ՔԿՀ-ներում կոռուպցիան տատանվում է 1000-ից մինչև 60 հազար դրամ. Արթուր Սաքունց
17:19, December 22, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՀ քրեակատարողական հիմնարկներում առ այսօր շատ խնդիրներ, այդ թվում՝ գերբնակեցման, պայմանական վաղակետ ազատման, արտաքին աշխարհի հետ կապի, կոռուպցիոն ռիսկերի հետ կապված, մնում են չլուծված:
«2013 թվականին դիտորդական խմբի կողմից արձանագրված բոլոր խնդիրներն էլ հիմնականում մնացել են չլուծված»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը:
2013 թվականին նվիրված զեկույցում առաջին անգամ առանձին անդրադարձ է կատարվել ՔԿՀ-ներում առկա կոռուպցիային: Խմբի կողմից մեկ ՔԿՀ-ի օրինակով իրականացվել է կոռուպցիայի խնդրի մանրակրկիտ ուսումնասիրություն, և պարզվել է, որ ամենատարբեր ծառայությունների համար տարբեր սակագներ են գործում: «Ցավոք, ՔԿՀ-ներում կոռուպցիան ունի գործուն բնույթ և շարունակում է մնալ չհաղթահարված»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ պայմանական վաղակետ ազատումը, հանձնուքները, նույնիսկ զբոսանքը գումար արժեն, իսկ գումարները տարբեր են՝ սկսած 1000 դրամից մինչև 60 հազար դրամ: Օրինակ՝ հանձնուքների համար միջին գինը 2-5 հազար դրամն է, առողջության հետ կապված խնդիրները լուծելու համար և ՔԿՀ բուժկետում գտնվելու համար կալանավորված անձը կամ դատապարտյալը հիմնականում վճարում է ամսական 50-60 հազար դրամ: Իսկ բժշկի «լավ» նայելը ևս գումար է, և, ըստ զեկույցի, դրա համար անհրաժեշտ է ևս 50-60 հազար դրամ:
Վճարովի է նաև արտաքին աշխարհի հետ կապի թույլտվությունը, ինչը խախտելու դեպքում շատ են պատիժները: Օրինակ՝ տեսակցությունների համար վճարը կազմում է 5-10 հազար դրամ, իսկ որոշ դեպքերում տեսակցության արտոնյալ պայմանների համար անհրաժեշտ է հավելյալ վճարել:
Աղբյուրը՝ www.1in.am
Այս մասին նաև՝ ՔԿՀ-ներում բոլոր հարցերի լուծման համար կոռուպցիոն մեխանիզմներն են աշխատում. Արթուր Սաքունց