Լիա Միսակյանի գործով շարունակվում է փորձագետների հարցաքննությունը
18:21, December 19, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Լիա Միսակյան2014 թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, շարունակվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Դատաքննության ընթացքում որպես տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ ներգրավվեց Անդրեյ Միսակյանը, վերջինս հայտարարեց, որ անձնական պատճառներով Գ. Միսակյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և լիազորել է իրեն հանդես գալ որպես իր ներկայացուցիչ:
Սույն դատական նիստի ընթացքում հարցաքննվեց մեղադրող կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված փորձագետ, դատաբժիշկ Ս. Սևոյանը: Վերջինս մեղադրող Դ. Կարապետյանի հարցերին ի պատասխան հայտնեց, որ Լիա Միսակյանի մահվան պատճառ է հանդիսացել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան, որի հետևանք են աջակողմյան թարախա-ֆիբրինային պլևրոպնևմոնիան և նեկրոտիկ, թարախա-ֆիբրինային նշիկաբորբը: Փորձագետը նշեց նաև, որ թոքաբորբն ունի զարգացման 4 փուլ, որոնք միասին կարող են տևել 9-11 օր: Փորձագետը պարզաբանեց, որ երեխայի մոտ առկա վիճակը գորշ լյարդացման փուլն է՝ թոքաբորբի զարգացման 3-րդ փուլը, որը հիվանդի մոտ զարգանում է հիվանդության 4-6-րդ օրը: Փորձագետը նշեց, որ հիվանդությունը Լիա Միսակյանի մոտ սկսել է զարգանալ 2012 թ. դեկտեմբերի 29-ին: Միաժամանակ, փորձագետ Ս. Սևոյանը հայտնեց, որ երեխայի թոքերում առկա թարախի և ֆիբրինի առաջացման համար ժամանակ է պետք, այդպիսով նա բացառեց հիվանդության կայծակնային զարգացման հնարավորությունը: Նա իր խոսքում նաև նշեց, որ չի կարող հայտնել, թե բժիշկն ինչ խնդիրներ կարող էր տեսնել հիվանդի մոտ, իսկ իր հետևությունները կատարել է արդեն մահացած վիճակում: Ս. Սևոյանը նաև պարզաբանեց, որ թոքերի կտորներ վերցնելու հետ կապված նվազագույն և առավելագույն չափ նախատեսված չէ, փորձագետն ինքն է որոշում՝ քանի կտոր է անհրաժեշտ վերցնել: Սակայն, միաժամանակ նշեց, որ եզրակացությամբ նշված 2 թիվը հավանաբար վրիպակ է եղել և այն ճշտելու համար առաջարկեց դիմել դատաբժշկական- գիտագործնական կենտրոն:
Դատաբժիշկ Ս. Սևոյանը բազմիցս նշեց, որ իր կողմից կայացված եզրակացությամբ արձանագրվել են այն բոլոր հիվանդությունները, որոնք երեխայի մոտ առկա են եղել:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների հարցերին ի պատասխան փորձագետը նշեց, որ ինքը որպես դատաբժիշկ չի կարող հայտնել, թե որն է եղել թոքաբորբի առաջացման պատճառը, սակայն պնդեց, որ երեխայի մոտ ագրանուլացիտոզ չի եղել: Միաժամանակ, դատաբժիշկ-փորձագետը նշեց, որ աջ պլևրալ խոռոչում հայտնաբերված 300 մլ հեղուկը նորմայի սահմաններում է և հնարավոր հեղուկի քիչ քանակություն է: Սակայն, նա չկարողացավ պատասխանել՝ արդյոք այդ հեղուկը կարող էր ռենտգեն հետազոտությամբ երևալ, թե ոչ:
Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը փորձագետին հարցեր ուղղեց եզրակացության ամբողջականության վերաբերյալ: Մասնավորապես, պաշտպանը փորձում էր պարզել, թե ինչու փորձագետի կողմից չեն կատարվել վիրոսոլոգիական հետազոտությունները, չեն կատարվել սրտի գործիքային հետազոտություններ, իսկ հյուսվածքաբանական հետազոտության մեթոդները և եղանակները եզրակացությամբ չեն ներկայացվել: Դատաբժիշկ Ս. Սևոյանը նշեց, որ իր կողմից կատարված եզրակացությունն ամբողջական է, կատարվել են բոլոր հնարավոր հետազոտություններ, իր կողմից ագրանուլացիտոզ չի հայտնաբերվել, իսկ երեխայի սրտում արտաքինից որևէ վնասվածք չի եղել մինչև սրտամկան: Պաշտպանը հետաքրքրվեց, թե արդյոք նորմայի սահմաններում է Լիա Միսակյանի սրտի շրջագծի 28 սմ չափը: Փորձագետը պատասխանեց, որ դա նորմալ է, քանի որ երեխայի սիրտն իր չափերով մեծ է եղել: Պաշտպանը հարցեր ուղղեց նաև թոքերից վերցվող կտորների մասին, նշեց, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի, յուրաքանչյուր բլթից պետք է վերցվի 1 կտոր, ընդհանուր 5 կտոր: Փորձագետը մեկ անգամ ևս պնդեց, որ իր եզրակացության մեջ հավանաբար վիրպակ է տեղի ունեցել:
Փորձագետի հարցաքննության ավարտից հետո տուժողի իրավահաջորդները ներկայացրեցին միջնորդություններ գործով ևս մեկ վկա հարցաքննելու և տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի կողմից հեռախոսով կատարված ձայնագրությունը դատարանում հետազոտելու մասին: Ներկայացված միջնորդությունները, սակայն, չբավարվեցին դատարանի կողմից:
Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց դեկտեմբերի 31-ի երկրորդ բուժքրոջը և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Արգամ Հովսեփյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու մասին: Այս միջնորդությունները ևս մերժվեցին դատարանի կողմից՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ փորձագետ Ս. Սևոյանի հայտնած տվյալները փորձագիտական եզրակացությունների հետ համադրելու և կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն կատարելու վերաբերյալ հնարավոր միջնորդություն ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ տրամադրել համար:
Կողմերը չառարկեցին ներկայացված միջնորդության դեմ: Դատարանը բավարարեց միջնորդությունը և հետաձգեց դատական նիստը: Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց 2015 թ. հունվարի 27-ին, ժամը 10:30-ին: