Գյումրիում պատժիչ գործողությո՞ւն է իրականացվել
11:06, January 14, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՏՄ, Զինված ուժերԻրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանի իրավապահ մարմիններն ի սկզբանե չպետք է թույլ տային, որպեսզի գյումրեցի ընտանիքին սպանած հանցագործին ռուսական կողմը հայտնաբերեր:
“Զինվորը ռուսական բազայի տարածքից դուրս գալուց հետո գտնվել է Հայաստանի իրավապահ մարմինների սպասարկման տարածքում, հետևաբար նրան պետք է հայտնաբերեին ՀՀ իրավապահ մարմինները”,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սաքունցը:
Նա կասկածի տակ է դնում իրավապահների այն հայտարարությունը, թե հանցագործը բռնվել է հայ-թուրքական սահմանը հատելու ժամանակ: Սաքունցի կարծիքով՝ նրան հայկական տարածքում են հայտնաբերել և հետո ձևակերպել, որ սահմանին են բռնել:
«Հետագա գործողությունները ցույց են տալիս, որ իրենք չեն ցանկացել, որ ռուս զինվորին հայտնաբերեն ու ձերբակալեն Հայաստանի իրավապահ մարմինները: Բայց այն, որ նրան ռուսական կողմն է ձերբակալել, դրա պատասխանատուն էլի Հայաստանի իշխանություններն են, որովհետև ռուսական բազայի զինվորականները զինված ու ազատ շրջում և ըստ էության օպերատիվ- հետախուզական գործողություններ էին իրականացնում Հայաստանի տարածքում: Դա աննորմալ երևույթ է, այսինքն, Պերմյակովին ռուսական ծառայությունների կողմից հայտնաբերելու հնարավորությունն ի սկզբանե տվել են Հայաստանի իշխանությունները: Եթե ռուսական ռազմաբազայի զինծառայողներն իրենց իրավունք են վերապահում զինված մասնակցել օպերատիվ-հետախուզական աշխատանքներին, դա հայկական կողմի թուլության հետևանք է:
Նրանց պետք է ի սկզբանե մերժեին, ասեին՝ գնացեք ձեր բազայի տարածք: Հսկող էիք, այնպես հսկեիք, որ զինվորը չկարողանար դուրս գալ տարածքից»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով, այն, որ ռուսական կողմն է քննելու գործը, դրա մեղավորը նույնպես Հայաստանի քաղաքական իշխանությունն է, քանի որ նման հարցերը պետք է լուծվեն քաղաքական ղեկավարության մակարդակով: Հայկական կողմն իր թույլ պահվածքի պատճառով, նրա խոսքով, որևէ արգումենտ չի կարողանում ներկայացնել, չի պահանջում հանցագործին անպայման հանձնել հայկական քննչական մարմիններին:
Արթուր Սաքունցը նշեց, որ վստահություն չունի, թե գործը օբյեկտիվ ու բազմակողմանի կքննվի՝ հաշվի առնելով ռուսական բազայի ներակայացուցիչների կողմից կատարված մյուս հանցագործությունների քննության դեպքերը:Իրավապաշտպանի կարծիքով՝ այս հանցագործության կատարման ձեռագիրը շատ նման է պատժիչ գործողության: Նման պատժիչ գործողություն 2000 թվականին էր իրականացվել Վահագնի գյուղում, երբ սպանվել էին մեկ ընտանիքի 8 անդամներ:
«Այն բոլոր վարկածները, որ իբր պատահական է եղել, ես դա չեմ կարողանում հասկանալ: Մյուս վարկածն այն է, որ ներկայացվում է, թե նա առաջին իսկ պատահած ընտանիքի նկատմամբ է նման վերաբերմունք դրսևորել: Եթե այդպես է, ապա այս դեպքում պետք է խոսել հենց ռուսական բազայում տիրող բարոյահոգեբանական վիճակի, հայերի նկատմամբ վերաբերմունքի մասին: Այսինքն՝ ռուս զինծառայողներն ունեն ակնհայտ կանախակալ վերաբերմունք իրենց շրջապատում գտնվող Հայաստանի բնակիչների նկատմամբ, որ առաջին իսկ պատահած ընտանիքին կարելի է պատժել»,- ասաց նա:
Արթուր Սաքունցի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ ռուսական բազան՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, ձևակերպումը լուրջ կասկածի տակ պետք է դնել: «Ամբողջ խնդիրը վերաբերում է Հայաստանի տարածքում ռուսական բազայի իրավական կարգավիճակին, նրա նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից վերահսկողությանն ու պահանջներին : Այն խնդիրները, որ գոյություն ունեն ռուսական ռազմաբազայում ՝ ներքին կանոնակարգային հարաբերություններ, կարգապահություն, վերահսկողություն, այդ խնդիրների հետևանքները կրում է նաև հայ հասարակությունը: Բայց մենք նման քարտ-բլանշ չենք տվել այդ բազային, այն պետք է ունենա շատ հստակ գործառույթներ»,- ասաց նա:
Արթուր Սաքունցի խոսքով՝ արդեն իսկ կասկածելի է անվտանգության գործառույթների իրականացումը մի ստորաբաժանման կողմից, որը նույնիսկ իր զիվորների նկատմամբ չի կարողանում պատշաճ վերահսկողություն իրականացնել:«Այսինքն՝ առաջ է գալիս այն հարցը, թե որքանո՞վ կարող ենք օրինական և հիմնավոր համարել ռուսական բազայի գտնվելը Հայաստանի տարածքում: Դա պետք է հստակ քննարկման առարկա դառնա: Այդ հարցը պետք է դրվի հանրային օրակարգում»,- ասաց նա:
Սաքունցի դիտարկմամբ՝ Գյումրիի ռուսական ռազմաբազան մշտապես հանդիսացել է որպես վտանգի աղբյուր՝ ելնելով քաղաքական նպատակներից: Բայց հիմա արդեն, բացի քաղաքական նպատակներից, այդ դրսևորումները մենք տեսնում ենք կենցաղում, երբ այդ բազան վտանգավոր է դառնում քաղաքացու և նրա ընտանիքի կյանքի համար:
Արթուր Սաքունցը հիշեցնում է, որ 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ տեղեկատվություն եղավ, որ Մառնեուլի մոտ վրացական տարածքների ռմբակոծումը կատարվել է այն ռազմական ինքնաթիռների կողմից, որոնք օդ էին բարձրացել Գյումրիի ռուսական ռազմաբազայից:
“Դրա վերաբերյալ այն ժամանակ պաշտպանության նախարարն ասաց, որ նման բան չկա: Ես բարձրացրեցի հարցը, իսկ դուք ունե՞ք մոնիթորինգ ռուսական բազայի զինված տեխնիկայի տեսաշարժի վերաբերյալ: Եթե ռուս զինծառայողը կարող է Կալաշնիկով ավոտմատով ազատ ման գալ Գյումրիի փողոցներում, դա նշանակում է, որ շատ թույլ հսկողություն կա, եթե չասենք, որ ընդհանրապես չկա: Այսինքն՝ այս դժբախտ դեպքն այն կիզակետը հանդիսացավ, որն ի մի բերեց ռուսական ռազմաբազայի վերաբերյալ բազմաթիվ մտահոգությունների մի ամբողջ շարք”,- նշեց նա:
Աղբյուրը՝ www.lragir.am