«Շանթ և ընկերներ» գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց. Շահենին ու նրան մորը վտա՞նգ է սպառնում
18:30, December 27, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, ՔաղբանտարկյալներԱյսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով վերաքննիչ բողոքի քննությամբ առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավճիռը հրապարակվեց հոկտեմբերի 17-ին: Համաձայն վճռի` ամբաստանյալ Շանթ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց խուլիգանության հոդվածով: Նա դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, նույն հոդվածով դատապարտվեց, Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, իսկ Վարդան Վարդանյանը` 5 տարվա ազատազրկման: Նշենք, որ ամբաստանվող բոլոր անձինք ներկայացրել են վերաքննիչ բողոք:
Ներկայացվեց բողոքարկվող դատական ակտը, դատավճիռը և վերաքննիչ բողոքները: Այնուհետև ձայնը տրվեց պաշտպաններին, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց վերաքննիչ բողոքի հիմնավորումը: Դատական նիստի ընթացքում մի քանի ամբաստանյալներ և միայն երկու պաշտպաններ դրանք ներկայացրին: Այնուհետև ամբաստանյալներից Արայիկ Հովհաննիսյանը ձայն խնդրեց, սակայն դատավորը մերժեց՝ հիմնավորելով, թե նրա պաշտպան Արա Զաքարյանը ներկա չէ: Այս հիմնավորմամբ՝ դատարանը հետաձգեց նաև նիստը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2015-ի հունվարի 16-ը:
Նիստի ավարտին Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը դատարանի դահլիճում հանդես եկավ հայտարարությամբ: Նա մասնավորապես ասաց. «Խոսքս ուղղված է ԶԼՄ-ներին և հասարակությանը, բայց դիմում եմ նախագահին և ԿԳԲ-ին: Ինչքան էլ, որ մենք իրենց քաղաքական թշնամին ենք, բայց ՀՀ քաղաքացիներ ենք, և պահանջում եմ, որ ապահովեն իմ ու իմ մոր անվտանգությունն ու անդորրը»:
Դատական նիստի ավարտին նաև միջադեպ տեղի ունեցավ դատական կարգադրիչների և լրագրողների միջև. նրանք խոչընդոտում էին լրագրողների մասնագիտական գործունեությունը: Հարցին՝ «Շանթ և ընկերներ» գործով՝ առաջին ատյանի դատարանի որոշումը քաղաքական համարվեց, ի՞նչ եք կարծում արդյոք այդ ամենը վերաքննիչ դատարանի որոշման վրա չի՞ ազդի, Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի և անչափահաս Շահեն Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը պատասխանեց. «Միանշանակ դա քաղաքական դատավարություն էր, պատվեր հիշում եք, որ անսպասելի դատավճիռ կայացվեց՝ մեկուկես-երկու ժամվա ընթացքում, խախտվեցին նաև պաշտպանական, վերջին խոսքերի իրավունքները, դատարանը միանգամից գնաց խորհրդակցական սենյակ և հրապարակեց դատավճռի մասին եզրակացություն: Հետո պարզվեց, որ դատավճիռը 135 էջ է և մեկուկես ժամում նման դատական ակտի կայացումը խոսում է հենց այն մասին, որ դա քաղաքական որոշում էր: Վերաքննիչ դատարանից լուրջ ակնկալիքներ չունենք. գտնում եմ, որ դա ևս կլինի քաղաքական որոշում: Կամ եթե լինի ինչ-որ փոփոխություն, դա կլինի քաղաքական որոշման մասով»:
Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ երաշխիքներ ունեն, որ Քրեական վերաքննիչ դատարանը ևս չի կայացնի քաղաքական որոշում, ինչպես առաջին ատյանի դատարանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանեց. «ՀՀ-ում ոչ մի բանի վստահություն չես կարող ունենալ, բայց անակնկալներ կարող են միշտ էլ լինել՝ վերջին հույսի տրամաբանությունից ելնելով: Բայց մյուս կողմից անհրաժեշտ է դատական պրոցեսներն անցնել: Առաջին ատյանը դատական իշխանության մի մակարդակն է. բոլոր ատյաններով պիտի անցնել, որ քաղաքական պատվերի հանգամանքը փաստագրվի»:
Դատավարությանը գնահատական տալով՝ պարոն Սաքունցն ասաց. «Սա քաղաքական հետապնդում և քաղաքական դատավարություն է իր ամբողջ տրամաբանությամբ»: Aravot.am-ը Շահեն Հարությունյանից հետաքրքրվեց՝ իր և իր մոր նկատմամբ հետապնդու՞մ է իրականացվել, որ նա հրապարակավ դիմում է անվտանգության ապահովման հարցով, Շահենը պատասխանեց, թե այժմ չի ցանկանում որևէ մանրամասն ներկայացնել :
Աղբյուրը՝ www.aravot.am
Այս մասին նաև՝ www.azatutyun.am