Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել հարցաքննել փորձագետին և նույն օրն էլ կարճել քրեական գործը
17:32, June 7, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Էլեն ՓարսադանյանՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան գործով հարուցված քրեական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունը մասնակիորեն բավարարվել էր, և ըստ այդմ՝ պետք է հարցաքննվեր դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետը:
Հիշեցնենք, որ դատաբժշկական փորձաքննությամբ, ի պաշտպանություն Արաբկիր ԲԿ բուժանձնակազմի, որպես Էլեն Փարսադանյանի մահվան պատճառ նշվել էր ի ծնե հիվանդությունը: Տուժող կողմն իր անհամաձայնությունն էր հայտնել՝ միջնորդությամբ պահանջելով հարցաքննել լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննություն իրականացրած փորձագետին, ինչպես նաև՝ իրականացնել քննչական գործողություններ՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքների բերումով ավելի վաղ չի բացահայտվել երեխայի մոտ առկա ի ծնե հիվանդությունը, ինչի մասին հիշատակվում է դատաբժշկական փորձաքննության մեջ: Միջնորդությունը բավարարվել էր միայն առաջին մասով:
Հենց նույն օրը՝ 2016 թ. ապրիլի 16-ին, երբ կայացվել էր փորձագետին հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը բավարելու մասին որոշումը, մի շարք խախտումներով աչքի ընկած այս քրեկան գործի վարույթը կրկին կարճվել է: Հատկանշական է, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ խոսք անգամ չկա փորձագետին հարցաքննելու վերաբերյալ: Տուժող կողմը հիշյալ որոշումն ստացել է այն կայացնելուց ավելի քան մեկ ամիս անց՝ 2016 թ. մայիսի 26-ին:
Նշենք, որ ավելի վաղ նույն դեպքի առթիվ 2014 թ. փետրվարի 5-ին հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը ծանոթանալուց հետո տուժող կողմը հայտնել էր իր անհամաձայնությունը եզրակացության հետ և նշել, որ դրա վերաբերյալ իր դիրքորոշումները գրավոր ձևով կհայտնի ավելի ուշ: Սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարույթն իրականացնող մարմինը նույն օրը քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել՝ զրկելով տուժող կողմին՝ դատաբժշկական փորձաքննությանն իր անհամաձայնությունը գրավոր միջնորդությամբ ներկայացնելու հնարավորությունից:
Վարույթն իրականացնող մարմնի որոշումը բողոքարկվել էր դատական կարգով, որի արդյունքում դատարանը, արձանագրելով տուժող կողմի իրավունքների և ազատությունների խախտումները, որոշում էր կայացրել գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանի կողմից 2016 թ. ապրիլի 16-ի՝ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է վերադասության կարգով: ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն ներկայացված բողոքով տուժող կողմը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրականացվել է միակողմանի քննություն, միջոցներ չեն ձեռնարկվել պարզելու երեխայի մոտ ի ծնե հիվանդության առկայության հանգամանքները, որով պատճառաբանվում է վերջինիս մահը:
Իրականացված դատաբժշկական փորձաքննությունները, ունենալով բազմաթիվ թերություններ, չեն բացահայտել մահվան բուն պատճառը:
Անհասկանալի է նաև փորձագետին հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների միջև կապը, առավել ևս, որ վերջին որոշման մեջ հիշյալ միջնորդությունը որևէ կերպ հիշատակված չէ: