Գլխավոր հարցը, որից փորձում է խուսափել իշխանությունը
19:15, May 23, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Ինչպե՞ս եք գնահատում 800 հա տարածքի կորստի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը։Սա պարտությո՞ւն է, թե ոչ, պե՞տք էր պայքարել այդ հողերը հետ բերելու համար, թե ոչ։
Տարածքները հետ վերադարձնելու, դրանք կարուստ համարել-չհամարելու շուրջ խոսակցությունն, իմ խորին համոզմամբ, ավելի շատ խոսակցություն է հետևանքների մասին, և որոշ դեպքերում նույնիսկ գուցեև կանխամտածված, որը մեզ հեռացնում է բուն պատճառներին անդրադառնալուց։ Օրակարգում պետք է լինի այն, թե որոնք են այն պատճառները, որոնք հանգեցրին այսօրվա իրավիճակին, այդ թվում տարածքային փոփոխությունների՝ մինչև ապրիլի սկիզբը հաստատված դե ֆակտո դիրքերից։ Այդ առումով, երբ հարցերը չեն քննարկվում պատճառների ուսումնասիրության և պատճառների մեջ խորանալու հետ կապված, այլ հետևանքների հետ կապված, կարծում եմ, որ մենք հերթական անգամ չենք լուծում որևէ խնդիր։
Իշխանությունները հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարի մասին։
Կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության ոչ պատշաճ գործողությունների մասին բազմիցս խոսվել է, որն ունի նաև կոնկրետ դրսևորումներ։ Նկատի ունեմ այն, որ այդ ամենը փաստերով է բացահայտվում, որպիսին հանդիսանում է նաև 4 օրում 92 մահվան փաստը։ Ինձ համար առավել քան զարմանալի ու անընդունելի է, երբ մարդկանց մահվան հանգեցրած պատճառները չեն դիտարկվում որպես գլխավոր խնդիր, որով էլ պայմանավորված են այն բոլոր հարցերը, որոնցից մեկն էլ այդ 800 հա տարածքի կորուստն է։
Հայաստանի իշխանությունը 1994 թվականի զինադադարի կնքումից հետո, ըստ էության, մատը մատին չի խփել՝ երկրի թե տնտեսության, թե պաշտպանության, թե սոցիալական, թե քաղաքական ոլորտներում։ Այսինքն՝ մենք գտնվում ենք նույն պայմաններում, մոտեցումների այն նույն շրջանակում, որը ձևավորվել էր դեռևս 1994 թվականի հրադադարի հաստատումից հետո։ Այսինքն՝ մենք 22 տարի վատնել ենք ժամանակը։ Այդ 22 տարին հնարավորությունների մեծ կորուստ է, որոնք այդպես էլ չեն օգտագործվել, կորուստ է մարդկային կյանքերի, կորուստ է երկրի, պետության շինարարության, ինստիտուցիոնալ զարգացման, որն էլ հանգեցրել է տարածքների կորստի։ Բայց տարածքը չի մեր նպատակը։ Տարածքն առանց ժողովրդի, առանց պետական մարմինների արդյունավետ գործունեության իրապես դառնում է անբովանդակ։ Ու երբ բանավեճի հիմքում դրվում է տարածքները հետ վերցնելու հարցը, դա, իմ կարծիքով, մեզ հեռացնում է բուն պատճառներից։ Ես կարծում եմ՝ դրանով շատ շահագրգռված է նաև Սերժ Սարգսյանը, որը տուրք է տալիս այդ խոսակցություններին, որովհետև ինքը կցանկանար, որ խոսակցությունը հենց դրա շուրջ լինի, ոչ թե պատճառների։ Մենք տեսնում ենք, որ նա բացարձակապես չի անդրադառնում քաղաքական պատասխանատվության խնդիրներին, կոռուպցիոն համակարգին, որպես այդ ամենի պատճառի։ Երբ Սերժ Սարգսյանն ազատում է բարձրաստիճան սպաներին, բայց չի խոսում նրանց հեռացման պատճառների մասին, ու դրա շուրջ դիսկուսիա չի ծավալվում, դա ձեռնտու է իրեն։ Հերթական անգամ նա պատասխանատվությունից խուսափելու, պատասխանատվություն չվերցնելու, պատասխանատվություն չկրելու հնարավորությունն է ստանում։
Ճիշտն ասած, այս ամբողջ իրավիճակը պայմանավորված է նրանով, որ իրենք շատ լավ գիտեն, որ այս ամենն իրենց ապաշնորհ քաղաքականության հետևանքն է։ Նրանք նաև լավ գիտակցում են հասարակության ընդվզման մղումները և փորձում են նման հետևանքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ բանավեճով հերթական անգամ հետաձգել պատասխանատվություն կրելու անհրաժեշտությունը։ Այստեղ մենք չպետք է պարփակվենք ու ընդգրկվենք կեղծ դիսկուսիայի մեջ, որովհետև եթե մենք շարունակենք այսօրվա մոտեցումը, ապա վստահեցնում եմ, որ էլի կորուստներ կունենանք, ոչ միայն տարածքների, այլև մարդկային կյանքերի, պետական ինստիտուտների կազմալուծման առումով։ Մենք աչքակապությամբ զբաղվելու համար ժամանակ չունենք։
Հիմնական հարցը հետևյալն է. որո՞նք են այն հանգամանքները, որոնց հետևանքով մենք ունենցանք այդ 92 զոհը։ Այդ հանգամանքների ուսումնասիրության միջոցով մենք նաև համակարգային հարցերն ենք բացահայտելու, որովհետև դրա հետ է կապված թե ֆինանսական, թե տնտեսական, թե անվտանգության ապահովման քաղաքականությունը։ Եթե մենք դա չդարձնենք վերլուծության առարկա, չենք կարող հավակնել, որ կունենանք այնպիսի փոփոխություններ, որոնցով կկանխենք հետագա կորուստները։ Մենք որպես պետություն հանդես գալու և պետական ինսիտուտների պատասխանատվությունը ձևակերպելու, պետական ինստիտուտների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու խնդիր պետք է դնենք, ոչ թե հավաքվենք ու ասենք՝ գնանք ազատագրենք, կամ ասենք՝ ով ուզում է, թող գնա ազատագրի։ Այդ երկու մոտեցումները բացարձակապես տեղ չունեն պետություն հասկացողության մեջ։ Սա շատ կարևոր է։
Հիմա անուններ չեմ ուզում հնչեցնել, բայց մոտեցումները, թե հավաքվենք գնանք, ազատենք, մյուսն էլ թե՝ եթե ուզում եք գնացեք ազատեք, պետական մոտեցում չի։ Քաղաքացիական հասարակության խնդիրը չէ փոխարինել պետական ինստիտուտներին։ Մենք չենք ծրագրեր կազմողն ու որոշումներ կայացնողը, բայց մենք պետք է որոշումներ կայացնողներին ստիպենք կայացնել այնպիսի որոշումներ, որոնք անհրաժեշտ ենք համարում։ Այս առումով ամենաուսանելին Գառնիի գյուղացիների որոշումն էր, որոնք ոչ թե ծրագիրը փոխում են, այլ ստիպում են, որ ծրագիրը փոխվի, որովհետև ծրագրի իրականացման որոշում կայացնող մարմինը պետք է փոխի իր որոշումը։ Մենք ոչ թե պետք է դառնանք որոշումներ կայացնողների գործողություններ կատարողը, ասելով՝ լավ, դուք չեք կարողանում, մենք կանենք, այլ ստիպել, որ իրենք կատարեն այն քայլերը, որոնք անհրաժեշտ ենք գտնում։ Եթե մենք այդ ճանապարհով չգնանք, հերթական անգամ կունենանք այնպիսի վիճակ, երբ գայլերը կուշտ են, ոչխարները ողջ։ Սա անհեթեթ և անթույլատրելի տարբերակ է։
Վարչապետը հայտարարել է կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի մասին, տրվել են հանձնարարականներ։ Ձեր կարծիքով, այս քայլերը որքանո՞վ են իրական, և որքանով՝ իմիտացիոն։
Սա հենց այն օղակն է, որից այդքան մեծ չափով ուղղակի վախենում է իշխանությունը։ Օրակարգում դրվել է կարևորագույն հարց, և ամենագլխավոր պատճառը, որի հետևանքով այս 22 տարիների հնարավորությունները պարզապես մսխվել են։ Եվ այդ մսխման պատասխանատվությունից խուսափելու կամ պատասխանատվությունը չկրելու միտումն է, որ իշխանությունը համաձայնել է ցանկացած դիսկուսիայի, միայն թե այդ հարցը մղվի հետին պլան։ Այդ առումով այն արտահայտւթյունները, հայտարարությունները, թե՝ եկեք ուսումնասիրենք, կոռուպցիայի հետ պետք է զգույշ վարվել, խոսում է այն մասին, որ պատրաստ չեն ընդհանրապես այդ կոռուպցիոն համակարգի վերացմանը, որովհետև իրենք մխրճված են ու ներդաշնակության մեջ են գտնվում կոռուպցիոն համակարգի հետ, նրանք հենց իրենք են այդ համակարգի կրողները։ Նրանց համար կոռուպցիայի դեմ պայքարի հարցադրումը ինքնահրկիզման, ինքնասպանության զգացում է առաջացնում։ Այդ առումով, իհարկե, որևէ վստահություն կամ հիմք, որ կատարում են անհրաժեշտ քայլերը կոռուպցիոն համակարգը վերացնելու համար, չկա։
Այս պահին լրացուցիչ ուսումնասիրության կարիք չկա, պետք է միայն առնվազն սկսել քննություն պաշտոնատար անձանց նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Բեգլարյանի, Վովա Գասպարյանի, Գևորգ Կոստանյանի, Սեյրան Օհանյանի, Խաչատուրովի, Տիգրան Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ այլն։ Առնվազն կռուպցիայի հիմնական կրողների վերաբերյալ պետք է տալ հետևյալ հարցը՝ ինչով է պայմանավորված պաշտոնատար անձանց հայտարարագրերի և նրանց փաստացի ունեցվածքի ահռելի տարբերությունը, անկախ նրանից, թե ում անունով է գրանցված այդ ունեցվածքը՝ զոքանչի, կնոջ, տղայի, հորեղբոր։ Սա արդեն իսկ փաստ է, հիմնավոր կասկած կոռուպցիոն լուրջ հանցագործությունների մասին։ Պետք չի այստեղ ուսումնասիրություն կատարել, փաստաթղթերն առավել քան ակնհայտորեն ցույց են տալիս, և պետք է իրականացվի քննություն՝ փաստացի ունեցվածքի և հայտարարագրերի տարբերության առումով։ Քանի դեռ նման քայլեր չեն կատարվել, նման քրեական գործերի շրջանակներում քննություն չի սկսվել՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, անկախ իրավաբանների ներգրավմամբ, որևէ վստահություն կամ ակնկալիք, որ իշխանությունը պատրաստ է նման փոփոխություների գնալ, չի կարող լինել։
Այսինքն, կան հրատապ քայլեր, որոնք պետք է արվեն, ու այստեղ կուլակաթափության մասին խոսք չի կարող լինել։ Կա արդարադատության իրականացման պահանջ։ Կուլակաթափությունը նույն կոռուպցիայի դրսևորումներից մեկն է, որովհետև այդ 22 տարիների ընթացքում կուլակաթափ արեցին երկիրը, քաղաքացիներին, այն իմաստով, որ միջոցների ապօրինի զավթում տեղի ունեցավ։ Երբ մենք խոսում ենք պետության մասին, խնդիրն արդարադատության, իրավական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման մասին է։ Օֆշորային գոտիներում գրանցված միավորների կողմից Հայաստանում հանքային ռեսուրսների շահագործման, Հյուսիսային պողոտայի այդ խայտառակ շինարարության օրինաչափության խնդիրներ կան, որոնք ընդամենը քննության իրականացման անհրաժեշտություն ունեն։ Այդ ուղղությամբ պետք է քայլեր կատարվեն, որպեսզի մենք խոսենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին։
Ի դեպ, բոլոր այն պատճառաբանությունները, թե կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին խոսում են, իբր, ԵՄ-ից 15 մլն եվրոյի վարկ ստանալու համար, նույնպես կեղծ ձևակերպում է, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ոչ թե պայմանավորված լինի որևէ գրանտային, այդ թվում կառավարության գրանտային ծրագրի իրականացման տեսակետից, այլ պետության կենսագործունեության, գոյության տեսանկյունից։ Վտանգված է Հայաստանի՝ որպես պետության գոյությունը։ Ապրիլյան պատերազմի ժամանակ հստակ երևաց, որ հանրությունը պատրաստ է պետությունը պաշտպանելու, բայց հանրությունը չի կարող փոխարինել պետությանը, որովհետև պետությունը բաղկացած է ոչ միայն հանրությունից, այլև պետական մարմիններից։ Պետական մարմինների արդյունավետության հիմնական խոչընդոտը կոռուպցիան է, այն համակարգը, որը խժռել է բոլոր պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ռեսուրսը։ Վստահության ռեսուրսի խնդիրը կա, կոռուպցիան ուղղակիորեն ոչնչացրել է այդ վստահությունը, իսկ առանց վստահության պետություն չի կարող լինել։