Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով ևս երեք վկա կհարցաքննվի
14:17, May 2, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք, Պացիենտների իրավունքներ | Կարինե Հովհաննիսյան2016 թ. ապրիլի 29-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Վահե Խալաթյանի, կայացավ Արմավիր ԲԿ բժշկուհի Ա. Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Հիշեցնենք, որ Դատարանի որոշմամբ ամբաստանյալ Ա. Պետրոսյանի մասնակցությամբ երկու քրեական գործերը քննվում են մեկ վարույթում:
Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդների շահերը ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը:
Այս դատական նիստին հետազոտվեցին գործում առկա ապացույցները, հարցաքննվեց ամբաստանյալ Ա. Պետրոսյանը, որն իր ցուցմունքով ևս չնդունեց իր մեղքը, նշեց որ իր կողմից իրականացվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները և գործողությունները: Ա. Պետրոսյանը երեխաներին այդ օրը հիվանդանոց ընդունելու և վերջիններիս նշանակված բուժումները վերարտադրելուց հետո փորձում էր դատարանին և կողմերին բժշկական տերմիններով ներկայացնել շոկի տեսակները՝ նշելով որ Կ. Հովհաննիսյանի մոտ շոկ չի եղել, և վերակենդանացման բաժանմունք տանելու անհրաժեշտություն չի եղել: Ա. Պետրոսյանին իր ցուցմունքի վերաբերյալ հարցեր կուղղվեն մյուս դատական նիստի ժամանակ:
Քանի որ հետազոտված էին բոլոր ապացույցները, Դատարանը քննարկեց Ա. Պետրոսյանի փաստաբանի կողմից դեռևս առաջին դատական նիստի ժամանակ ներկայացված և քննությունը հետաձգված միջնորդությունը, և որոշեց դատարան հրավիրել ևս երեք վկաների:
Դատախազ Գ. Ալոյանի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2016 թ. մայիսի 4-ին՝ ժամը 11:30-ին:
Հաջորդ դատական նիստին կողմերը հարցեր կուղղեն ամբաստանյալ Ա. Պետրոսյանին, ապա կլսեն դատարան հրավիրված վկաներին:
Տես նաև՝ hcav.am