Էական հանգամանք Գյումրիի սպանդի գործով
14:45, April 17, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԳյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանությունից ավելի քան 3 ամիս է անցել, սակայն քննությունը հանրությանը հուզող հարցերի պատասխանը դեռ չի տվել: Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, որ այս ընթացքում միայն մեկ էական նշանակություն ունեցող հանգամանք է պարզվել: Դա այն է, որ հայկական քննչական խմբի կողմից իրականացված քննչական գործողությունների շրջանակներում պարզվեց, որ դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտները կրակվել են այն զենքից, որը թողնվել էր դեպքի վայրում և ըստ տեղեկությունների՝ ամրակցված է Վալերի Պերմյակովին:
«Ուրիշ որևէ էական նշանակություն ունեցող հանգմանք դեռևս պարզված չէ: Անգամ քրեական գործ չի հարուցվել Պերմյակովի կողմից սահմանը հատելու փորձի փաստով: Բացի այդ, մենք մինչև հիմա չգիտենք, թե Հայաստանի Գլխավոր դատախազն ինչ նամակ է ուղարկել ՌԴ Գլխավոր դատախազին: ՌԴ Գլխավոր դատախազության կողմից որևէ արձագանքի բացակայության պարագայում նույնիսկ արդեն հասկանալի չէ՝ այդ նամակն ուղարկվել է, թե ոչ, և արդյոք այդ նամակն ունի այն բովանդակությունը, որի մասին հայտարարել է Գևորգ Կոստանյանը»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սաքունցը:
Նրա խոսքով՝ Պերմյակովին փոխանցելու պահանջի վերաբերյալ Կոստանյանի դիմումում նախաքննության որևէ գաղտնիք չպետք է որ լիներ: Հետևաբար այս հարցում գաղտնապահությունը խիստ ավելորդ է:
Մյուս կողմից, իրավապաշտպանի խոսքով, շատ տարօրինակ է, որ ռուսական կողմն էլ է սպանության գործով քննություն իրականացնում, այն պարագայում, երբ դա լրիվ ապօրինի է: «Այսինքն՝ մենք ունենք հետևյալը՝ կա ոճրագործություն և կա ոճրագործության մեջ կասկածվող անձ, որը գտնվում է ռուսական կողմի հսկողության տակ: Եվ հիմա ռուսական լրատվական միջոցներով այն լուրերը, որ մենք ստանում ենք ռուսական կողմի քննչական գործողությունների կամ փորձաքննության արդյունքների վերաբերյալ, դա մեզ ոչինչ չի ասում, որովհետև մենք ընդհանրապես տեղյակ չենք, թե իրականում ինչ արդյունքներ են ստացվել: Մեզ՝ որպես Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, չեն ծանոթացնում այդ մանրամասներին, որովհետև ներգրավված չենք ռուսական կողմի քննության մեջ»,- ասաց նա:
Ռուսական կողմում քննվող գործի շրջանակներում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով տուժող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: Արքուր Սաքունցի խոսքով՝ այս դեպքում ՀՀ քաղաքացու շահերը պետք է ներկայացնեն ՀՀ պետական մարմինները՝ Գլխավոր դատախազությունը, քննչական մարմինը, որոնք, սակայն, անգործություն են ցուցաբերում:
«Հայաստանի քննչական կոմիտեն ՌԴ քննչական կոմիտեի հետ ունի համաձայնագիր, այդ համաձայնագրի տեքստին մենք ծանոթ չենք, անձամբ դիմել ենք համաձայնագրի տեքստը ստանալու հարցով, բայց մեզ մերժել են: Երկրորդը, ունենք Գլխավոր դատախազի կողմից նամակ ուղարկելու վերաբերյալ տվյալ, բայց որը նույնպես չենք տեսել: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ տուժողի շահերը ներկայացնող պետական մարմինները նույնիսկ պատշաճ ներկայացված չեն ռուսական կողմի քննության շրջանակներում: Մենք տեսնում ենք երկչոտություն, շատ մեծ զգուշավորություն, եթե չասեմ պետական մարմինների կողմից անգործություն Ավետիսյանների ընտանիքի անդամների՝ որպես ՀՀ քաղաքացիների, շահերի պաշտպանության հետ կապված”,- ընդգծեց Սաքունցը:
Ըստ նրա՝ եթե պետական մարմինները քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու առումով նման վարքագիծ են դրսևորում, ապա պաշտպանության մեթոդներին ու միջոցներին պետք է դիմի հանրությունը:
Աղբյուրը՝ www.lragir.am