Քրեակատարողական հիմնարկում ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու գործով կկայանա դատական նիստ
17:26, May 10, 2016 | Մամլո հաղորդագրություններ | ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն, Քրեակատարողական հիմնարկներՏեղեկացնում ենք, որ 2016 թ. մայիսի 11-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արմեն Շամիրյանի կողմից ՔԿՀ ղեկավարության հովանավորչությամբ բջջային հեռախոսների ապօրինի վաճառք կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու վերաբերյալ որոշման դեմ Ա. Շամիրյանի և վերջինիս ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Արմեն Շամիրյանի շահերը ներկայացնում է ՀՀ Փաստաբանական պալատի փաստաբան Տիգրան Սաֆարյանը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը մեկ տարի անց՝ 2015 թվականի դեկտեմբերի 23-ին, կարճվել էր: Քրեական գործը կարճելու մասին վերոնշյալ որոշումը Ա. Շամիրյանի և վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Տ. Սաֆարյանի կողմից բողոքարկվել է նախ՝ վերադասության, ապա՝ դատական կարգով: