Նորք Մարաշի զինված խմբի ազատ արձակված անդամների դեմ մեղադրանքը չի փոխվել
18:20, January 25, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԶինված խմբավորման գործով կալանավորված, իսկ այսօր ազատ արձակված անձանց մեղադրանքը չի փոփոխվել: Այս մասին Lragir.am-ը տեղեկացավ նրանց փաստաբաններից:
Նշենք, որ այսօր ազատ են արձակվել հինգ հոգի՝ Լիլիթ Թորոսյանը, Նելլի Մինասյանը, Սրբուհի Այվազյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները, ովքեր անցյալ տարվա նոյեմբերի 25-ին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էին Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբավորման հետ կապերի համար: Խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել զինված խմբավորմանը մասնակցելու և ապօրինի կերպով զենք պահելու հատկանիշներով: Ըստ ԱԱԾ-ի՝ այս խմբավորումը Արթուր Վարդանյանի գլխավորությամբ նպատակ ուներ Հայաստանի տարածքում ծանր հանցագործություններ իրականացնել:
Նելլի Մինասյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը Lragir.am-ին ասաց, որ չի կարող խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումից մանրամասներ փոխանցել, քանի որ նախաքննությունը գաղտնի է: «Կալանքի անհրաժեշտությունը վերացել է, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Կալանքը ծայրահեղ խափանման միջոց է, պարտադիր չէ, որ բոլոր դեպքերում ընտրվի առավել խիստ խափանման միջոցը, հետևաբար որոշվեց կալանքը չերկարացնել»,- ասաց փաստաբանը:
Փաստաբան Սամվել Ջաղինյանը, որ Սրբուհի Այվազյանի պաշտպանն է, նշեց, որ մեղադրանքի փոփոխություն չկա, Սրբուհին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ: «Ընդամենը դատարան չեն մտել միջնորդությամբ, կալանքի ժամկետը չեն երկարացրել, որից հետո խափանման միջոց են ընտրել բնակավայրից չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը»,- ասաց փաստաբանը:
Նելլի Մինասյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նույնպես ասաց, որ աղջկան առաջադրված մեղադրանքը չի փոփոխվել, նա շարունակում է մեղադրյալի կարգավիճակում գտնվել:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը ցույց տվեց, որ հիմնավոր էին այն կասկածները, որոնք ի սկզբանե կային այդ խմբի հետ կապված: «Ի՞նչ էին անում այդ աղջիկներն այնտեղ, արդյոք այդ աղջիկները զինված հանցավոր խմբավորման անդամներ էին: Այս կասկածները հիմնավոր էին»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ անլրջության դրսևորումներից մեկը, իբր կազմակերպված հանցավոր խմբավորման, հենց կայանում էր այդ երիտասարդ աղջիկներին որպես հանցավոր կազմակերպված խմբի անդամ դիտարկելն ու նրանց նկատմամբ իրավական գործողությունների կատարումը: «Հիմա գոնե այդքան ամսով շտկվեց իրավիճակը»,- ասաց նա:
Արթուր Սաքունցի խոսքով՝ նման գործողություններով խմբի ձերբակալումը և խմբի կողմից դիմադրության բացակայությունը, միաժամանակ այդքան մեծ քանակի զենքի կուտակումը մի վայրում, որը գաղտնի չէր, արդեն իսկ խորը կասկածներ է թողնում արդյոք այդ խումբն այն ծավալով ու միտումով էր գործելու, որի մասին ներկայացվեց, թե իբր պետական պաշտոնատար անձանց է որոշել սպանել:
Բացի այդ, իրավապաշտպանը նկատում է, որ ԱԱԾ-ն հայտարարել էր, թե այդ հանցագործության մեջ ներգրավված են նաև ներկա պաշտոնյաներ: «Սկզբում հայտարարեցին, որ սա կազմակերպված ու զինված հանցախումբ էր, որին մասնակցում են նաև ներկա և նախկին պաշտոնյաներ: Նախկին պաշտոնյաներին տեսանք, բայց ներկա պաշտոնյաներից ովքե՞ր են: Ավելի շատ սա քաղաքական նպատակներով հետապնդման վարքագծի է նմանվում, քան թե բուն հայտարարված հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություն: Եթե ասում են՝ ներկա պաշտոնատար անձինք, դրանով լրջանում է հիմնավորվածությունը: Բայց եթե դա չկա, դեռևս մնում է անլուրջ»,- ասաց Սաքունցը: