Անզոր Կարապետյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քննությունն օբյեկտիվ չի եղել
18:23, May 23, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել 2016 թ. հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանը տուժողի իրավահաջորդների շահերը ներկայացնում է նաև Անզոր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Այս քրեական գործով 2016 թ. ապրիլի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից որոշում է կայացվել ծեծկռտուքի մյուս մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Վերոնշյալ որոշմամբ ծեծկռտուքի մասնակիցների գործողությունները, այդ թվում՝ Անզոր Կարապետյանին մարմնական վնասվածքներ հասցնելը, դիտարկվել են որպես ինքնապաշտպանություն:
Քննիչի այս որոշումը բողոքարկվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանի կողմից: Ա. Չատինյանի դիտարկմամբ՝ արդյունավետ քննություն չի իրականացվել, և ապացույցներ ձեռք են բերվել միայն Ա. Կարապետյանի կողմից մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ, իսկ մյուսների գործողությունների վերաբերյալ որևէ ապացույց ձեռք չի բերվել:
Ավելին՝ վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու համար Ա. Կարապետյանի մարմնական վնասվածքների պատճառներն ու դրանց առաջացման մեխանիզմները՝ չնայած որ իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն: Ինչից հետևում է, որ գործում առկա ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման:
Ինչ վերաբերում է հարցաքննված անձանց կողմից տրված ցուցմունքներին, ապա վարույթն իրականացնող մարմինը, ունենալով իրար հակասող ցուցմունքներ, առանց որևէ հիմնավորման՝ արժանահավատ է համարել միայն ծեծկռտուքի մասնակիցների ցուցմունքները, այն դեպքում, որ վերջիններս հնարավորություն են ունեցել տրվող ցուցմունքների շուրջ համաձայնության գալու, քանի որ հարցաքննությունը դեպքից մի քանի օր անց է տեղի ունեցել:
Վարույթն իրականացնող մարմինը, ուշադրության չարժանացնելով նաև Ա. Կարապետյանի մոր ցուցմունքն այն մասին, որ ծեծկռտուքը կանխելու նպատակով երկու անգամ ոստիկաններ են մոտեցել խմբին, միջոցներ չի ձեռնարկել վերոնշյալ ոստիկանների ինքնությունը պարզելու և հարցաքննելու ուղղությամբ:
Հաշվի առնելով վերոնշյալը ՝ պահանջվել է վերացնել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը: