Առանց դատական իշխանության անկախության չի կարող ապահովվել Պրոբացիոն ծառայության արդյունավետությունը. Արթուր Սաքունց
14:58, April 29, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Առանց դատական իշխանության անկախության չի կարող ապահովվել նման ծառայությունների արդյունավետությունը,- ՀՀ-ում Պրոբացիոն ծառայության ներդրման մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան` նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով,- որորվհետև անձը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված, եթե վերցնենք 4 փուլերից առաջինը, երբ որ արդեն պետք է ընտրվի խափանման միջոցը, այսօր դա կախված է դատարանի վերաբերմունքից, իսկ դատարանը իր վերաբերմունքի մեջ պետք է լինի անկախ, և ոչ թե գործադիրի կամքից կախված լինի»:
Արթուր Սաքունցը նշեց, որ այսօր որպես խափանման միջոց մեծ մասամբ կիրառվում է կալանքը, և, նրա խոսքով, դա պայմանավորված է «նպատակահարմարությամբ, իսկ նպատակահարմարությունը որոշվում է կա՛մ դատախազությունում, կա՛մ Բաղրամյան 26-ում, կախված այն բանից, թե քաղաքական կամ ոչ քաղաքական, կամ տնտեսական ինչ բնույթի հանցագործության մեջ է մարդը մեղադրվում»:
Այս տեսակետից Պրոբացիոն ծառայություն իրականացնողը, իրավապաշտպանի համոզմամբ, եթե նույնիսկ շատ բարձր մասնագիտական որակներով օժտված լինի, «ինչ պետք է անի, եթե դատարանը իր որոշումն արդեն իսկ պայմանավորում է ոչ թե հանգամանքներով, այլ հրահանգներով»:
Արդյունքում, նրա կարծիքով, մարդը կկորցնի իր հավատը նաև այս նոր ծառայության նկատմամբ, քանի որ կտեսնի, որ «դատարանը, որն ակնհայտորեն կարող էր որոշում կայացնել ու համաձայնել մարդուն Պրոբացիոն ծառայության մեջ ընդգրկելու վերաբերյալ, սահմանափակված է»:
«Եթե հավատը արդարադատության համակարգի նկատմամբ վերականգնվի, Պրոբացիան կարող է օգնել սոցիալական առումով, բայց երբ հավատը չկա, Պրոբացիոն ծառայությունը շատ քիչ բանով կարող է օգնել»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով նաև, որ այս պարագայում օրենսդրական բոլոր բարեփոխումները և նոր ընդունվելիք օրենսգրքերը, անգամ եթե դրանք շատ լավը լինեն, օգուտ չեն տա:
Արթուր Սաքունցը համոզված է, որ արդարադատության համակարգի բարեփոխումները պետք է սկսել հատկապես դատական օրենսգրքից:
«Հատկապես այն մասից, որը վերաբերում է դատավորների նշանակման մեխանիզմին»,- ասաց նա:
Աղբյուրը՝ pastinfo.am