«Ընտրական նոր օրենսգիրքը, գործողի համեմատ, նույնիսկ մի քանի քայլ հետ է». Արթուր Սաքունց
15:52, March 9, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՎերջին օրերին բազմաթիվ կարծիքներ հնչեցին, որ Կառավարության հաստատած ընտրական նոր օրենսգրքի նախագիծը, նախորդի հետ համեմատած, ունի մի շարք բացասական կողմեր, որոնցից է` ընտրությունների ժամանակ լրատվամիջոցների և դիտորդական կազմակերպությունների աշխատանքի սահմանափակումը և այլն: Բացի այդ, շեշտվում է, որ այս փոփոխություններով մեծանում է իշխանությունների կողմից ընտրակեղծարարությունը, ինչն այսուհետ նրանք առավել անարգել կիրականացնեն:
«Այն, որ իշխանությունների կողմից պարբերաբար, անկախ իշխանության անվանումից, ընտարկեղծիքները եղել են որպես հիմնական գործելակերպ, դա նորություն չի: Ընտրական օրենսգրքով չի պայմանավորված ընտրակեղծիքների փաստը կամ ընտրակեղծիքների հնարավորությունը: Ավելին ասեմ, մենք Ընտրական օրեսգիրքը դիտարկում ենք այն տեսակետից, թե արդյոք` ելնելով ընտրակեղծարարության մեր «հարուստ փորձից», ԸՕ-ն հանարավորություն տալի՞ս է արձանագրելու, բացահայտելու, կանխելու այն, և երկրորդ` հասնելու նրան, որ ընտրակեղծիք կատարած անձը կամ անձինք պատասխանատվության ենթարկվեն: Այ սա´ է ԸՕ-ի հիմնական իմաստն ու բովանդակությունը, և այս տեսակետից, այդ հնարավորությունների տեսակետից ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ ընտրական նոր օրենսգիրքը մի քանի քայլ նույնիսկ հետ է գործող ԸՕ-ի համեմատ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` խոսելով ԸՕ-ի նոր նախագծի ռիսկերի մասին, ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքով` փոփոխված ԸՕ-ով ավելի են նվազում և սահմանափակվում հասարակական վերահսկողության կողմից խախտումների բացահայտման, կանխման գործիքները: «Սա է հիմնական մտահոգող խնդիրը: Թե չէ` իշխանությունները հո Ընտրական օրենսգրքո՞վ չեն խախտումներ անում»,- կարծիք հայտնեց Սաքունցը: