Փաստերը վկայում են, որ Գյումրիում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն
13:33, January 21, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Երեկ ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ հավաստիացնում են, որ հանցագործը և նրանք, ովքեր նրա թիկունքին կարող էին լինել, արժանի պատիժ կստանան: Սա արդյոք չի նշանակում, որ նրանց կողմից չկա Հայաստանի իրավապահներին գործի քննությունը հանձնելու ցանկություն:
Ռուսաստանի հայտարարությունը Սերժ Սարգսյան և Պուտին հեռախոսային խոսակցությունից հետո առաջին պաշտոնական հայտարարությունն էր Գյումրիի դեպքից հետո և իր բովանդակությամբ այնպիսին էր, որը կարող էր ցանկացած անձ կամ ՀԿ, կամ քաղաքացի իր վերաբերմունքն արտահայտել: Նման հայտարարություն չէր կարող արվել մի պետության կողմից, որի ռազմական բազայի ծառայողը, ըստ էության, ապօրինի թողնելով իր զինվորական ծառայության վայրը, ոչնչացրել է մի ամբողջ ընտանիք: Այսինքն` այստեղ պատասխանատվության գիտակցման որևէ նշույլ անգամ չկա: Բացի այդ` արարքը և այդ սպանդը, ըստ իր բովանդակության, նույնպես չկա: Նման հայտարարություն կարող էր լինել մահվան ելքով ավտովթարի կամ քրեական այլ հանցագործության դեպքում: Բայց սա չի կարող լինել այն պետության հայտարարությունը, որը պատասխանատվություն է կրում իր ռազմական բազայում կարգապահության պահպանման, իրավիճակի վերահսկողության համար, վերջին հաշվով այն զինվորի համար, որը ՌԴ պաշտոնական ներկայացուցիչն է հանդիսանում, ավելին՝ ռուսական զենքից է տեղի ունեցել սարսափելի սպանությունը:Միաժամանակ, ես ՌԴ դեսպանատնից այլ բան չեմ էլ ակնկալում, քանի որ նման պահանջ ես նախևառաջ պետք է ձևակերպեմ ՀՀ իշխանությունների առջև` Սերժ Սարգսյան, ԱԺ նախագահ, ԱԳ նախարար, գլխավոր դատախազ, նաև քաղաքական ուժեր, որոնք պետք է ոչ թե ցավակցական խոսքեր ասեին, այլ երևույթի բուն բովանդակությանն անդրադառնային և գնահատականներ տային:
ՀՀ իշխանություններն, ըստ էության, բացարձակապես որևէ գնահատական չտվեցին ՌԴ-ի և նրա ռազմաբազայի հրամանատարության պատասխանատվության վերաբերյալ: Ավելին, մինչև այժմ մենք որևէ տեղեկություն չունենք, թե արդյոք գլխավոր դատախազը կատարել է Շիրակի մարզի դատախազության առջև տված իր խոստումը, որ պաշտոնապես նամակով կդիմի ՌԴ դատախազությանը՝ հանցագործության մեջ կասկածվողին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով: Մենք նաև ակնկալում ենք, որ այդ գրությունը նաև պետք է հրապարակվեր, որ մենք իմանայինք դրա բովանդակությունը: Այսինքն, ՌԴ-ի՝ որպես պետության դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության նման ձևն ու բովանդակությունը, մոտեցումը կապում եմ ՀՀ իշխանությունների պահվածքի և դիրքորոշման հետ: Ըստ էության, միակ պահվածքը լռությունն էր, զգուշությունը, որ հանկարծ չբարկացնի Մոսկվային, կամ բացասական կերպով իր գնահատականները չընկալվեն ՌԴ քաղաքական ղեկավարության կողմից: Իսկ հնչող ցավակցական խոսքերը, Պուտինի զանգը և ռուսական լրատվամիջոցներով տեղեկատվության տարածման փաստը պայմանավորված էր գյումրեցիների բողոքի ցույցերով: Այսինքն` սա արձագանք է անիշխան մնացած ՀՀ քաղաքացիների ընդվզման, որոնց սիրտը փորձում են շահել, իրենց դեմքը փոքր-ինչ փրկել հանրության առջև, որովհետև ՀՀ իշխանության առջև դեմք փրկելու խնդիր չունեն ՌԴ ներկայացուցիչները:
Հնարավո՞ր է՝ հանրային ճնշման տակ գործը հանձնեն ՀՀ իրավապահներին:
Վերջին գործողությունները, նկատի ունեմ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչների վերջին մեկնաբանությունները, նրանց այցելությունները Հայաստան, մասնավորապես ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարի այցելությունը, նաև Հայաստանի քննչական կոմիտեի հետ համատեղ հայտարարությունը, ՌԴ դեսպանատան հայտարարությունը, մերձկրեմլյան փորձագետների հայտարարությունները, ինձ հիմք են տալիս եզրակացնելու, որ ռուսական կողմը միանշանակ հակված չէ Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին: Բացի այդ, դեռ որ չեմ տեսնում, որ հայկական կողմը հակված է նման պահանջ ներկայացնելու ՌԴ իշխանություններին: Այն մոտեցումը, որ համատեղ պետք է աշխատենք, սա արդեն քաղաքացիների պահանջի չկատարման սքողումն է:
Միանշանակ է, որ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, միանշանակ է, որ Պերմյակովը Ռուսաստանի ռազմական բազայի հսկողության ներքո հայտնվել է ՀՀ իշխանությունների անգործության հետևանքով, եթե չասեմ ուղղակի աջակցությամբ, և ՌԴ բազան ՀՀ տարածքում դուրս է գտնվում ՀՀ իշխանությունների հոսկողությունից: Ավելին`որևէ պատասանատվություն ռազմական բազան ՀՀ իշխանությունների և իրավապահ մարմինների առջև չունի: Ռուսական ռազմաբազան միակ պատասխանատվությունը կրում է իր իշխանությունների առջև, և քանի որ ՌԴ-ն որևէ գործընկերային հարաբերություն չունի ՀՀ իշխանությունների հետ, այդ վերաբերմունքը ցայտուն դրսևորվում է իրենց պաշտոնատար անձանց մեկնաբանություններում և ռազմական բազայի վարքագծով:
Ես մեկ փաստ բերեմ. ըստ ռազմական բազայի հայտարարության` Պերմյակովը պոստը թողել է վեցից ավելի շուտ, և 06.30-ին կատարել այդ ոճրագործությունը: Սպանված Ավետիսյաններին հայտնաբերել է հարազատը 10:00-10:30-ին: Այսինքն` որևէ քայլ, որևէ տեղեկություն ՀՀ իրավապահ մարմինները չեն արել և չեն ունեցել որևէ տեղեկություն ռազմաբազայի տարածքը ինքնակամ լքված զինծառայողի վերաբերյալ: ՀՀ ոստիկանությունն իր օպերատիվ հետախուզական գործողություններն սկսել է 12:00-ին: Այսինքն ռուսական բազան անգամ հարկ չի համարել կատարել իր պարտավորությունը` իրազեկելու ՀՀ իրավապահ մարմիններին Պերմյակովի` ռուսական բազայի տարածքը զենքով ինքնակամ լքելու մասին, որի դեպքում ՀՀ իրավապահ մարմիններն ավելի շուտ կսկսեին հետախուզությունը և գուցե հնարավոր լիներ կանխել ոճրագործությունը: Ռուսական բազայի ներկայացուցիչները չեն հայտնել իրենց դասալիքի մասին, և դա պայմանավորված է Հայաստանի քաղաքական ղեկավարության նկատմամբ նրանց անպատասխանատու, անհարգալից վերաբերմունքով:
Մյուս կողմից, մի կարևոր փաստ պետք է արձանագրենք. Սպանության ձեռագիրը, ընտանիքի ամբողջ կազմի վերացումը միանշանակ հերքում է շարժառիթներից այն մասը, թե տեղի ունեցածը վրեժ է կամ թիրախային Ավետիսյաննների ընտանիքին ոչնչացնելու միտում է ունեցել: Ձեռագիրը, որն ունի պատժիչ բնույթ, և ընտանիքի ամբողջ ոչնչացումը նշանակում է, որ նպատակ չեն ունեցել պատժել, որ ցավ պատճառեն, այլապես ընտանիքի մի քանի անդամի կենդանի կթողնեին, որ ցավն զգային: Ամբողջ ընտանիքի վերացումն ուղղված է ոչ թե Ավետիսյանների ընտանիքին, այլ ամբողջ հանրությանը: Այսինքն, կենցաղային մակադակի հանցագործության որակումը որևէ հիմնավորում չունի հանցագործության ձեռագրի և ընտանիքի ոչնչացման փաստի հետ: Փաստերը վկայում են, որ տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, և այդտեղ շատ պատահական է եղել Ավետիսյանների ընտանիքը, կարող էր լիներ ցանկացած ընտանիք: Եվ ահաբեկչության նպատակն է եղել վախի մթնոլորտի ձևավորումը Գյումրիի քաղաքում և ահաբեկչություն ընդդեմ ՀՀ բնակչության:
Նրանք արդեն ահաբեկել են Սերժ Սարգսյանին` ստիպելով ստորագրել ՄՄ-ի, ապա ԵՏՄ-ի պայմանագիրը, արդեն իսկ ահաբեկել են ՀՀ իշխանություններին, ամբողջ ԱԺ-ին՝ բացառությամբ մի քանի պատգամավորների: Ահաբեկման մյուս թիրախը պետք է հանդիսանար հանրությունը, որովհետև Ուկրաինայի դեպքը ցույց տվեց, որ նրանք կարող են Յանուկովիչին վախեցնել, ստիպել, որ նա հրաժարվի ասոցացման պայմանագրի ստորագրումից, բայց չկարողացան ահաբեկել Ուկրաինայի հանրությանը, որը ընդվզեց և դուրս եկավ ընդդեմ իր նախագահի միանձնյա որոշմանը: Հիմա երևի թե ՌԴ-ի և նրա դեսպան Վոլինկինի այն մտահոգությունները, որ պետք է չեզոքացվեն այն ՀԿ-ները, նաև այն բոլոր ուժերը, որոնք սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում, խոսում է այն միտման մասին, որ պետք է ահաբեկել նաև ՀՀ հանրությանը, որպեսզի ընդհանրապես որևէ ընդվզում ԵՏՄ անդամակցության հետ կապված չլինի:
Եվ նման մեսիջ է ուղարկված, որ հանկարծ չփորձեք ընդվզել ՀՀ իշխանությունների ԵՏՄ անդամագրման դեմ և չխոչընդոտեք ՀՀ գաղութացմանը: Սա մեսիջ էր հանրությանը, որն ի տարբերություն 2013-ի աշնան, իր վերաբերմունքը փոխել է Հայաստանի` ԵՏՄ անդամակցության վերաբերյալ: Ավելին` հատկապես հաշվի առնենք, որ բոլոր ակնկալիքները, որ Հայաստանի հանրությունն ուներ ԵՏՄ անդամակցման հետ կապված` կենսամակարդակի բարելավման, էներգառեսուրսների գների նվազեցման, միգրացիոն կանոնների վերանայման հարցերում, չեն արդարացել, անգամ դժվարացել են, և ոչ մի բան չունեն առաջարկելու հանրությանը, բացի ահաբեկելուց:
Այսինքն, Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու ոչ մի ակնկալիք չե՞նք կարող ունենալ:
Անհայտորեն Պերմյակովին չեն հանձնելու ՀՀ իրավապահներին, քանի որ ՀՀ իրավապահների հսկողության տակ լինելու դեպքում Պերմյակովը կխոսի, զերծ կլինի ռուսական բազայի անմիջական գործողությունից, իսկ հիմա նա կատարելու է ռուսական կողմի կամքը և հրահանգները: Այսինքն` օբյեկտիվ քննություն իրականացելու մասին որևէ խոսք լինել չի կարող, քանի դեռ նա գտնվում է ռուսական իրավապահ մարմինների և ռուսական ռազմաբազայի անմիջական հսկողության տակ: Եվ այս պարագայում հանցագոծությունը կոծկվում է, և այդ գործընթացը կոծկելու համար նմանատիպ հայտարարություններ են արվում: Օրակարգային խնդիր է մնում Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու խնդիրը, և եթե դա չարվի, ուրեմն ՀՀ իշխանությունները նույնպես մասնակցում են հանցագործության կոծկմանը և հայտնվում են հայ հասարակության նկատմամբ պուտինիստական ահաբեկչությանն աջակցողների դիրքում և շարքում:
Աղբյուրը՝ www.lragir.am