Հայտարարություն: «Ռազմական գործ» հանդիսանալու պատճառաբանությամբ զինծառայողը և նրա ծնողները չեն կարողանում ծանոթանալ առողջական վիճակի հետազոտման փաստաթղթերին
12:28, June 12, 2015 | Հայտարարություններ, Նորություններ, Սեփական, Սեփական լրատվություն2015 թ-ի հունիսի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին դիմած քաղաքացին հայտնել է, որ 2015 թ-ի հունվարին զինվորական ծառայության զորակոչված իր որդու՝ Ա. Բ-ի մոտ առաջացել է առողջական խնդիր, որը զորակոչվելիս չի հայտնաբերվել: Տվյալ առողջական խնդրի հետևանքով զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ: Զինծառայողի հայրը, դիմել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժշկին և պահանջել իր որդու առողջական վիճակի հետազոտման ակտի պատճենը, որին ի պատասխան, նրան հայտնել են, որ Ա. Բ-ի առողջական վիճակի հետազոտման փաստաթղթերը համարվում են «ռազմական գործ»:
Այսպիսով, վերստին արձանագրում ենք, որ պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումների կողմից շարունակվում է խախտվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված անձի իրավունքը՝ համաձայն որի յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է դադարեցնել զինծառայողներին բժշկական զննության արդյունքների եզրակացության չտրամադրելու արատավոր պրակտիկան:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
12.06.2015 թ.