Տրանսվեստիտների իրավունքները և Կարեն Անդրեասյանի նահանջը` մարդու իրավունքների չափորոշիչներից
17:14, May 27, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր ԱԺ-ում պետբյուջեի 2014թ․կատարողականի հաշվետվության քննարկմանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ներկայացրեց ՄԻՊ հաշվետվությունը:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով նշեց, որ չի հետևել ՄԻՊ զեկույցին:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՄԻՊ գործունեությունը, Սաքունցն ասաց. «Կոնկրետ դեպքերի արձագանքման առումով՝ ես արդյունավետության աճ եմ նկատում: Արագ արձագանքման ինստիտուտը շատ կարևոր նշանակություն ունի:
Ստանդարտների պատշաճ պահպանման տեսակետից, խոսքը վերաբերում է անձամբ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, ինքը պետք է շատ ավելի հստակ լինի, նույնիսկ՝ ավելի կոշտ:
Անդրեասյանը, մարդու իրավունքների սկզբունքների և չափորոշիչների պահպանման տեսակետից և հրապարակային պահանջներն ու մոտեցումները ձևակերպելիս, պետք է օրենքով հիմնավորվի:
Բոլոր դեպքերում, այսօր քաղաքական նպատակահարմարությունը կամ ազգային առանձնահատկությունները մեծ նշանակություն ունեն, օրինակ՝ հենց տրանսվեստիտների իրավունքների հետ կապված, Կարեն Անդրեասյանն ակնհայտ անթույլատրելի նահանջ ունի մարդու իրավունքների չափորոշիչներից:
Ի դեպ, նման նահանջները բավական զգայուն են, ինչը բավական խոցելի է դարձնում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը»:
Սաքունցն ընդգծեց նաև, որ պետք է հետևել մարդու իրավունքների չափորոշիչներին, անկախ նրանից՝ դուր է գալիս, դուր չի գալիս կամ ինչ գնահատականի կարող է արժանանալ:
«Որպես օրինակ՝ նշեմ դատական իշխանության և դատական իշխանությունում տիրող իրավիճակի մասին արտահերթ զեկույցը, ես այդպիսի մոտեցում ակնկալում եմ նաև մյուս բնագավառներում՝ կրոնական, խղճի ազատության հետ կապված, զինվորական հարցերի հետ կապված ժամանակ:
Յուրաքանչյուր դեպքում, պետք է նմանատիպ և նույնչափ հետևողական, սկզբունքային և անզիջում մոտեցումներ ունենալ:
Այդ տեսակետից ցանկալի է, որ Մարդու իրավունքների պաշտպանը չափորոշիչներից նահանջ չկատարի»,- ասաց Սաքունցը և հավելեց, որ, իր կարծիքով, միայն Պաշտպանի ինստիտուտից շատ բան կախված չէ, որովհետև Պաշտպանի ինստիտուտի առաջարկությունները, մտահոգությունները, մոտեցումները պետք է կատարվեն, այսինքն՝ պետությունն ինքը պետք է պաշտպանի ինստիտուտի կողմից ներկայացրած առաջարկությունները:
«Իշխանության մարմինները, ոչ հարգալից, ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորելով սահմանադրական մարմնի նկատմամբ, իրենք առաջին հերթին ցույց են տալիս, թե իշխանությունն ինչքանով է հակված իր պարտավորությունները կատարելուն և, մյուս կողմից, դրանով իսկ ցույց է տալիս վերաբերմունքը ՄԻՊ-ի ինստիտուտի նկատմամբ»,- ասաց իրավապաշտպանը և հավելեց, որ ցանկալի կլինի ՄԻՊ-ը ստանա աջակցություն, որպեսզի կարողանա վերահսկողություն սահմանել նաև մարզերում՝ Էջմիածնում, Սյունիքում:
Աղբյուրը՝ www.lurer.com