Զեկույցը լուրջ խնդրի առաջ է դրել ՀՀ իշխանությանը
23:09, February 8, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններԴեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը ևս մեկ անգամ ամրապնդեց այն գնահատականները, որ հանրաքվեի արդյունքները լեգիտիմ չեն: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նկատելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը շեշտը դնում է Ընտրական նոր օրենսգրքի ընդունման վրա՝ փաստելով, որ իր նախկին առաջարկությունները չեն ընդունվել:
«Հանրաքվեի լեգիտիմությունն արդեն կասկածի տակ դրվել է ԱՄՆ դեսպանատան, Եվրամիության պատվիրակության կողմից, Human Right Watch-ի զեկույցներում: Իսկ սա հերթական մտահոգիչ զեկույցն է”,- ասաց Սաքունցը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության այս զեկույցն ամբողջովին օբյեկտիվ է: Այստեղ օբյեկտիվորեն բարձրացվել են այն խնդիրները, որոնք կապված են և քարոզչության, և վարչական լծակների օգտագործման, և ընտրական ցուցակների, և բողոքարկման գործընթացի հետ կապված խնդիրները:
Ուշագրավ է այն, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն անդրադառնում է «Այո»-ի քարոզչության համար վարչական լծակների օգտագործմանը՝ արձանագրելով, որ պաշտոնյաները ներգրավված էին քարոզչության մեջ և զգալի հանրային միջոցներ են օգտագործել քարոզչության համար՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորություններին:
Արթուր Սաքունցի խոսքով՝ այսօր նորանոր տեղեկություններ են ստացվում այն մասին, թե հանրաքվեի ժամանակ պետական կառույցների ներգրավվածությունն ու այդ կառույցների աշխատակիցների նկատմամբ պարտադրանքն ինչ ծավալի է եղել: “Շատերը վախենում են աշխատանքը կորցնելուց, դրա համար չեն բարձրաձայնում պարտադրանքի մասին, բայց բոլորն էլ հասկանում են, որ համատարած ու լայնածավալ ճնշում է եղել:
Շատ դեպքում ոչ միայն առաջին դեմքերն են ներգրավվել այդ գործընթացին, այլև իրենց ենթականերին էլ են ստիպել, որպեսզի ներգրավվեն”,- ասաց նա:
Սաքունցի խոսքով՝ այս զեկույցը բավական լուրջ խնդիրներ է առաջացնում Հայաստանի իշխանութունների համար:
«ՀՀ իշխանություններն իրենց ապօրինի և ոչ օրինական գործողություններով միջազգային հանրության համբերության սահմանը հատել են: Դա նշանակում է, որ աջակցության մասով այն ակնկալիքները, որ կային, այլևս չեն ունենա և պետք է անպայման փոփոխություն կատարեն: Հիմա, թե ինչպես կարող են դա անել, չեմ պատկերացնում այս պահին»,- ասաց նա: