Արթուր Սաքունց. «Քրեակատարողական հիմնարկներում արտաքին զննության արդյունքում գրանցումները չեն համապատասխանում ՁՊՎ-ների գրանցումներին»
19:52, December 15, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներ«Ձերբակալվածների պահման վայրերում ծանրաբեռնվածությունը մեծ չէ»,- այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը: Նրա խոսքերով՝ 2013 թվականի հետ համեմատած ձերբակալված անձանց թվաքանակը կրճատվել է:
Անդրադառնալներով ոլորտի խնդիրներին՝ նա նշեց, որ միայն Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրերում է, որ կա բուժակ, մնացած բոլոր վայրերում, երբ ձերբակալվածն ունի գանգատներ կամ նրա վրա կան մարմնական վնասվածքներ, ապա հրավիրում են բուժաշխատող. «Այսինքն՝ եթե գանգատներ կամ մարմնական վնասվածքներ կան, ՁՊՎ-ներում բուժզննությունը անցկացվում է առողջապահության նախարարության ներկայացուցիչների կողմից: Անմիջապես մարմնական վնասվածքներ հայտնաբերելու դեպքում ՁՊՎ վարչակազմը իրազեկում է վարույթ իրականացնող մարմնին, որը քննություն կատարելով պարզում է, թե այդ վնասվածքը ում կողմից է պատճառվել: Ոստիկանությունը եւ առողջապահության նախարարությունը այս դեպքում համագործակցում են»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հետաքրքրվեց, թե քանի՞ հոգու մոտ են մարմնական վնասվածքներ հայտնաբերվել եւ քանիսի՞ վերաբերյալ է հաղորդում ուղարկվել վարույթ իրականացնող մարմին: Պարոն Աբրահամյանն ասաց, որ 2014 թվականի իննը ամիսների ընթացքում ՁՊՎ վարչության կողմից իրականացվել է 321 իրազեկում. «Թե հետագայում ինչ քննություն է կատարվել, մենք նման տեղեկություն չունենք, քանի որ քննությունը կատարում է քննչական կոմիտեի կամ վարույթն իրականացնող կոնկրետ նախաքննական մարմինների կողմից»: Արթուր Սաքունցն ի պատասխան այս տվյալների նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում արտաքին զննության արդյունքում գրանցումները չեն համապատասխանում ՁՊՎ-ների գրանցումներին:
Աղբյուրը՝ www.aravot.am