ՀՀ քննչական կոմիտեն համառում է
11:12, March 9, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունքՀենց այս սկզբունքով է առաջնորդվում ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ոստիկանության Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնում հոգեբանական ճնշումների ենթարկված Անի Բոշյանի գործի հետ կապված:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀՀ Հատուկ քննչական կոմիտեի կողմից ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողությւոնների փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Այժմ այս քրեական գործով շարունակվում է նախաքննությունը, տեղի են ունեցել մի շարք հարցաքննություններ:
2015 թ. փետրվարի 7-ին Կենտրոն հեռուստաընկերության «Քո սխալը» հաղորդաշարի շրջանակներում ներկայացվեց Անի Բոշյանի նկատմամբ ոստիկանության բաժանմունքում իրականացված ճնշումների հիմքով հարուցված քրեական գործի մանրամասները, ինչպես նաև այդ գործի նախաքննության ընթացքի մասին և որոշակի տվյալներ այն գործից, որով Անի Բոշյանը ներգրավված է որպես մեղադրյալ:
Եթերը մեծ աղմուկի պատճառ դարձավ և հասարակության առավել լայն շերտեր իմացան ոստիկանության աշխատակիցների ապօրինությունների վերաբերյալ:
2015թ. փետրվարի 11-ին, ժամը 19:18-ին, ՀՀ քննչական կոմիտեն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով տարածեց տեղեկատվություն, որում ներկայացրել էր Անի Բոշյանին առաջադրված մեղադրանքը և այդ քրեական գործի բոլոր մանրամասները: Անի Բոշյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը ներկայացվում էր այնպիսի համոզմամբ, որով կարող է հանդես գալ միայն դատարանը՝ մեղադրական որոշում ընթերցելիս: Միաժամանակ, ՀՀ Քննչական կոմիտեն լռության է մատնում ոստիկանության աշխատակիցների և Անի Բոշյանի նկատմամբ քրեական գործը վարած քննիչի կողմից ապօրինի գործողությունների փաստով ՀՀ ՀՔԾ-ի կողմից քննվող գործը:
ՀՀ քննչական կոմիտեի կողմից այս տեղեկատվությունը տարածվեց մի շարք էլեկտրոնային լրատվական էջերով:
Կարելի է արձանագրել, որ տեղեկատվությունը միտումնավոր տարածվել է լրատվական կայքերով, քանի որ մինչ ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումը, փետրվարի 10-ին՝ ժամը 00:10-ին, Փաստինֆո կայքում հրապարակվել է «Կանացի վրեժ՝ Ֆոտոշոփի և համացանցի միջոցով» հոդվածը, որում առկա էր այնպիսի տեղեկատվություն, որը հնարավոր է ձեռք բերել միայն այդպիսի տեղեկատվություն տիրապետող կառույցից կամ անձից:
Գտնում ենք, որ նման մեթոդով ՀՀ քննչական կոմիտեն փորձում է հանրության ուշադրությունը շեղել ոստիկանության աշխատակիցների կատարած անօրինական գործողություններից, խախտելով Անի Բոշյանի անմեղության կանխավարկածը:
Հ.Գ. Այսօր, 2015թ. մարտի 9-ին ժամը 11:00-ին ՀՀ ընդհանուր իրավասության Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում կսկսվի Անի Բոշյանին առաջադրված մեղադրանքով քրեական գործով առաջին դատական նիստը: