Ինչը հանգեցրեց մարդկային զոհերի
19:49, June 4, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՊաշտպանության ոլորտում պաշտոնանկություններն ու ձերբակալությունները պետք է ուղեկցվեն հանրությանն այդ դեպքերի մասին լիարժեք տեղեկատվության տրամադրմամբ: Այս կարծիքին է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում:
Թեև կան որոշակի մանրամասներ, սակայն, Սաքունցի խոսքով, հանրությանը լիարժեք հիմնավորումներ են պետք: «Հիմնավորումների բացակայության պարագայում ես սա համարում եմ կամայականություն: Ինչո՞ւ կամայականություն, որովհետև ապրիլյան պատերազմից հետո բոլոր այն փաստերը, որոնք հանրային քննարկման առարկա դարձան, պահանջում էին իշխանություններից, կոնկրետ Սերժ Սարգսյանից, ամեն մի ազատման վերաբերյալ ներկայացնել հստակ հիմնավորումներ: Իսկ իրավապահ մարմիններն ամեն գործով պետք է տան հստակ բացատրություններ, թե ինչ հիմքով, ինչ հիմնավոր կասկածների առկայության հիման վրա է քրեական գործ հարուցվել ու մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում»,- ասաց Սաքունցը:
Նա Սերժ Սարգսյանին ու բանակի ղեկավարությանը հիշեցնում է, որ բառացիորեն ապրիլյան պատերազմից առաջ, երբ նույն հարցերը բարձրացվում էին, բոլորը միաբերան խոսում էին այն մասին, որ բանակում չկա կոռուպցիա:
«Իսկ հիմա իրենք իրենց այդ գործողություններով գալիս են ապացուցելու, որ՝ չէ, ինչ-որ մի բա կա: Թե ինչ, մենք չգիտենք, բայց ինչ-որ մի բան կա: Այսինքն՝ այն ժամանակ թաքցնում էին կոռուպցիոն հանցագործությունները, հիմա էլ թաքցնում են այն, թե որոնք էին այն կոնկրետ հանցագործությունները, որոնց կատարման մեջ կասկածվում են այդ անձինք: Հետևաբար, կարծում եմ, որ սրանք ընդամենը տեսարաններ են, որոնց նպատակն է որոշ չափով մեղմացնել հանրային դժգոհությունը»,- ասաց իրավապաշտպանը:
Նա նշում է, որ այս ամենի առաջին պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարը, Գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարն են:
Պատերազմ պետք չէր՝ բացահայտելու համար այն խնդիրները, որոնք գոյություն ունեին համակարգում, այդ խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնվել էր, բայց մատը մատին չէին տվել:
“Այսինքն՝ իրենց անգործության և ժամանակին միջոցներ չձեռնարկելու հետևանքով հիմա քավության նոխազներ գտնելն ընդամենը երեևացող մասն է: Նրանք կատարող էին, ինքնագլուխ չէին կարող կատարել նման հանցագործություններ: Առավել քան ապացուցվում է, որ պատասխանատու են հրամանատարները՝ ԳՇ պետը, պաշտպանության նախարարը և անձամբ Սերժ Սարգսյանը: Առանց իրենց իրազեկման մեկ ցենտ անգամ պաշտպանության նախարարությունը չի կարող ծախսել”,- ասաց նա:
Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանով 92 զոհերին ՝ Արթուր Սաքունցն ասում է, որ շարունակում է հնչեցնել այն պահանջը, որ ցանկացած մահվան գործով պետք է հստակ քննություն իրականացվի: Զոհերի պատասխանատվությունը միայն հակառակորդը չի կրում, կրում են նաև Հայաստանի իշխանությունները, որոնք պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել:
«Քառօրյա պատերազմի ընթացքում մահացության բոլոր դեպքերով պետք է քննություն լինի, և հարազատներին ու հանրությանը հստակ պետք է իրազեկեն այն հանգամանքների մասին, որոնց հետևանքով այդ մարդիկ զոհվել են: Հիշեցնեմ, որ Քննչական կոմիտեն հետևողական կերպով, նախքան ապրիլյան պատերազմը, քրեական գործեր էր հարուցում՝ հակառակորդի կողմից կրակի հետևանքով մահացության դեպքերով: Եվ ստացվում է, որ բոլոր այս 92 դեպքերով էլ պետք է քրեական գործ հարուցվի, կատարվի օբյեկտիվ, բազմակողմանի քննություն, որում պետք է ոչ միայն դիտարկել ըստ ազգային, կրոնական ատելության հիմքով վարկածը, այլ նաև հրամանատարների, պաշտպանության գերատեսչության, կոռուպցիոն հանցագործությունների ազդեցությունը: Պետք է դիտարկվի ոչ պատշաճ ղեկավարման մասը, այդ թվում՝ ոչ պատշաճ կապի, սպառազինության, անվտանգության միջոցների հարցը, որոնք էական դեր են ունեցել 92 մահացության դեպքով»,- ասաց նա:
Ըստ Սաքունցի՝ պետք է ուսումնասիրվի ու հանրությանը բացատրվի, թե ինչպես եղավ, որ 18 զինվորները կամ նրանց մարմինները հայտնվեցին հակառակորդի հսկողության տակ: «Չի կարելի, որ ռազմահայրենասիրական պաթոսով կամ տարատեսակ փոխհատուցումներով իրենց մեղսակցությունն ու անգործությունը, ոչ պատշաճ ղեկավարումը փորձեն սքողել: Առանց այդ հանգամանքների պարզաբանման, ռիսկը, որ էլի կունենանք մարդկային զոհեր, շարունակում է մնալ”,- հավելեց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ միայն ներքին ծառայողական քննությունն այս հարցում քիչ է, Սերժ Սարգսյանն ու Գլխավոր դատախազը պետք է ձեռնամուխ լինեն օրենքով սահմանված իրենց գործառույթների իրականացմանը և հարուցեն քրեական գործեր յուրաքանչյուր մահացության դեպքի փաստով: “Այն ժամանակ ոչ թե իրենք կորոշեն, թե ով է մեղավոր, մենք կորոշենք, կերևա, որ իրական պատասխանտուները ոչ միայն այդ գնդապետներն են, մայորներն են, այլ նաև՝ գերագույն գլխավոր հրամանատարից սկսած, ով գտնում է, որ թղթերով ամեն ինչ կարգին է: Այդ թղթի վրա ամեն ինչ ճշտի մոտեցումը հանգեցրեց մարդկային զոհերի»,- ասաց Սաքունցը: