Մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը կրկին հետաձգվեց
11:05, April 29, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Հայկ Խաչատրյան2015 թվականի ապրիլի 28-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Հ. Տեր-Ադամյանի, շարունակվեց ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանում գործի վարույթը կարճվել էր համաներման ակտի կիրառման հիմքով:
Սույն դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանը և Միքայել Միքայելյանը, վերջիններիս պաշտպանները, գործով ներգրավված մեղադրող Անահիտ Եղիազարյանը: Բողոքաբեր, տուժողի իրավահաջորդ Մ. Խաչատրյանը չէր ներկայացել դատական նիստին:
Դատարանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստը պաշտպան Վարդուհի Էլբակյանի բացակայության պատճառով հետաձգելու ժամանակ տուժողի իրավահաջորդը բողոք է հայտնել նիստն անհարկի հետաձգելու և գործը ձգձգելու մասին ու նշել, որ հաջորդ դատական նիստին չի ներկայանալու:
Գործով նախագահող դատավոր Հ. Տեր-Ադամյանը վերաքննիչ բողոքի քննությունը տուժողի իրավահաջորդի բացակայությամբ շարունակելու վերաբերյալ ճշտեց դատավարության մասնակիցների կարծիքները:
Մեղադրող Ա. Եղիազարյանը նշեց, որ տուժողի իրավահաջորդը բողոքել է դատական նիստերը ձգձգելու դեմ, սակայն այժմ նիստն իր բացակայության պատճառով կարող է հետաձգվել ու չնայած այն հանգամանքին, որ բողոքը ներկայացվել է հենց տուժողի իրավահաջորդ Մ. Խաչատրյանի կողմից, սակայն, քանզի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բողոքը քննում է վճռաբեկության կարգով, բողոքաբերի բացակայությունը խոչընդոտ չէ նիստն առանց նրա քննելու համար: Մեղադրողն առաջարկեց բողոքը քննել տուժողի իրավահաջորդի բացակայությամբ՝ հրապարակելով նրա կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Վ. Էլբակյանը համակարծիք էր մեղադրողի հետ, և նշեց, որ առաջին ատյանի դատարանում գործի ձգձգման պատճառը տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչի բացակայություններն են եղել: Վ. Էլբակյանին միացան վերջինիս վստահորդը, գործով մյուս ամբաստանյալ Մինաս Մկրտչյանն ու նրա պաշտպան Լևոն Պողոսյանը:
Դատավարության կողմերի կարծիքները լսելուց հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեև բողոքը քննվում է վճռաբեկության կարգով, սակայն բողոքը բերվել է տուժողի իրավահաջորդի կողմից, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հնարավորություն տալով տուժող կողմին հաջորդ դատական նիստին մասնակցել բողոքի քննությանը: Միաժամանակ նախագահող դատավոր Հ. Տեր-Ադամյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին չներակայանալու դեպքում դատարանն այդ մասով համապատասխան որոշում կկայացնի:
Վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվեց 2015 թ. մայիսի 12-ին, ժամը 12:00-ին: