Եթե այսպես շարունակվի, սահմանադրական փոփոխությունները ՀՀ-ում ժողովրդավարության ավարտը կդառնան. Արթուր Սաքունց
15:00, March 9, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մասին Սարգսյանն իր դիրքորոշումը կարտահայտի 2015-ի փետրվար-մարտ ամիսներին: Նշենք, որ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր հայտարարում էին, որ այս փոփոխությունները հնարավորություն կտան Սերժ Սարգսյանի վերարտադրության համար:
Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի և Սերժ Սարգսյանի վերարտադրության վերաբերյալ մենք զրուցեցինք իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
Նա նշեց, որ երբ ուսումնասիրում է սահմանադրական փոփոխությունների այն հայեցակարգը, որը հասանելի է հանրությանը, և համեմատում է մեր իրականության հետ, հետևյալ խնդիրներն է տեսնում:
«Գործող Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ չի կարող առաջադրվել որպես ՀՀ նախագահ: Եթե ինքը փոխում է և դարձնում է խորհրդարանական համակարգ, այդ դեպքում՝ ճիշտ է, կմնա նախագահի պաշտոնը, բայց ինքը կլինի արդեն պառլամենտական կառավարման համակարգում, նախագահի պաշտոնը չունի նույն լիազորությունների շրջանակը, ինչպես հիմա: Այս պարագայում շատ ավելի մեծ վտանգ կա, վտանգն այն է, որ դե ֆակտո Հայաստանում գործում է մեկ կուսակցության համակարգ»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նա տեղեկացրեց, որ երբ իրենք ուսումնասիրում են քաղաքական կուսակցությունների՝ ԿԸՀ-ին ներկայացրած հայտարարագրերը՝ ունեցվածքի, գույքի, ֆինանսական միջոցների, ապա տեսնում են, որ ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որ ՀՀ բոլոր տարածքներում ունի սեփականություն, անշարժ գույք, նույնիսկ հողատարածքներ, իսկ ֆինանսական ռեսուրսներն ուղղակի անհամեմատելի են:
Արթուր Սաքունցի խոսքերով՝ նույնիսկ մինչև վերջին իրադարձությունները, երբ որ նայում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ունեցվածքը, ապա տարածքների մեծ մասը վարձակալության հիմունքներով էին օգտագործվում, այսինքն, ըստ էության, դրանք ոչ թե կուսակցության սեփականությունն էին, այլ ինչ-որ վարձակալած տարածքներ:
«Պարզ է, որ հիմա՝ այս պարագայում, երբ, ըստ էության, լուրջ ճնշման տակ հայտնվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ու պարզ է, որ Գագիկ Ծառուկյանն արդեն հեռացավ, և նրան արգելված է նույնիսկ ֆինանսական որևէ աջակցություն ցույց տալ իր իսկ կուսակցությանը, դե ֆակտո միակուսակցական համակարգն անվիճելի է, նման պարագայում պառլամենտական կառավարման համակարգի անցումը կոչվում է մեկ կուսակցական համակարգի ամրագրում, այն, ինչը Խորհրդային միության օրոք էր՝ կար կոմկուսը: Այսինքն՝ մեկ կուսակցության լեգիտիմացում է գնում. սա կոչվում է բռնապետության ամրագրում»,- ասաց Արթուր Սաքունցը:
Վերջինս նաև ասաց, որ պառլամանետական համակարգում, եթե կան ժողովրդավարական ավանդույթներ, եթե կա մրցակցություն տնտեսության մեջ, եթե կա անկախ դատական իշխանություն, նման պարագայում դա նորմալ բան է՝ նույն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը, Անգլիան, շատ երկրներ կան, բայց Հայաստանի պարագայում իրավապաշտպանը դա համարում է տիպիկ խորհրդային համակարգի վրա վերարտադրում:
«Այս պարագայում, երբ որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ չի հավակնում նախագահ լինելուն, շատ զարամանալի կլիներ, որ հավակներ, այստեղ ցինիկ բան կա, ոնց որ թե որ հավակներ՝ կկարողանար: Չեր կարող: Բայց պարզ է, որ նման պարագայում երկրի համար որոշիչ պաշտոն հանդիսանում է կամ վարչապետի պաշտոնը, կամ Աժ նախագահի պաշտոնը: Մեկ կուսակցական համակարգի պարագայում իրապես որոշիչ նշանակություն ունեն երկուսն էլ»,- ասաց Սաքունցը:
Նրա խոսքերով՝ քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ վարչապետ էլ չի ուզում, մնում է ԱԺ նախագահը, որը դառնում է «նայողը»՝ ԱԺ-ի և Կառավարության, որովհետև Կառավարությունը խորհրդարանական համակարգի դեպքում հաշվետու է լինելու ԱԺ-ին, բայց քանի որ ինքը միաժամանակ կպահպանի կուսակցության ղեկավարի պաշտոնը, կլինի մի շատ հետաքրքիր կոնֆիգուրացիա, որը, ըստ էության, գիտակցաբար, թե ոչ գիտակցաբար, արդեն իսկ ամրագրեց:
«Դա փետրվարի 12-ի հայտնի ելույթն էր, որ ՀՀԿ-ի ղեկավարը և նախագահի պաշտոնը զղաղեցնող անձը քաղաքական բովանդակությամբ ելույթ է ունենում և պետական մարմիններին հրահանգներ է տալիս ոչ թե անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կամ նախագահական նստավայրում խորհրդակցության ժամանակ, այլ հենց ՀՀԿ-ի Գերագույն մարմնի նիստում, այսինքն՝ նա փետրվարի 12-ին ՀՀԿ-ի ԳՄ-ն ամրագրեց որպես պոլիտ բյուրո, որտեղ որոշվում են պետական նշանակության հարցեր: Դրա ամրագրումը որպես պետական բարձրագույն մարմին՝ խորհրդարանական համակարգի միջոցով, ուղղակի միակ տրամաբանական ընթացքն է դառնում, եթե, իհարկե, դա այդպես շարունակվի»,- ասաց Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ դա ՀՀ-ում կլինի ժողովրդավարության ավարտը, եթե ուրիշ բան չարվի:
Այն հարցին, թե ինքը և այլ իրավապաշտպան կազմակերպություններ արդյոք որևէ կերպ արձագաքնելու են այդ ամենին, Սաքունցն ասաց, որ ինքը դեռ այլ հ/կ-ների հետ լրջորեն չի քննարկել դա, բայց իրենց մտահոգությունների շուրջ և՛ քննարկումներ, և դիրքորոշումներ, և՛ պահանջներ, և՛ լուրջ ահազանգեր անպայման կներկայացնեն՝ դա միանշանակ է:
Նա նաև ասաց, որ առայժմ ունեն հարթակ, տարածք, որտեղ իրենց կարծիքը ձևակերպելու ներկայացնելու հնարավորությունը կա, իսկ դրանից բացի, Սաքունցի խոսքերով, այս պահին կա միակ տարբերակը ԵՄ-ի հետ համագործակցելու հույսն է, որովհետև ԵՏՄ-ի պարագայում դա ամենակատարյալ մոդելն է, որը դիկտատորական երկրների ակումբի տրամաբանությունից է բխում:
Աղբյուրը՝ newsline.am