Ես պատրաստ եմ բռունցքներով պայքարել իմ ժողովրդի, երկրի համար. Շանթ Հարությունյան
10:40, January 26, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ2015 թ. հունվարի 23-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Խաչատրյանի, շարունակվեց 2013 թ. նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ավարտվեց գործով ներգրավված պաշտպանների կողմից վերաքննիչ բողոքների հրապարակումը, վերաքննիչ բողոքներով հանդես եկան նաև ամբաստանյալներ Ալեք Պողոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Վահե Մկրտչյանը, Միսակ Առաքելյանը, Ալբերտ Մարգարյանը, Լիպարիտ Պետրոսյանը և Վարդան Վարդանյանը:
Սույն դատական նիստին վերաքննիչ բողոքներով հանդես եկան Շահեն Հարությունյանը և Շանթ Հարությունյանը: Շահեն Հարությունյանը միացավ իր պաշտպանի վերաքննիչ բողոքին:
Դատական նիստի ընթացքում Շանթ Հարությունյանը նշեց, որ գործի ինչպես նախաքննության այնպես էլ դատաքննության ընթացքում չի կատարվել համակողմանի քննություն, քանի որ չեն բացահայտվել իր կողմից նախաձեռնված արժեքների հեղափոխության դրդապատճառները: Իր խոսքում նա հայտնեց, որ իր համար բացարձակ միևնույն է՝ թշնամին ներսում է, թե դրսում, ինքը պատրաստ է բռունցքներով պայքարել իր ժողովրդի, երկրի համար:
Գործով մեղադրող Գ. Գևորգյանն առարակեց ներկայացված վերաքննիչ բողոքների դեմ, նշեց, որ դրանցով բարձրացված փաստարկները ներկայացվել են նաև ստորադաս դատարանում դատաքննության ընթացքում, նշեց, որ բողոքարկվող դատական ակտը հիմնավորված և պատճառաբանված է, ձեռք բերված ապացույցները բավարար են եղել մեղադրական դատավճիռ կայացնելու համար, խնդրեց մերժել բողոքները և դատական ակտը թողնել անփոփոխ:
Դատարանն անցավ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունների քննարկման փուլին, սակայն դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2015 թ. հունվարի 30-ին, ժամը 15:00-ին: