ո՞վ է տալու: Չէ՞ որ այդ ամենն արվել է Հայաստանի՝ որպես անկախ պետության կայացման համար, ոչ թե այս կամ այն անձի կամ պետության տակ մտնելու: Այս պատասխանատվությունը նրանք կրում են, քանի որ իրենց քայլով հայտարարում են, որ այդ ամենն իզուր է եղել: Հակառակ դեպքում պիտի բացատրեն, թե ինչ նպատակով են եղել այդքան զրկանքներն ու կորուստները, եթե ի վերջո պիտի մտնեին Պուտինի տակ:
Ավելին, ես կարծում եմ, որ նման մտածելակերպը ցինիզմ է, որը դրսևորվում է սեփական քաղաքացիների նկատմամբ քրեական օլիգարխների կողմից: Սա վաղուց էր հայտնի փոքր շրջանակներում, բայց հիմա բացահայտվեց բոլորի համար: Նրանք բոլորը պատասխանատվություն են կրելու այդ կորուստներն ու զրկանքները տարած մարդկանց առջև:
Պուտինը վերջերս այցելեց Անկարա, և մի շարք տնտեսական համաձայնություններ ձեռք բերվեցին: Սա որքանո՞վ է վտանգավոր Հայաստանի համար, կա՞ մտավախություն, որ ռուս–թուրքական ջերմացումը ռիսկեր է պարունակում Հայաստանի համար:
Պուտինն ընդհանրապես չի զբաղվում տնտեսությամբ և տնտեսական խնդիրների լուծմամբ: Եթե տնտեսական հարցերը Պուտինին հետաքրքրեին, Ռուսաստանում կլիներ ոչ թե քրեական օլիգարխիկ ու կոռումպացված համակարգ, այլ տնտեսական ազատությունների համակարգ: Այսինքն, Պուտինի ցանկացած այցելություն որևէ երկիր, որն արտաքուստ ձևակերպվում է որպես տնտեսական խնդիրների լուծման նպատակով այց, իրականում քաղաքական նպատակ է հետապնդում: Նրա հիմնական նպատակը Ռուսաստանի գերիշխանության ամրապնդումն է հետխորհրդային տարածաշրջանում և դրան նպաստող միջավայրի ստեղծումը:
Թուրքիան այս պահին շատ հետաքրքիր վիճակում է, որովհետև այն ավտորիտար երկիր է, թեև ԵԽ անդամ է և ԵՄ անդամության թեկնածու: Վերջին տարիներին Թուրքիայում Էրդողանի ռեժիմի վարքագիծը ցույց է տալիս, որ այն ավելի շատ համընկնում է պուտինյան քաղաքականության արժեքային համակարգին: Էրդողանն էլ Պուտինի պես շատ հեշտությամբ փոխեց կառավարման համակարգը և վարչապետից հետո դարձավ նախագահ:
Այն մեթոդոլոգիան, որը Պուտինը Մեդվեդևի հետ կիրառեց, նույնը Էրդողանը կիրառեց Թուրքիայում, որը նախագահ դարձավ և վարչապետ նշանակեց իր ԱԳ նախարարին: Իշխանափոխության պուտինյան այս մոդելն արդեն Թուրքիան կիրառել է, և դա հոգեհարազատ է նրան: Այս իրավիճակում Հայաստանը փոքր վասալի կարգավիճակով կդառնա ռուս-թուրքական հարաբերություններում խնդիրների լուծման մանրադրամը: Հաշվի առնելով, որ և Ռուսաստանը, և Թուրքիան ավտորիտար երկրներ են, նրանց կողմից ցանկացած լուծում լինելու է հակաժողովրդավարական և հակամարդկային, հետևաբար ՀՀ քաղաքացիների համար հերթական անգամ կունենա վնասակար ազդեցություն:
Այն հնարավոր ծրագրերը, որ կարող էին լինել եվրոպական ասոցացման համաձայնագրի դեպքում, այդ թվում համագործակցությամբ հայ-ադրբեջանական խնդիրների լուծում, այլևս չեն լինի, փոխարենը հիմա պուտինյան ԵՏՄ-ի նախագծով Հայաստանը մեկուսանում է միջազգային հանրությունից և դառնում շատ խոցելի իր հարևանների համար, որոնք իմ կարծիքով ևս բավական կսերտաճեն Ռուսաստանի հետ, և Հայաստանը կդառնա մանրադրամ:
Այդ տեսանկյունից կարևոր են հայ-իրանական հարաբերությունները, որովհետև Իրանը կարծես թե այդ համատեքստում չի տեղավորվում և Եվրոպա-ԱՄՆ-Իրան հարաբերություններում որոշակի մեղմացումները խոսում են այն մասին, որ այնուամենայնիվ Իրանը լավ գիտակցում է այն հնարավոր մարտահրավերները, որ կարող է ունենալ ռուս-թուրքական ջերմացմանը և Հարավային Կովկասում Ռուսաստանի ակտիվացմանը զուգահեռ: Այստեղ նորից հարց է ծագում, թե այսպես կոչված հաշվարկ կատարող քաղաքական ուժերը, որոնք կողմ քվեարկեցին ԵՏՄ անդամակցությանը, արդյոք հաշվի՞ են առնում նաև այդ մարտահրավերները և հնարավոր վերադասավորումները:
Այն, որ Հայաստանում 25 տարվա ընթացքում մենք չկարողացանք իրավական, ժողովրդավարական պետություն ստեղծել, ամենամեծ սպառնալիքն է ՀՀ քաղաքացիների համար, որի հիման վրա ունեցանք այսպիսի վիճակ:
Հայաստանի ներքաղաքական կյանքում եռյակի ուժերից մեկը՝ Ժառանգությունը, առանձին հավաքներ է անցկացնում: Ի՞նչ զարգացումներ եք տեսնում ներքաղաքական դաշտում և ո՞րն է ելքն այս ամենից:
Կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանը նախ պիտի իր սեփական կուսակցությունում վիճակը կարգավորի, որովհետև հայտնի չէ, թե ինչ է տեղի ունենում այդ կուսակցությունում, և երկրորդ, ընդհանրապես ի՞նչ է նա անում եռյակում: Այսինքն հարցերն ավելի շատ են, որոնց վերաբերյալ չկան հստակ պատասխաններ, որոնց բացատրության պարագայում ցանկացած քայլ կամ հայտ, որը կներկայացվի հանրությանը, նույնպես հայտնի չէ:
Րաֆֆի Հովհաննիսյանը շանս ուներ դեռևս 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, որից նա հրաժարվեց, հետևողականություն չդրսևորեց և քաղաքագիտական վերլուծության շրջանակներում տեղավորվեց եռյակ դաշինքում: Ժառանգության առաջնորդը չի հայտարարել, որ դուրս է գալիս եռյակից, և անհասկանալի է՝ հիմա ի՞ր քայլերն է կատարում, թե եռյակ դաշինքի: Իհարկե, որոշակի պոտենցիալ կա Ժառանգություն կուսակցությունում, սակայն այդ ուժի քաղաքական ու կուսակցական աշխատանքն ավելի բացասական է ազդում այդ պոտենցիալի իրացման կամ զարգացման վրա:
Նախ պիտի կուսակցության ներսում հարցերը հստակեցնեն, առանց որի հնարավոր չէ քայլ կատարել:Այդուհանդերձ, միանշանակ է, որ որոշակի վերադասավորումներ ու վերախմբավորումներ տեղի կունենան ներքաղաքական դաշտում, որովհետև սուրբ տեղը թափուր չի մնում:
Աղբյուրը՝ www.lragir.am