Ինչո՞ւ Կարեն Անդրեասյանը դարձավ 3-րդ «անհաջող կադրը»
21:52, January 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻնչպես տեղեկացրել ենք՝ այսօր ՀՀ մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կրկնեց Ազգային ժողովին ուղղված իր հրաժարականը, ինչը նշանակում է, որ նրա լիազորությունները դադարեցին: Մինչ ԱԺ դիմում ներկայացնելը ֆեյսբուքյան գրառմամբ օմբուդսմենը ներկայացրեց իր հրաժարականի հիմքերը: Ծավալուն գրառման մեջ, սակայն, օմբուդսմենը գրեթե ոչինչ չէր ասել: Ամենասուր նախադասությունը, որից կարելի էր ինչ-որ կերպ հասկանալ հրաժարականի պատճառը, հետեւյալն էր. «Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի Օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ»:
Մինչ ֆեյսբուքյան հանրությունը փորձում է հասկանալ, թե ինչ է ուզում ասել արդեն նախկին օմբուդսմենը, իրավապաշտպան Արթուր Սաքունցից հետաքրքրվեցինք, թե բավարա՞ր է համարում նախկին օմբուդսմենի բերած բացատրությունները: Սաքունցն այն անձանցից էր, ով Անդրեասյանի հրաժարականից հետո անմիջապես պահանջել էր բացատրություն ներկայացնել՝ դա համարելով շատ կարեւոր խնդիր գալիք օմբուդսմենների համար:
– Մարդու իրավունքների պաշտպանը հստակ չի ներկայացրել հրաժարականի պատճառը: Տվել է նկարագրություն այն իրավիճակի, որի պայմաններում նա հրաժարական է ներկայացրել: Եվ ի դեպ, տեղին է հիշել, որ նրան նախորդած ՄԻՊ-երը (Լարիսա Ալավերդյան, Արմեն Հարությունյան-Ս.Պ.), որոնք համարվեցին անհաջող կադրեր (ժամանակին Ռոբերտ Քոչարյանը Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին որակեց որպես իր «ամենաանհաջող կադր»-Ս.Պ.), նույնպես հանրությանը հստակ չեն ներկայացրել այն պատճառները կամ այն սպառնալիքները, որոնց պատճառով նրանք ստիպված եղան վաղաժամ դիմում գրել եւ հեռանալ պաշտոնից: Եվ սա փաստում է այն մասին, որ երբ որ ժամկետից շուտ հեռացող օմբուդսմենները հրապարակավ չեն ներկայացնում հրաժարականի պատճառները, ապա հաջորդ օմբուդսմենի վրա նույն բնույթի պատճառները վերստին ազդեցություն ունենում են: Այսինքն՝ չլուծված են մնում այդ սպառնալիքները եւ դրանց գործողությունը բացասական ազդեցություն է ունենում հաջորդ ՄԻՊ վրա: Այն, ինչ մենք տեսանք Կարեն Անդրեասյանի դեպքում: Միաժամանակ մենք պետք է ամրագրենք, որ սահմանադրական մարմինը, որ ունի անձեռնմխելիություն, իրականում անձեռնմխելի չէ: Սա նշանակում է, որ սահմանադրորեն ամրագրված անձեռնմխելիության ինստիտուտը չի գործում, եւ կան ավելի հզոր գործոններ, քան սահմանադրական նորմը, որոնք որոշիչ դեր են ունենում նմանատիպ դեպքերում: Եվ սա ուղղակի վտանգում է սահմանադրական նորմերի գործողությունը, որի մասին օմբուդսմենը հայտարարում է իր ֆեյսբուքյան էջում, որ եթե շարունակեր գործել 2016-ին, ավելի արդյունավետ չէր լինի: Այսինքն՝ խոսում է օմբուդսմենի գործունեության արդյունավետության սահմանափակող գործոնների մասին:
– Պարոն Սաքունց, կարելի՞ է համարել, որ 3-րդ օմբուդսմենը եւս դարձավ անհաջող կադր այս ոլորտում:
– Ես պատասխանը այսպես կձեւակերպեմ. Կարեն Անդրեասյանը, իր գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի խնդիրների մեջ խորանալուն եւ համակարգային լուրջ խնդիրներ ձեւակերպելուն զուգահեռ ըստ էության անընդունելի դարձավ թե իրեն առաջարկող (Սերժ Սարգսյան) եւ թե իրեն ընտրող (Ազգային ժողովի մեծամասնություն) ինստիտուտի համար: Սա միաժամանակ բացահայտում է, որ առաջարկող եւ ընտրող մարմինները հենց իրենք քաղաքական կամք չունեն մարդու իրավունքների ոլորտում վերցրած պարտավորությունների կատարման տեսակետից, այլապես հակադրություն չէր լինի: Ավելին՝ նրանք աշխատում են մարդու իրավունքների դեմ, որը հանգեցնում է նման առճակատմանը եւ այնպիսի իրավիճակի, որ նրանք իրենց թեկնածուին պաշտպանելու ուղղությամբ որեւէ քայլ չեն կատարում: Սա շատ վատ ցուցանիշ է մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի համար, որովհետեւ եթե նույնիսկ մարդու իրավուքների պաշտպանը որպես անձեռնմխելի ինստիտուտ պաշտպանված չէ, ապա պաշտպանված չենք կարող համարել մարդու իրավունքները: Այսինքն՝ մենք ունենք մարդու իրավուքների պաշտպանության դեմ վտանգավոր գործոններ, որոնք շարունակելու են էական ազդեցություն ունենալ հետագա ժամանակի ընթացքում: Այդ գործոնների չվերանալը վտանգելու է մարդու իրավուքների պաշտպանի ինստիտուտի հեղինակությունը եւ մենք, ցավոք, կունենանք այնպիսի պաշտպան, որը սահմանափակված կլինի այդ գործոններով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՀՀԿ-ականները «հարձակում» էին սկսել Կարեն Անդրեասյանի դեմ: Նախ, Ազգային ժողովում 2014 թվականի տարեկան զեկույցի քննարկմանը ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը նրա զեկույցը անվանեց փնթի, անատամ, իսկ Անդրեասյանին՝ անհաջող կադր: Նրան միացան այլ ՀՀԿ-ականներ եւս: Այնուհետեւ օմբուդսմենի դեմ արշավը շարունակեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որի համար առիթ հանդիսացավ Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը: