Լրագրողներն ու իրավապաշտպանները՝ խոշտանգումների դեմ պայքարի միջոցներ փնտրելիս
16:59, March 19, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքԴասընթացը վարում էին լրագրության եւ մեդիա կառավարման կովկասյան դպրոցի դասախոսները
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Մարդու Իրավունքների Տուն-Երեւան»-ի եւ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ 2015-ին իրականացնում է «Խոշտանգումների դեմ պայքարի գործընթացում ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների դերը» թեմայով դասընթաց՝ Նիդերլանդների թագավորության դեսպանատան ու Սիգրիդ Րոսինգ թրաստ (SRT) կազմակերպության համաֆինանսավորմամբ: Դասընթացը նպատակ ունի բարձրացնել լրագրողների եւ իրավապաշտպանների մասնագիտական կարողությունները` խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ դրսեւորումների բացարձակ արգելքին ուղղված գործընթացում:
Ծրագրի շրջանակներում պլանավորվում է հանդիպում-դասընթացներ ունենալ ֆիզիկական եւ հոգեբանական բռնության ենթարկված անձանց (խոշտանգումների, վատ վերաբերմունքի եւ ընտանեկան բռնության զոհերի) հետ աշխատող իրավաբանների, հոգեբանների, առողջապահության ոլորտի այլ մասնագետների, լրագրողների եւ մարդու իրավունքի պաշտպանների հետ, իրավական կամ հոգեբանական աջակցության միջոցով օգնություն տրամադրել խոշտանգման զոհերին:
Օրերս մայրաքաղաքում վերը նշված թեմաների շուրջ դասընթաց անցկացվեց մարդու իրավունքի պաշտպանների եւ լրագրողների շուրջ 30 հոգանոց խմբի համար: Խոշտանգումների վերաբերյալ մարդու իրավունքների հռչակագիրը, խոշտանգման սահմանումը, իրավական եւ հոգեբանական կողմերը, հոգեբանական հետեւանքները, խոշտանգումների դեմ պայքարի գործընթացում ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների դերը, Հայաստանի տարբեր մարզերում գործող ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների միջեւ համագործակցության ուղիները, մշտադիտարկման եւ փաստաթղթավորման եղանակներն ու լրագրող-իրավաբան արդյունավետ համագործակցությունը դասընթացի հիմնական թեմաներն էին, փորձագետները հարեւան երկրից էին՝ Հանրային գործերի վրացական ինստիտուտի (GIPA) Լրագրության եւ մեդիա կառավարման (CSJMM) կովկասյան դպրոցի դասախոսներ Թինա Ծոմայան եւ Նինո Դանելիան: Վերջինս դասընթացը գնահատեց արդյունավետ՝ տրավմայի եւ խոշտանգման շուրջ մասնակիցների աշխույժ քննարկման ու բազմաթիվ օրինակների առկայության տեսանկյունից.
-Մարդկային բնույթը նույնն է բոլոր երկրներում ու ամեն տեղ էլ կա եւ բռնություն, եւ խոշտանգում, եւ բնական աղետներ, եւ տրավմա,-օրվա ավարտին խնդիրները տեղայնացնելով կովկասյան երկրների վրա, ամփոփեց Նինո Դանելիան,-տարբերությունն այն է՝ ինչպես ենք մենք դրան արձագանքում: Հաճախ մեր ձեռքի տակ եղած հետազոտության արդյունքները ճիշտ չենք օգտագործում, չգիտենք դրանց ինչպես արձագանքել, կամ ընդհանրապես չենք խոսում այդ մասին, հետեւություններ քիչ ենք անում: Մեր առավելությունն այն է, որ մենք կարող ենք զարգացած երկրների փորձը վերցնել, ուսումնասիրել ու տեղայնացնել մեր երկրներում:
Ծրագրի վերջնարդյունքին հասնելու համար կազմակերպիչները եւս երկու դասընթաց են նախատեսում հոգեբանների, բուժաշխատողների, իրավաբանների եւ մարդու իրավունքի պաշտպանների համար՝ Հայաստանի ողջ տարածքից՝ քննարկելու խոշտանգման ենթարկվածների, վնասվածքների հետեւանքների եւ ֆիզիկական ու հոգեբանական բռնության ենթարկված անձանց (խոշտանգումների, վատ վերաբերմունքի եւ ընտանեկան բռնության զոհերին) ցուցաբերվող օժանդակության առանձնահատկությունները:
Ծրագիրը կավարտվի խոշտանգումների ենթարկված անձանց եւ նրանց ընտանիքների համար ռեսուրսների հավաքածուի պատրաստմամբ ու տարածումով:
Աղբյուրը՝ www.asparez.am