ԵՏՄ-ն ազատել է Ադրբեջանի ձեռքերը. Հարձակումները կշարունակվեն
16:00, January 7, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | ԵՏՄ, Զինված ուժերՀայ-ադրբեջանական սահմանին այս փուլում նկատվող լարվածությունը Հայաստանի իշխանությունների վարած ապաշնորհ, թույլ և կամազուրկ արտաքին քաղաքականության հետևանք է: Այս կարծիքին է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ նման միջադեպերն անխուսափելի են և Հայաստանի՝ միջազգային հանրությունից մեկուսանալու հետևանք են:
«Այստեղ զոհերի պատասխանատվությունն անմիջական ընկնում է Հայաստանի ղեկավարության վրա: Նրանք պետք է իմանան, որ սա իրենց վարած արտաքին քաղաքականության հետևանք է»,- ասաց Սաքունցը:
Հայաստանի անվտանգության խնդիրը դիտարկելով Եվրասիական տնտեսական միության համատեքստում, Սաքունցը նկատում է, որ ԵՏՄ-ն մեկուսացնող և մեկուսացվող, նաև հակադրվող միություն է: Անդամակցելով այդ միությանը՝ Հայաստանի անվտանգության ապահովման այն երաշխիքները, որ գոյություն ունեին միջազգային համագործակցության լայն դաշտի շնորհիվ, նվազում են, և երկիրը դառնում է ավելի խոցելի:
«Այս փուլում, ցավոք սրտի, շարունակվելու է լարվածությունը, որովհետև Ադրբեջանն իրեն ավելի ազատ է զգում, ինքը գործ ունի ոչ թե միջազգային հանրությանն ինտեգրված, այլ մեկուսացված Հայաստանի հետ: Ընդ որում, Ադրբեջանը գիտակցում է, որ գործ ունի ոչ միայն մեկուսացված, այլ նաև միջազգային հանրությանը հակադրվող Ռուսաստանի ենթակայությամբ գտնվող Հայաստանի հետ: Դա իրեն մեծ իրավունք է վերապահում նման անպատասխանատվությամբ մոտենալու միջազգային պայմանավորվածություններին, այդ թվում՝ նաև հրադադարի ռեժիմի պահպանման համաձայնագրին»,- ասաց նա:
Արթուր Սաքունցի խոսքով՝ Ադրբեջանն իր վարքագծով ու մոտեցումներով ավելի մոտ է ԵՏՄ տրամբանությանը, քան Հայաստանը: Այդ տեսակետից բավական բարդ իրավիճակ է ստեղծվում, քանի որ պուտինյան Ռուսաստանն ու ալիևյան Ադրբեջանն իրար հետ ավելի շուտ լեզու կարող են գտնել, քան Հայաստանը:
Սաքունցը նկատում է, որ Հայաստանի անվտնագության խնդիրները լուծված չեն ոչ ՀԱՊԿ, ոչ ԵՏՄ շրջանակներում, ինչի մասին խոսում են Հայաստանի իշխանությունները: Քանի որ Հայաստանը նախքան ԵՏՄ-ին անդամագրվելն ուներ այլ հարաբերություններ Եվրամիության, Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, այսինքն՝ միջազգային հանրությանն ինետգրման աստիճանը բավական այլ բնույթ ուներ, այդ համագործակցության բազմազանությունն անվտանգության կարևոր երաշխքիներից մեկն էր հանդիսանում:
«Իսկ հիմա այս մեկուսվածության պայմաններում, իսկ ԵՏՄ-ն դա տնտեսական մեկուսացման կառույց է, որն ունի քաղաքական լուրջ նպատակներ, այն է՝ հակադրվել միջազգային ինտեգրացիոն պրոցեսներին, անվտանգության սպառնալիքներն անխուսափելիորեն պետք է մեծանան: Այդ պարագայում նույնիսկ ՀԱՊԿ-ը անվտանգության երաշխիք չի կարող հանդիսանալ: ՀԱՊԿ-ը մենք լավ լավ հասկանում ենք, որ մեխանզիմ է Ռուսաստանի ձեռքին, բայց առանց տնտեսական բաղադրիչի այդ անվտանգության մեխանիզմը որևէ նշանակություն չէր կարող ունենալ»,- կարծում է նա:
Սաքունցի խոսքով՝ այն արժեքային համակարգն ու մոտեցումները, որ դրված են ԵՏՄ հիմքում, լուրջ և արմատական ազդեցություն են ունենալու քաղաքական, այդ թվում՝ արտաքին և ներքին քաղաքական իրավիճակի վրա: «Այսինքն՝ ինքը խնդիրների լուծման բանաձև չի հանդիսանալու: Հետևաբար դա անվտանգության հետ կապելն անիմաստ է, ավելին, պետք է ասել, որ դա սպառնալիք է անվտանգության տեսակետից»,- ընդգծեց նա:
Աղբյուրը՝ www.lragir.am