Փաստաբանի դեմ քրեական գործ են հարուցել միջնորդություններ ներկայացնելու համար
10:37, July 24, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ3 տարի առաջ հոգեբուժական կլինիկայում հարկադիր բուժման ենթարկված Ժուլետա Ամարիկյանը կանչվել է ոստիկանություն, որտեղ նրան տեղեկացրել են, որ ինքը պետք է ցուցմունք տա՝ իր փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այսպես Հայրապետյանը տեղեկացել է, որ քննիչն իր դեմ բողոքել է, և դատախազությունը քրեական գործ է հարուցել քննիչի գործողություններին խոչընդոտելու հոդվածով:
«Այսպիսի բան չի կարող լինել: Քննիչին խոչընդոտելու հոդվածը չի կարող վերաբերել փաստաբանին, քանի որ փաստաբանը և քննիչն ի պաշտոնե իրար դեմ գործողություններ են անում: Բացի այդ հոդվածից, կա նաև փաստաբանի գործողություններին խոչընդոտելու քրեական հոդված։ Իմ դեմ քրեական գործ հարուցելով՝ այդ հոդվածն են խախտում: Սա նշանակում է՝ մենք քրեական, դատախազական երկիր ենք դառնում, և քաղաքացին պաշտպանվելու, փաստաբան ունենալու իրավունքից զրկված է»,- Epress.am֊ի հետ զրույցում ասել է Տիգրան Հայրապետյանը:
Փաստաբանը հիշեցրել է, որ քննիչն իր դեմ բողոքել է այն բանի համար, որ ինքը անընդհատ միջնորդություններ է ներկայացնում, խոչընդոտում է փորձաքննություններին: Հայրապետյանի կարծիքով՝ ինքն ընդամենը փորձում է հասնել նրան, որ փորձաքննություններն օրինական լինեն և վստահելի արդյունքներ տան:
Հիշեցնենք, որ իրեն հարկադրաբար բուժման ենթարկելու, 1 ամիս ազատազրկելու մասին Ժուլետա Ամարիկյանի բողոքի հիման վրա ՀՔԾ-ում ընթացող քրեական գործի շրջանակներում քննիչը երկրորդ փորձաքննությունն այն նույն փորձագետին է հանձնարարել, ով երեք տարի առաջ եզրակացություն էր տվել, թե Ամարիկյանը հոգեկան խնդիրներ ունի։ Փաստաբանը միջնորդել էր, որ այլ կազմով փորձագետներ զբաղվեն Ամարիկյանով, քանի որ նույն փորձագետները չեն կարող իրենց իսկ արած եզրակացությունը հերքել:
Հայրապետյանը տեղեկացրել է, որ երեկ փորձաքննություն, այնուամենայնիվ, կատարվել է. փորձագիտական կազմում ընդգրկված էին նախկին փորձագետներից երկուսը, միայն երրորդ փորձագետն էր հրաժարվել նույն քննությանը մասնակցելուց: 2.5 ժամ Ամարիկյանի հետ զրուցելուց հետո փորձագետներն ասել են, որ եզրակացությունը կհրապարակեն 15 օրից:
Արտերկրից փորձագետ հրավիրելու մասին Հայրապետյանի միջնորդությունը, փաստորեն, մերժվել է: Փաստաբանն ասել է, որ քննիչը դիմել է Առողջապահության նախարարություն, որտեղից ասել են, որ նշված արտասահմանցի փորձագետները չունեն Հայաստանում գործելու արտոնագիր:
«Քննիչը ոչ էլ տեղեկացրել է և հորդորել, որ փորձագետները դիմեն արտոնագիր ստանալու համար, միանգամից մերժել է մեր միջնորդությունը»,- ասել է Հայրապետյանը:
Աղբյուրը՝ epress.am