Մեկ ամբողջական քրեական գործին ծանոթանալու համար դատավորը փաստաբանին 2 օր ժամկետ տվեց
16:26, March 24, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունքԱյսօր՝ 2015 թ. մարտի 24-ին Լռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր անտառապետ Թովմա Մաթևոսյանի սպասնության մեջ մեղադրվող Տիգրան Մելիքյանի գործով դատական նիստ:
Դատական նիստին ներկայացել էին մեղադրող դատախազ Ա. Շիրոյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ե. Վարոսյանը, մեղադրվող Տիգրան Մելիքյանը և փաստաբան Արա Զաքարյանը, ով այս դատական նիստի ժամանակ ներգրավվեց, որպես ամբաստանյալ Տիգրան Մելիքյանի շահերի պաշտպան:
Դատավոր Ա. Մկոյանըը հետաքրքրվեց, թե որքան ժամանակ է անհրաժեշտ Տ. Մելիքյանի փաստաբանին գործի նյութերին ծանոթանալու համար: Հարցին ի պատասխան Արա Զաքարյանը նշեց, որ գործի 5 հատորներին, ավելի քան մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած դատական նիստերի արձանագրություններին և նախաքննության նյութերին ծանոթանալու համար իրեն անհրաժեշտ է մեկ ամիս ժամանակ: Ի պատասխան դատավորի հարցին՝ արդյոք մեղադրողն ունի առարկություն, մեղդրող Ա. Շիրոյանը նշեց, որ ինքը ողջամիտ ժամանակ է համարում 2 օրը, և ըստ իրեն, գործը բարդ չէ և նրան ծանոթանալու համար երկար ժամանակ անհրաժեշտ չի լինի:
Փաստաբնաը նշեց, որ երկօրյա ժամկետում հնարավոր չէ ընթերցել և հասկանալ գործի 5 հատորները, լսել 20 դատական նիստի ձայնագրություն և այցելել իր պաշտպանյալին՝ ճշտելու նրա դիրքորոշումը: Փաստաբանը նաև նշեց, որ, եթե ըստ դատախազի գործն այդքան պարզ է, ինչու է ավելի քան մեկ տարի շարունակվում:
Չնայած փաստաբանի պնդումներին, դատավոր Ա. Մկոյանը որոշում կայացրեց դատական նիստը հետաձգել մինչ սույն թվականի մարտի 26-ը՝ ժամը 13:00-ն, այդպիսով փաստաբանին տալով ընդամենը 2 օր ժամանակ` քրեական գործի նյութերին ծանոթանալու համար: