Դատավորը Եվրոպական դատարան դիմելը սպառնալիք է համարում
12:52, February 20, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կարեն ՔյուփելյանԻնչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. փետրվարի 16-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Քյուփելյանին ՀՀ ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում նշանակված էր հերթական դատական նիստը:
Կ. Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի մի շարք հարցադրումներ, որոնք գործի քննության շրջանակներում էական նշանակություն կարող էին ունենալ, նախագահող դատավոր Գ. Պողոսյանի կողմից հանվեցին՝ գործին չառնչվելու պատճառաբանությամբ:
Ի պատասխան նախագահող դատավորի վերոնշյալ պահվածքի՝ Ա. Սաքունցն ասաց, որ հարցերը բխում են տուժողի շահերից և նշեց, որ դատարանը կաշկանդված չէ կատարված նախաքննությամբ և չպետք է խախտի տուժողի իրավունքներն ու օրինական շահերը: Միաժամանակ, Ա. Սաքունցը, գտնելով, որ Դատարանը խոչընդոտում է իր կողմից վկայի հարցաքննությանը, հրաժարվեց հարցեր ուղղել վկային:
Ա. Սաքունցը հավելեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կճանաչի այս խախտումը, ինչին դատավոր Գ. Պողոսյանը հակադարձեց՝ Դուք սպառնու՞մ եք դատարանին:
Ի պատասխան Ա. Սաքունցը նշեց, որ Դատարանը սպառնալիք է համարում Եվրոպական դատարան դիմելը: