Համայնքների միացման վերաբերյալ տեղական հանրաքվեները խնդրահարույց են
10:22, May 25, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՀ Կառավարության N 269-Ն որոշմամբ 2015 թ. մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի յոթ համայնքներում կազմակերպվեցին համայնքների միավորման վերաբերյալ հանրաքվե, որտեղ համայնքների բնակիչներն իրենց դիրքորոշումն էին ներկայացնում միավորման վերաբերյալ:
«Համաձա՞յն եք, որպեսզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքները միավորվեն՝ Թումանյան համայնք անվանմամբ, Թումանյան համայնքի կենտրոնով, Թումանյան, Քոբերի կայարան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերով»:
Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգով հիմնավորվում է, որ ներկայիս փոքր համայնքների ինքնակառավարման մարմինները ռեսուրսների անբավարարության հետևանքով հնարավորություն չունեն ոչ միայն արդյունավետ իրականացնել իրենց բոլոր գործառույթները, այլև տեղական ինքնակառավարման մարմնի պահպանման ծախսերը: Ռեսուրսների սակավության պատճառները բազմաթիվ են՝ բյուջեի եկամտային մուտքերի շարունակական նվազումը, հողերի չօգտագործման հետևանքով հողի հարկերի վճարման ծավալների նվազումը, բնակչության արտագաղթը: Այս իրավիճակում համայնքների խոշորացումը կարող օգնել էական արդյունքների հասնել առկա ռեսուրսների կենտրոնացման և դրանց առավել արդյունավետ կերպով տնօրինման հարցերում:
Միաժամանակ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մտահոգիչ է համարում համայնքների միավորման վերաբերյալ որոշման կայացման գործընթացում համայնքների բնակիչների ոչ պատշաճ իրազեկվածությունը, որը խոչընդոտում է նրանց բովանդակային մասնակցությանը։
Մյուս կողմից լուրջ մտահոգություններ կան համայնքների միավորման նպատակով անցկացվող տեղական հանրաքվեի կազմակերպման իրավական կարգավորումների վերաբերյալ։
ՀՀ Սահմանադրության 107 հոդվածն ամրագրում է․ «…Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով: Տեղական հանրաքվեի անցկացման կարգը սահմանվում է օրենքով»: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 110-րդ հոդվածը սահմանում է․ «Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային ժողովը համապատասխան օրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը։ Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից»։ Ակնհայտ է ՀՀ Սահմանադրության 110 և 107 հոդվածների միջև հակասությունը՝ տեղական հանրաքվեի միջոցով համայնքային նշանակության խնդիրների լուծման տեսակետից։ Ի դեպ հիշեցնենք, որ ժամանակին ՀՀ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ գտել էր, որ համայնքի բնակչությունը չի կարող նաև տեղական հանրաքվեի միջոցով որոշել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը։
«Տեղական հանրաքվեների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ՝
Հոդված 36. Տեղական հանրաքվեով ընդունված որոշման ուժի մեջ մտնելը
- Տեղական հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը հրապարակվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, եթե այդ հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան դիմում չի ներկայացվել:
- Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճով դատարան դիմում ներկայացվելու դեպքում տեղական հանրաքվեով ընդունված տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում դատարանի վճիռը հրապարակվելու պահից, եթե այդ վճռով այլ բան նախատեսված չէ:
- Տեղական հանրաքվեի միջոցով ընդունված որոշումները փոփոխվում են միայն տեղական հանրաքվեով:
Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրվում է քաղաքացիների իրավասությունը տեղական հանրաքվեների միջոցով մասնակցելու համայնքի կառավարմանը, միևնույն ժամանակ մերժվում է այդ իրավասությունը այնպիսի հիմնարար գործընթացում, ինչպիսին համայնքների միավորումն է: Մյուս կողմից «Տեղական հանրաքվեի մասին օրենքի» 36-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն տեղական հանրաքվեի միջոցով կայացվում են որոշումներ, ոչ թե արտահայտվում կարծիքներ՝ ինչպես սոցիոլոգիական հարցումների դեպքում։
Այսպիսով, նման հակասական իրավական կարգավորումները ևս բացասական ազդեցություն ունեն համայնքների բնակիչների կողմից համայնքների միավորման վերաբերյալ դիրքորոշման արտահայտման տեսակետից։
Կարելի է պնդել, որ համայնքների միավորման վերաբերյալ որոշման ընդունման մեջ համայնքների բնակչությունը ունի խիստ ձևական մասնակցություն։
Այսինքն գործ ունենք, ավելի համակարգային տեսակետից, ընտրական ինստիտուտի նկատմամբ քաղաքացիների անվստահության խորացմանը նպաստող հերթական գործոնի հետ։
Բացի առկա իրավական խնդիրները, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մտահոգված է նաև բուն հանրաքվեների անցկացման ընթացքում արատավոր երևույթների առկայությամբ:
2015թ․ մայիսի 17-ին տեղի ունեցած տեղական հանրաքվեներին ընդառաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացավ ահազանգ, որ Լոռու մարզպետարանից համայնքներին հրահանգվել է ամեն գնով ապահովել հանրաքվեների դրական արդյունքը: Քաղաքացիների մասնակցության և դրական քվեարկության ապահովման նպատակով՝ որպես վերահսկողության լծակ ներգրավվել են տվյալ համայնքների ավագանու անդամները: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ցանկի համեմատությունը տվյալ համայնքների ավագանիների ցանկի հետ (աղբյուր՝ elections.am) ցույց է տալիս, որ բացի ավագանու անդամների ընտանիքի անդամներից, որոնք առկա են գրեթե բոլոր հանձնաժողովներում, Լոռու մարզի Թումանյան և Մարց համայնքներում հանձնաժողովի անդամ են եղել համապատասխանաբար ավագանու անդամ Աշխեն Արզումանյանը և Մանուշակ Սարգսյանը (ի դեպ երկուսի դեպքում էլ հանձնաժողովի անդամների ցանկում նշված չէ հայրանունը), ինչը ՀՀ Ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում է:
«2. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154.6-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք: Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, նախարարները և նրանց տեղակալները, մարզպետները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները»:
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ստացած տեղեկատվության ավագանու անդամների նշանակումը տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում կատարվել է անմիջականորեն Լոռու մարզպետարանի հորդորով:
Այսպիսով, համայնքների միավորման գործընթացում մեր կողմից արձանագրված խնդիրները և խախտումները լրջորեն վտանգում են կարևոր փոփոխությունները, որոնք հերթական անգամ ոչ պրոֆեսիոնալ և անբարեխիղճ կատարման հետևանքով չեն ոնենա ակնկալված արդյունքները։