«Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատաքննությունից պարզվում է, որ հանձինս ՀՀ իրավապահների, մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում աջակից չունենք». Արթուր Սաքունց
16:08, March 9, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիք«Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարությունը հստակ արձանագրում է հետևյալը` այս դատական նիստերով նախաքննության մարմինը բազմակողմանի օբյեկտիվ նախաքննություն չի իրականացրել, շատ հարցեր, որոնք բացահայտվում են դատաքննության ընթացքում, փաստորեն չէին արձանագրվել նախաքննության մարմնի կողմից: Դրանք այնպիսի ակնհայտ փաստեր են, որոնք չէր կարող չնկատել նախաքննության մարմինը և այդ փաստական հանգամանքներն անտեսելով` խուսափել է իրավական գնահատական տալուց, մասնավորապես ՀՀ իրավապահ մարմինների ոչ պատշաճ գործողությունների մասով»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` խոսելով Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարության վերաբերյալ իր տպավորությունների, ինչպես նաև` բացթողումների մասին, ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Երկրորդ խնդիրն, ըստ Սաքունցի, այն է, որ այս գործով դատաքննության ընթացքում խարխլվում է նաև Պերմյակովի դրդապատճառը. «Պաշտոնական այն վարկածը, որը քրեական գործի հիմքում էր դրվել որպես Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության դրդապատճառ, ամբողջությամբ կասկածի տակ է դրվում, ավելին, նույնիսկ կարող է հերքվել: Շատ կարևոր հանգամանք է այն, որ դատարանը համառորեն շարունակում է դատական նիստերի անցկացումը ռուսական բազայի տարածքում, և փաստացի մենք տեսնում ենք, որ ինչպես նախաքննության մարմինն էր կաշկանդված, այնպես էլ դատարանն է կաշկանդված ռուսական կողմի համառությամբ, որն ամբողջ պրոցեսը պահում է իր հսկողության ներքո»,- շարունակեց մեր զրուցակիցը` հավելելով, որ կարևոր հանգամանք է նաև ռուս-հայկական պայմանագրի (թե´ ռուսական բազայի, թե´ սահմանապահ ծառության հետ կապված) ձևական նշանակություն ունենալը: «Ըստ էության, այդ պայմանագիրը, ձևական նշանակություն ունի` կապված հայ-ռուսական հարաբերությունների և Ավետիսյանների ընտանիքի այս սպանության գործի հետ: Ակնհայտ երևում է, որ ՀՀ քաղաքացին` հանձինս իր իշխանությունների, պաշտպանված չէ հնարավոր ոտնձգություններից` ռուսական զինվորական ստորաբաժանումների կողմից»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը` նշելով, որ Պերմյակովի դրդապատճառի հանգամանքն իրենք հատուկ ուշադրության կենտրոնում են պահելու. «Որովհետև առանց այդ հարցի պարզաբանման, ո´չ մենք, ո´չ էլ հանրությունը չենք կարող վստահություն ունենալ, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը բացահայտված է»:
Հարցին` կարելի՞ է ասել, որ ձևական դատավարություն է ընթանում, Սաքունցը պատասխանեց. «Ոչ, ձևական չէ: Բացահայտումը ձևական չէ: Խնդիրը կայանում է նրանում, որ այս սպանության գործով դատաքննությունում պարզվում է, որ հանձինս ՀՀ իրավապահ մարմինների, մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում աջակից չունենք»:
Արդյոք հույս կա՞, որ նման դատավարության արդյունքում երբևիցե կբացահայտվեն այս գործով սպանության հանգամանքները, հարցին էլ` այսպես պատասխանեց. «Իհարկե, միշտ այդ հավանականությունը կա, որ շատ հարցեր դեռևս իրենց պարզաբանումը կստանան այս դատաքննության ընթացքում, բայց պատասխանների առումով գուցեև հնարավոր չլինի: Այն հիմնական հարցերը, սակայն, որոնք վերաբերում են հանցագործության ամբողջ պատկերը բացահայտելուն, դրանք իրենց ձևակերպումը հստակ կստանան: Պատասխանները, ցավոք սրտի, մենք կարող է և չստանանք, բայց պատասխանների հիմնական հասցեատերը ՀՀ իրավապահ մարմիններն են»,- եզրափակեց Ա. Սաքունցը: