Տարոն Սիրադեղյանի գործով տեղի ունեցավ նախնական դատական նիստ
16:32, April 2, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, Իրավունքների չարաշահման արգելում | Ոստիկանություն2015 թ. ապրիլի 1-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ՝ Հ. Այվազյանի, կայացավ նախորդ տարվա հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կայանալիք բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված Տարոն Սիրադեղյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ներակայացված հայցով նախնական դատական նիստը: Նախնական դատական նիստին մասնակցում էին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը, պատասխանող Տարոն Սիրադեղյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Սույն գործով ՀՀ ոստիկանության հայցի հետ համատեղ քննվում է նաև պատասխանողի կոմից դատարան ներկայացված հակընդդեմ հայցը, որով պատասխանողը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության գործողությունները:
Նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Ա. Դեմիրխանյանը ներկայացրեց հայցի առարկան ու հիմքերը:
Պատասխանողի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանն առակեց ներկայացված հայցի դեմ, նշեց, որ այն անհիմն է, ներկայացված չեն բավարար ապացույցներ, որոնք կվկայեն պատասխանողի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստի մասին: Այնուհետև, պատասխանող կողմը որոշ հարցեր ուղղեց հայցվորի ներկայացուցչին: Մասնավորապես պատասխանողի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը փորձել ճշտել, թե ինչ պահանջ է ներկայացվել պատասխանողին, որտեղ և երբ է ներկայացվել պահանջը: Ա. Դեմիրխանյանը պատասխանեց, որ ոստիկանության աշխատակիցները հավաքի մասնակիցներին փողոցը բացելու, երթևեկությանը չխոչընդոտելու պահանջ են ներկայացրել, այդ պահանջը ներայացվել էր ինչպես Ֆրիկ փողոցում ոստիկանության ավտոմեքենայի դիմացը փակած մասնակիցներին, այնպես էլ, ինչպես նշեց ներկայացուցիչը, դրանից հետո՝ ներքևում: Նա չկարողացավ նշել, թե կոնկրետ որտեղ և ոստիկանության որ աշխատակցի կողմից է Տարոն Սիրադեղյանին պահանջ ներկայացվել, հայտնեց, որ ներկայացվել է ընդհանրական պահանջ, որովհետև այն ներկայացվում է ընդհանուր՝ բոլոր իրավախախտներին: Ընդ որում, այդ պահանջն, ըստ ներկայացուցչի, յուրաքանչյուր ոստիկանի կողմից ներկայացվել է յուրովի: Որպես ոստիկանության պահանջի իրավական հիմք՝ Ա. Դեմիրխանյանը նշեց հավաքի մասնակիցների կողմից այլ անձանց իրավունքների խախտումը:
Պատասխանող կողմի հարցերից հետո հայցվորի ներկայացուցչին որոշ հարցեր ուղղեց նաև նախագահող դատավոր Հ. Այվազյանը: Մասնավորապես, դատավորը հարցրեց, թե կոնկրետ որ ոստիկանի կողմից է հնչեցվել օրինական պահանջը և ինչ կերպ է այն հնչեցվել: Ա. Դեմիրխանյանը նշեց, որ բազմաթիվ աշխատակիցների կողմից հնչեցվել է պահանջ, սակայն զեկուցագիրը կազմվել է Ա. Կարապետյանի կողմից, այնուհետև միջնորդեց նրան գործով ներգրավվել որպես վկա: Պատասխանող և միաժամանակ հակընդդեմ հայցվոր Տարոն Սիրադեղյանի ներկայացուցիչը չառարկեց միջնորդության դեմ, նշեց, որ իրենք ևս բազմաթիվ հարցեր ունեն ուղղելու ոստիկանության աշխատակցին: Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը:
Այն հարցին, թե արդյոք ներկայացված պահանջը եղել է լսելի կոնկրետ պատասխանողի համար, հայցվորի ներկայացուցիչը պարզաբանեց, որ ոստիկանության կողմից պահանջը բարձրախոսով չի հնչեցվել, ներկայացվել է անմիջական պահանջ:
Այնուհետև, սույն գործով հակընդդեմ հայցվոր Տարոն Սիրադեղյանի ներկայացուցիչը ներկայացրեց հակընդդեմ հայցի առարկան և հիմքերը: Մասնավորապես, նշեց, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից անօրինական կարգով սահմանափակվել է հավաքը, հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ, որի արդյունքում հակընդդեմ հայցվորն ստացել է ֆիզիկական և գույքային վնաս, իսկ այնուհետև անօրինական կարգով ձերբակալվել է և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնում պահվել շուրջ 4 ժամ: Ա. Դեմիրխանյանը փորձեց պարզել, թե ինչ հիմքով է հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը նշում, որ ոստիկանությունը անօրինական կարգով է սահմանափակել հավաքը: Ի պատասխան՝ հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով ՀՀ ոստիկանությանը հավաքը սահմանափակելու լիազորություն վերապահված չէ, մինչդեռ, ՀՀ ոստիկանության աշխատակցներն, ի սկզբանե փակելով փողոցն ու մայթերը և թույլ չտալով հավաքի մասնակիցներին մոտենալ հանձնաժողովի շենքին, սահմանափակել են հավաքը, որն այդպես էլ չի կայացել:
Ա. Դեմիրխանյանը հայտարարությամբ նշեց, որ ոստիկանությունը չի սահմանափակել հավաքը, այլ ղեկավարվել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով, որի համաձայն իրավունք ունի ժամանակավորապես սահմանափակելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին` իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար` այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով:
Հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը խնդրեց պարզաբանել, թե որոնք են եղել երթևեկության ժամանակավոր սահմանափակման նպատակները:
Ա. Դեմիրխանյանը նշեց, որ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ապահովել որոշ շենքերի, այդ թվում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի ազատ ելքն ու մուտքը:
Հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը հարցրեց, թե արդյոք, փողոցը և մայթը փակելով, հնարավոր էր ապահովել հանձնաժողովի վարչական շենքի ազատ մուտքը և ելքը: Հարցին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը դրական պատասխան տվեց, նշեց, որ եթե հավաքի մասնակիցները բարձրանում էին դեպի հանձնաժողովի շենք, ոստիկանությունը չէր կարող այլ բան անել, քան իր կենդանի շղթայով փակել դեպի վերև տանող ճանապարհը: Տաթևիկ Սիրադեղյանը հարցրեց, թե արդյոք ճանապարհը փակելով ապահովվել է այլ անձանց և հանձնաժողովի աշխատակիցների ազատ մուտքն ու ելքը, դրան տրվեց միանշանակ պատասխան՝ իհարկե ապահովվել է:
Հակընդդեմ հայցվոր Տարոն Սիրադեղյանը հայտարարության հետ կապված հարցրեց, թե ինչպես է ոստիկանությունը տեղեկացել, որ հավաքի մասնակիցների կողմից պետք է փակվեր հանձնաժողովի վարչական շենքի մուտքը: Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ ոստիկանությունն իրավունք ունի արգելել մոտենալ շենքին, այդ պատճառով փակել է ճանապարհը:
Այնուհետև, հակընդդեմ հայցվորի ներկայացուցչին հարց ուղղեց նախագահող դատավոր Հ. Այվազյանը, մասնավորապես, դատարանը փորձեց պարզել, թե հավաքն ինչ բնույթ է կրել և ում կողմից է նախաձեռնվել: Հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ հավաքը կազմակերպվել է 2014 թ. հունիսի 18-ին մի խումբ քաղաքացիների կողմից, եղել է շտապ հավաք, կրել է խաղաղ բնույթ, ավելին հավաքի մասնակիցների մոտ զենք կամ որպես զենք գործադրվող առարկաներ չեն եղել, հավաքի մասնակիցներից մեկը հավաքի մեկնարկին բարձրախոսով հայտարարել է, որ իրենք ցանկանում են մոտենալ հանձնաժողովի շենքին և իրենց դիրքորոշումը ներկայացնել հանձնաժողովի անդամներին, նրա կողմից բռնության և անօրինական գործողություններ կատարելու կոչեր չեն եղել, հավաքը կրել է խաղաղ բնույթ, սակայն այն այդպես էլ չի կայացել:
Հակընդդեմ հացվորի ներկայացուցիչը ապացույցներ ներկայացնելու միջնորդություններ չներկայացրեց, նշեց, որ բոլոր ապացույցները հակընդդեմ հայցադիմումին կից ներկայացվել են դատարան, նոր ապացույցներ ունենալու դեպքում, դրանք կներկայացվեն դատաքննության համապատասխան փուլում:
Այսպիսով, գործը համարելով դատաքննությանը նախապատրաստված, նախագահող դատավորն ավարտեց նախնական դատական նիստը: Սույն գործով դատաքննությունը նշանակվեց 2015 թ. մայիսի 18-ին, ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ 2014 թ. հունիսի 23-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի կայացման օրը, մի խումբ անձինք նախաձեռնել էին բողոքի ակցիա, որը մեկնարկել էր Երևան քաղաքի Սարյան փողոցում: Հավաքի մասնակիցները ցանկացել էին երթով մոտենալ հանձնաժողովի վարչական շենքի մոտ և իրենց պահանջները ներկայացնել հանձնաժողովի անդամներից որևէ մեկին: Սակայն, ոստիկանության աշխատակիցները շղթայել էին Սարյան փողոցից դեպի հանձնաժողովի վարչական շենք տանող Ֆրիկ փողոցը, այնուհետև, ֆիզիկական ուժ կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ, նրանցից 27 մասնակիցներ ձերբակալվել էին և տեղափոխվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին, որտեղ կազմվել էին վարչական իրավախախտում կատարելու արձանագրություններ: