«Լուրջ գործոններ կան, որոնցով ոչ թե Ս. Սարգսյանն է ղեկավարվում, այլ Սուրիկ Խաչատրյանն է թելադրում»
11:51, May 25, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ես, ճիշտն ասած, մինչ այս վերջին՝ Ս. Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթերը, անդրադարձել էի Լիսկայի որդու գլխավորությամբ Զաքարյան եղբայրների նկատմամբ խմբակային ծեծին եւ մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու գործի ակնհայտ դանդաղկոտ քննությանը: Անդրադառնալով ասել էի, որ եթե հերթական անգամ արդարադատությունը կաղում է, ապա իրենք քաղաքացիներին թողնում են վենդետան՝ վրեժխնդրությունը: Ու դա օրինաչափություն է, որ եթե չի աշխատում արդարադատությունը, ապա աշխատում է վենդետան»:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով այն տեսակետներին, որոնք տարածված են հասարակության շրջանում, թե իրականում Ս. Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցները կազմակերպված կրակոցներ էին, Սաքունցն ասաց.
Ըստ իրավապաշտպանի՝ այս տեսակետից Ս. Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով քննությունը շատ կարեւոր է:«Կապ չունի, թե ով է կրակահերթեր արձակողը: Կարեւորը սա է՝ ամրագրվում է, որ Լիսկայի եւ նրա ընտանիքի անդամների կողմից նման գործելակերպը կարող է արժանանալ միայն կրակոցների միջոցով հարցերը լուծելու վերաբերմունքի: Այսինքն, եթե անգամ Լիսկան էլ կազմակերպած լինի դա, ապա նշանակում է՝ ինքը վերստին ելնում է այդ գաղափարից, որ միայն կրակոցների միջոցով, զենքի ուժով կարող են խոսել իր հետ, եւ որ իր նկատմամբ արդարադատություն չի գործում»:
«Չբացահայտվելու պարագայում մենք կարող ենք արձանագրել, որ դա միջոց էր, ճնշման միջոց հասարակության դժգոհությունը խեղճացնելու, քաղաքացիական սպասվող ընդվզումը կանխելու նպատակով, որն ակնհայտորեն գոյություն ուներ»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչով է բացատրվում Ս. Խաչատրյանի անպատժելիությունը՝ նրա՝ ռեժիմին ծառայելու անձնվիրությա՞մբ, թե՞ այլ հանգամանքներով, Սաքունցն ասաց.
«Այն, որ իշխանությունը կոռումպացված է իր ողջ էությամբ, դա անհերքելի է, եւ կոռուպցիոն շահերն են որոշիչ որոշումների կայացման ժամանակ, դա անհերքելի է: Այն, որ իշխանությունը նաեւ անպատժելիության մթնոլորտի եւ անպատժելիության մտածելակերպի ձեւավորողն ու պաշտպանողն է, դա էլ է միանշանակ: Միանշանակ է նաեւ այն, որ իշխանությունը յուրայիններին ամեն գնով պաշտպանելու վարքագիծն ունի:
Կարծում եմ՝ բացի նշված գործոններից շատ ավելի լուրջ գործոններ կան, որոնցով ոչ թե Ս. Սարգսյանն է ղեկավարվում կամ դրանց հիման վրա որոշում կայացնում, այլ Սուրիկ Խաչատրյանն է թելադրում: Այսինքն, մենք գործ ունենք այնպիսի իրավիճակի հետ, երբ կոռուպցիոն այդ համակարգի մեջ ենթական ունի այնքան դոսիե իր ղեկավարի նկատմամբ, որ ղեկավարը կաշկանդված է իր բացարձակ իշխանությունն իրականացնելու համար»:
Ըստ Սաքունցի՝ որքանով քաղաքացիներն են վտանգված Ս. Խաչատրյանի բեսպրեդելից, այնքան հենց ինքը՝ Ս. Խաչատրյանն է վտանգված, քանի որ վերջինս այլ արգումենտ իր խնդիրները լուծելու համար, քան զենքը, չի թողել.
«Երբ որ այդ դոսիեներն ունենալով սկսում են հաբռգել, ապա վտանգվում է քաղաքական իշխանության, տվյալ դեպքում Ս. Սարգսյանի իշխանության հիմքերը. Ս. Խաչատրյանն անկառավարելի է: Իսկ մենք բոլորս գիտենք, որ մարդասպանն առավել վտանգավոր է դառնում, երբ անկառավարելի է»:
Աղբյուր՝ www.galatv.am