«ԱրմենՏել ՓԲԸ»-ը՝ ընդդեմ Ս. Ղ.-ի» գործով դատական նիստը հետաձգվեց
16:07, January 25, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թվականի հունվարի 25-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Բ. Գրիգորյանի, կայացավ «ԱրմենՏել ՓԲԸ»-ը՝ ընդդեմ Ս. Ղ.-ի» գործով հերթական դատական նիստը:
Դատական նիստին ներկա էր Ս. Ղ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Արայիկ Զալյանը:
Նախագահող դատավոր Բ. Գրիգորյանը նշեց, որ հաշվի առնելով Ս. Ղ.-ի առողջական խնդիրները, Դատարանը հնարավորություն է տվել պատասխանող կողմին՝ ոստիկանության միջոցով պարզելու պայմանագրի կնքման հանգամանքները, սակայն ինչպես նշեց Ա. Զալյանը, իրավասու մամինները որոշում են կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին. 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ավագ հետաքննիչ Ս. Պողոսյանի կողմից որոշում էր կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ: 2015 թվականի սեպտեմբերի 18-ին Կազմակերպությունը դիմում-բողոքով դիմել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ վերոնշյալ որոշումը վերացնելու պահանջով: 2015 թվականի սեպտեմբերի 28-ին Լոռու մարզի դատախազության կողմից կայացվել է ներկայացված բողոքը մերժելու մասին որոշում: Որից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թվականի հոկտեմբերի 10-ին դիմում է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Ս. Ղ.-ի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու և գործը նախաքննության ուղարկելու պահանջով:
Դատարանը, քննության առնելով ներկայացված դիմումը, 2015 թվականի նոյեմբերի 17-ին որոշում է կայացրել՝ այն մերժելու մասին: 2015 թվականի դեկտեմբերի 4-ին Կազմակերպությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշման դեմ:
Քանի որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը դեռևս չի ստացվել, նախագահող դատավոր Բ. Գրիգորյանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ այն նշանակելով 2016 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 10:10-ին:
Հիշեցնենք, որ «ԱրմենՏել ՓԲԸ»-ի կողմից Ս. Ղ.-ի դեմ հայց էր ներկայացվել դատարան՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ: Ըստ ներկայացված հայցադիմումի՝ Ս. Ղ.-ը առուվաճառքի պայմանագիր է կնքել Ընկերության հետ, որով պարտավորվել է կատարել վճարումներ, սակայն նրա կողմից որևէ վճարում չի կատարվել:
Ինչպես պնդում է Ս. Ղ.-ը, ինքը պայմանագիր չի կնքել վերոնշյալ կազմակերպության հետ և պայմանագրի առարկա հանդիսացող համակարգիչը երբեք չի տեսել, ավելին՝ համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ չունի:
Նշենք, որ համաձայն ՀՀ Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տրամադրած տեղեկանքի՝ Ս. Ղ.-ը հաշվառված է Դիսպանսերում:
Տես նաև՝ hcav.am