Շարունակվում է մահացած զինծառայողի գործով 10 օր ազատազրկված վկայի գործով դատաքննությունը
17:26, December 25, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն2014 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Ա. Պետրոսյանի, շարունակվեց Մերուժան Կալեյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատական ստուգման է ենթարկվում ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թ. սեպտեմբերի 22-ին կայացված դատական ակտի օրինականության հարցը: Բողոքի քննության շրջանակներում նախորդ դատական նիստին բողոքաբեր կողմին տրամադրվել էին կարճված քրեական գործի նյութերը, և դատական նիստը հետաձգվել էր նյութերին ծանոթանալու համար:
2014 թ. դեկտեմբերի 25-ի դատական նիստին վարույթն իրականացրած ՀՀ ՊՆ առաջին կայազորային քննչական բաժնի քննիչ Ն. Ավետիսյանը կրկին չէր ներկայացել: Նախագահող դատավոր Ա. Պետրոսյանը հայտնեց, որ դատարանը պատշաճ ծանուցել է քննիչին դատական նիստի տեղի և օրվա ժամի մասին, սակայն փոստային ծառայությունից ծանուցագիրը ստանալու վերաբերյալ տեղեկություն չի ստացել:
Բողոքաբեր Մ. Կալեյանի ներկայացուցիչ Ա. Սաքունցը, պարտադիր համարելով վարույթն իրականացրած քննիչի մասնակցությունը բողոքի քննությանը, միջնորդեց հետաձգել դատական նիստը, կրկին ծանուցել Ն. Ավետիսյանին, իսկ նրա վերադաս մարմնին դիմելու միջոցով ապահովել քննիչի մասնակցությունը հաջորդ դատական նիստին:
Դատարանը, քննության առնելով ներկայացված միջնորդությունը, բավարարեց այն և որոշեց հետաձգել բողոքի քննությունը: Բողոքի քննությունը նշանակվեց 2015 թ. հունվարի 21-ին, ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ զինծառայող Հայկ Կալեյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում վկա Արմեն Բոզոյանը հայտարարել էր, որ ինքը և ևս երեք վկաներ 10 օրից ավել պահվել են ռազմական ոստիկանությունում, ենթարկվել ծեծի, բռնության, և նրանց ստիպել են ցուցմունքները շարադրել քննիչի թելադրանքով: Այս մասին ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը կարճվել էր: