«Ցինիկ գնահատականներ են, երբ ասում են՝ աշխարհում ճգնաժամ է, մեզ մոտ էլ. մենք ի՞նչ մեղք ունենք»
17:58, December 19, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադառնալով Հայաստանում դրամի արժեզրկմանը եւ դոլարի արժեվորմանը, նշեց, որ համաշխարհային շուկայում էներգակիրների գները, դրանց տատանումները մշտապես ազդել են արտարժույթի վրա:
«Ասպարեզի» հետ զրույցում նա ասաց.«Խնդիրն այն է, որ իշխանությունը պետք է կարողանա ձեւավորել պատշաճ ռեսուրսներ այդ տատանումները վերահսկելու եւ կարգավորելու համար: Նման դեպքերում անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում: Խոսքը տնտեսական ազատությունների խթանմանն է վերաբերում, նաեւ արտաքին քաղաքականության այնպիսի դաշտի ձեւավորմանը, որ կարողանաս քո երկրի տնտեսական զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծել եւ գրավիչ դարձնել այլ երկրների ներդրողների համար: Պետք է ունենալ անկախ դատական իշխանություն, կարեւոր է նաեւ տրանսպորտային կոմունիկացիաների արդիականացումը: Մինչդեռ, այժմ մեր տնտեսությունը մոնոպոլիզացված է եւ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունն էլ նպատակաուղղված է մեր երկրին այնպիսի փակ տարածքում ընկղմելու, ինչպիսին ԵՏՄ-ն է»:
Այսինքն, մենք տնտեսություն չունենք, դրա համա՞ր է դրամն անկում ապրում, հարցրեցի զրուցակցիս: «Նույն ԱՄՆ դոլարի գնողունակությունը, եթե նայենք մի 20-30 տարի առաջ, այժմ փոխվել է: Խնդիրն ազգային արժույթի էժանացման կամ թանկացման մեջ չէ, այլ նրանում է, թե դու քո տնտեսական զարգացումներին համաչափ լուծում տալի՞ս ես, որպեսզի տեխնոլոգիական զարգացում ապահովվի: Խնդիրն այն է, որ քո երկրի տնտեսությունն աշխատող չէ՝ նման մարտահրավերներին դիմագրավելու համար. նշանակում է՝ հիվանդ է: Խրոնիկ հիվանդությունն էլ կարող է այնքան սրվի, որ քեզ սպանի, ուստի, չպետք է թողնել, որ այն խորանա: Ցինիկ գնահատականներ են, երբ ասում են՝ աշխարհում ճգնաժամ է, մեզ մոտ էլ, մենք ի՞նչ մեղք ունենք: Աշխարհի շատ երկրների ղեկավարներ իրենց բնակչությանը բացատրում են, թե ճգնաժամն ինչի հետեւանք է, իսկ այստեղ պատասխան չունեն: Այստեղ իմիտացիոն փսիխոթերապիա պետք չէ, որ մարդկանց ասեն՝ մի մատնվեք խուճապի: Ասելով չէ, կա ռեալ տնտեսական վիճակ, երբ մարդիկ հասկանում են՝ վիճակը փոխելու համար որեւէ քայլ չի կատարվում: Տիգրան Սարգսյանի ժամանակ էլ ասում էին՝ ճգնաժամի մասին մի խոսեք, որքան շատ եք խոսում, այնքան այն մեծանում է: Այժմ կառավարությունը չի էլ կարող աշխատել, քանի որ ամբողջ գործունեությունն ուղղված է օլիգարխիկ, քրեական համակարգի սպասարկմանը»:
Ա.Սաքունցին հարցրեցի՝ Հայաստանում գործող որոշ ռուսական ընկերություններ վնասով են աշխատում, ինչու՞ պետք է վնասի փոխհատուցումը մեր պետբյուջեից լինի: «Ես չգիտեմ, թե ինչի համար: Հայաստանը նմանվում է ՌԴ ինչ-որ շրջանի, հետեւաբար, իր ռեգիոնների հաշվին, Ռուսաստանն ինչ-ինչ խնիրներ է լուծում: Այն, ինչ այժմ Հայաստանում տեղի է ունենում, հանցագործ տնտեսական, արտաքին քաղաքականության արդյունք է, որի հետեւանքները մենք այժմ զգում ենք: Փոխանակ այս իրավիճակը լուրջ քննարկումների առարկա դառնա, ես տեսնում եմ, որ ԱԺ քաղաքական ուժերը դրան բավական լոյալ են մոտենում: Այժմ այն ժամանակն էր, որ առնվազն պետք է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեին»:
Ըստ իրավապաշտպանի, մենք համակարգային ճգնաժամի մեջ ենք գտնվում: «Մնացել է երկու ինստիտուտ, որոնք ինչ-որ ձեւով փորձում են իրենց վրա որոշակի պատասխանատվություն վերցնել. մեկը ՀՀ պաշտպանության նախարարությունն է, մյուսը՝ ոստիկանությունը: Եթե ոստիկանությունը չլինի, ընդհանրապես բեսպրեդել կլինի, կրիմինալը կուտի երկիրը. 1990-1991 թվականների անցումային ժամանակների նման, երբ ոստիկաններ չկային, բանակ չկար: Բանակն էլ այսօր մեր անվտանգությունն է ապահովում, ինչը փաստ է: Այն, որ կա լիսկաների, զոռբաների խնդիր, դա քաղաքական համակարգի խնդիրն է, քանի որ կա անձեռնմխելիների եւ գլխավոր կոռուպցիոներների մի ինստիտուտ, որին ոստիկանությանը կամ իրավապահ համակարգին արգելված է մոտենալ: Բայց այժմ այդ երկու ինստիտուտներն են, որ ինչ-որ նվազագույն պահպանման գործառույթ են իրականացնում»,-հավելեց Ա.Սաքունցը:
Վերջում նա նշեց, որ այսօր առողջապահությունը չի աշխատում, կրթական համակարգը ճգնաժամի մեջ է, գյուղատնտեսության նախարարությունը գնում, տերտեր է բերում, որ անձրեւ կամ կարկուտ չգա:
Աղբյուրը` www.asparez.am